«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները համացանցում տեսաուղերձ են տարածել, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «սատանա» են անվանել: Ծայրահեղականների խոսքով` «նա վաճառել է Թուրքիան քրդական ապստամբներին և ԱՄՆ-ին», հայտնում է Deutsche Welle-ն:
Տեսաուղերձում 3 զինյալներ են: Նրանք թուրքերին Էրդողանի դեմ ապստամբության և «ԻՊ»-ին աջակցելու կոչեր են անում: Ծայրահեղականներից մեկը սպառնում է գրավել Ստամբուլը:
Իսլամիստների դեմ ռմբակոծություններ սկսելու որոշումը թուրքական իշխանություններն ընդունեցին Սուրուչե քաղաքում ահաբեկչությունից մի քանի օր անց: Սուրուչեում պայթյունի արդյունքում 32 մարդ էր զոհվել, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել: Իսկ նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիան համաձայնել է ամերիկյան ՌՕ ուժերին տրամադրել Ինջիրլիկ ավիաբազան` «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածների իրականացման համար: