Ընդդիմությունն իրեն պահում է իշխանության նման` քննադատողներին «ռազբորկայի» է կանչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամների եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:

Իրենք` միջադեպի մասնակիցները, տրամագծորեն տարբեր բաներ են հայտարարում: ՔԳ անդամ Նարեկ Սամսոնյանի պնդմամբ՝ ինքը հարցազրույցներից մեկում կուսակցություններին աղբ էր անվանել, ինչը դուր չի եկել «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանին: Վերջինս էլ, ըստ Սամսոնյանի, իր կուսակիցների հետ եկել է կազմակերպության գրասենյակ ու հարձակվել իրենց վրա:
«7 հոգով եկան գրասենյակ, իրենց լկտի պահեցին, սադրեցին մինչեւ վերջ, իմ այն կոչերին, որ այստեղ աղջիկներ կան, այստեղ մարդիկ կան, չի կարելի, չլսեցին, ինձ Հովսեփը առաջինը հարվածեց, հենց այս աչքիս տակին, որից հետո իր հետ եկած բոլոր երիտասարդները սկսեցին ամբողջ ուժով հարվածել այդ պահին այնտեղ գտնվող մեր անդամներին»,-հայտարարել է Սամսոնյանը:

Մինչդեռ «Ժառանգության» անդամ Հովսեփ Ղազարյանը, որը դեմքի շրջանում գազային ատրճանակից կրակոց է ստացել եւ գլխի պատռվածք ունի, նշել է, որ գրասենյակ գնալուց առաջ մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Նարեկի հետ, նրան սրճարան հրավիրել, իսկ մերժում ստանալուց հետո Նարեկի հրավերով այցելել է «Քաղաքացիական գիտակցության» գրասենյակ, ընդ որում, ոչ թե 7, այլ 5 հոգով: Ի դեպ, Ղազարյանի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ միջադեպի մասնակից, «Ժառանգություն» կուսակցության անդամ Սեւադա Ղազարյանը՝ քթի կոտրվածքով:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի շուրջ զրուցել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ, սակայն վեջիններս հրաժարվեցին խոսել: Իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենց կուսակցության անդամները սադրանքի զոհ են:

-Պարո՛ն Մարտիրոսյան, արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցության ղեկավարությունը տեղյակ էր, որ կուսակցության երիտասարդ անդամները խնդիրներ ունեն «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ, հնարավո՞ր է, որ այդ կոնֆլիկտը վաղուց էր հասունացել:

-Ո՛չ, որովհետեւ այդտեղ որեւէ կոնֆլիկտային իրավիճակ չի եղել, ընդամենը շատ վատ խոսքեր են հնչել, որի ժամանակ էլ ընդամենը մեր վարչության անդամն ասել է, որ այդպիսի անհեթեթ մտքեր չհնչեցնեն: Ու դրանից հետո մեր վարչության անդամին հրավիրել են իրենց գրասենյակ ու արել են այն, ինչը այսօր բոլորին է հայտնի: Դա սադրանք է եղել, շատ պարզ սադրանք է եղել: Այնպես որ, ինչու պետք է կուսակցությունը տեղյակ լիներ, ինչ է՝ ինչ-որ քաղաքական հարց է որոշվել, ինչ-որ խնդիր է բարձրացվել, որի մասին պետք է կուսակցությունը տեղյակ լիներ:

-Ի վերջո, Ձեր վարչության անդամները «ռազբորկայի» են գնացել, նրանք փորձել են կուսակցության անունը «բարձր» պահել, դրա մասին Ձեր կուսակցությունը տեղյակ է եղել, թե երիտասարդները ինքնաբուխ են «մարտնչել»:

-Կոնֆլիկտ չի եղել, եղել է պարզ պրովակացիա:

-Տեսակետ կա, որ ընդդիմությունը եւս սկսել է հարցերը «լուծել» բռունցքների միջոցով, այլեւս չի հանդուրժում իր հասցեին հնչած քննադատությունները ու «ռազբորկաների» է հրավիրում: Ինչո՞ւ եք սկսել չհանդուրժել այն քննադատությունները, որոնք վերաբերում են Ձեր գործունեությանը:

-Այդ ի՞նչ ենք արել, այդ ո՞ւմ գլխին ենք քարով խփել, եթե ասում ենք՝ հիմար-հիմար բաներ մի խոսի, դա եղավ՝ չհանդուրժո՞ղ ենք դարձել: Եթե ձեզ վիրավորում են, սխալ տեսակ են ասում, ասում ես՝ անհեթեթություն մի՛ ասա, դա եղավ, որ անհանդուրժո՞ղ ես, եթե այո, ուրեմն անհանդուրժող ենք:

-Բայց նույն կերպ անում են նաեւ ՀՀ իշխանությունները, որոնց երիտասարդ թեւի ներկայացուցիչները եւս խնդրում են իրենց կուսակցության հասցեին քննադատական խոսքեր չհնչեցնել:

-Այսինքն, եթե ես իմ քաղաքական գործընկերների հետ ցանկանում եմ հանդիպել, զրուցել քաղաքական հարցերի շուրջ, ուրեմն նշանակում է, որ ես անհանդուրժո՞ղ եմ: Ով որ ծեծել է, նրա մասին ասեք, ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի դա մեզ հետ, պարզ է, թե այդ սադրանքն ինչի համար է եղել, որ ասեն, թե «Ժառանգություն» կուսակցությունը չի հանդուրժում քննադատությունները: Սա արվել է միտումնավոր, թե չէ ինչ կապ ուներ գազային ատրճանակն այդ վայրում, այդ պահին, ինչու են հրավիրել, հետո գազային ատրճանակ օգտագործել, ինչու են 15 հոգով 3 հոգու ջարդի ենթարկել:

-Իսկ այս հարցի հետ կապված ի՞նչ տեսակետ ունի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

-Պարոն Հովհաննիսյանին կտեսնեք, հարցը կուղղեք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս