Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն գրեթե զրոյական է դարձել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները նրան հորդորել են ձեռնպահ մնալ Հովհաննիսյանին այդ պաշտոնում առաջարկելուց: Այդ նշանակման «դեմ» արտահայտվողներն իրենց տեսակետը հիմնավորել են այն հանգամանքով, որ առանց այդ էլ Հովհաննիսյանի՝ ԱԺ նախագահի խորհրդականից պատգամավոր դառնալու հանգամանքը բազմաթիվ խոսակցությունների եւ քննարկումների առարկա է դարձել:

Ուստի, եթե նա նշանակվի արդարադատության նախարար, ապա այդ հանգամանքը նորանոր լուրերի եւ քննարկումների առիթ կարող է դառնալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը, ի վերջո, համաձայնել է «դեմ տեսակետների» հետ եւ որոշել է արդարադատության նախարարի պաշտոնի համար Սերժ Սարգսյանին չառաջարկել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Տեսնենք՝ ինչքանով կիրականանան այս լուրերը, քանի որ պնդողները կարող են առանձին շահագրգռվածություն ունենալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս