Ո՞ւմ էր ձեռնտու Ռուբեն Հայրապետյանին «չեզոքացնելը». նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից «էյր Արմենիայի» սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու միջադեպից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն առևանգել են իր ամուսնուն՝ Արսեն Ավետիսյանին, երկու ժամ պահել են եւ ծեծի ենթարկել՝ ստիպելով «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին օդանավի վարձակալության համար ունեցած պարտքը վճարել Ռուբեն Հայրապետյանին: Իզաբելլան հայտնել է նաեւ, որ Գառնիկ Պապիկյանն է Արսեն Ավետիսյանին ասել, որ նա պարտավոր է գումարը Ռուբեն Հայրապետյանին վճարել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում այն «կվճարեն նրա երեխաները»: Բանն այն է, որ «Էյր Արմենիա»-ն «Տարոն-Ավիայից» «Բոինգ» ինքնաթիռ է վարձակալել, որի դիմաց պարտքը կազմել է 2.5 միլիոն դոլար: Բայց այդ պարտքը ոչ թե «Տարոն-Ավիայինն» է, այլ Արաբական Միացյալ էմիրություններում կրկին Գառնիկ Պապիկյանի կողմից ստեղծած «Ալա ինթերնեյշնլ» ընկերությանը:

Նկատենք, երբ օգոստոսի 12-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «East Prospect Fund»-ը 68 միլիոն դոլարի արժեթղթեր է մուտք արել «Էյր Արմենիայի» բալանսին, Հայրապետյանն ու Գառնիկ Պապիկյանն անմիջապես գործի անցան՝ Արսեն Ավետիսյանին «բերման ենթարկելով»:

«Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հասած տեղեկություններով՝ Արսեն Ավետիսյանը իրավապահներին բացատրություն է տվել, որ Ռուբեն Հայրապետյանն է հրահանգել իրեն ծեծի ենթարկել: Իրավապահները հարցաքննել են նաեւ Ռուբեն Հայրապետյանին, որը, ինչպես եւ սպասվում էր, հայտնել է, թե նման բան չկա, եւ ինքը չի ծեծել ու չի հրահանգել:

Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ անձանց միջեւ «ռազբորկաների» դեպքում մշտապես ծեծի ենթարկելու կամ առեւանգելու հրահանգները թիկնապահներին տալիս է Ռուբեն Հայրապետյանի անվտանգության պետը՝ Եզդի Աշոտը: Ու երբ իրավապահները խառնվում են գործին, պատժվում են շարքային թիկնապահները՝ հայտնվելով ճաղերի հետեւում: Այսինքն՝ Եզդի Աշոտն ու իր ղեկավարը մշտապես պատմությունից չոր են դուրս գալիս: Այսպիսի մի դեպքի մենք ականատես եղել ենք, երբ 2012թ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով մահացավ հիվանդանոցում, բայց ճաղերի հետեւում հայտնվեցին շարքային թիկնապահները:

Իսկ որտե՞ղ է այս պատմության հիմնական դերակատար «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի սեփականատեր Գառնիկ Պապիկյանը: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` իրավապահներին չի հաջողվել հարցաքննել նրան, քանի որ Գառնիկ Պապիկյանը երկրում չէ. այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ Սոչի քաղաքում: Ի դեպ, վերջինս, ըստ Արսեն Ավետիսյանի մտերիմների, երկիրը լքել է հենց դեպքի օրը: Ստացվում է, որ «կռիվ կինոյի» հիմնական դերակատարը «թռած է»:

Այսպիսով, գործն այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում եւ, ըստ էության, առաջիկայում Ռուբեն Հայրապետյանի եւ Արսեն Ավետիսյանի միջեւ առերեսում կլինի, քանի որ երկուսի տված ցուցմունքներում կան ակնհայտ հակասություններ: Հետաքրքիր է՝ արդյո՞ք առերեսման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը կպնդի, որ ինքը չի եղել ծեծի ենթարկողը:

Ծեծը ձեռնտո՞ւ էր նրան

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ իրականում Արսեն Ավետիսյանի համար «շահեկան» էր ծեծվածի կարգավիճակում հայտնվելը, քանի որ Ավետիսյանի դեմ պարտքի պահանջով 50-ից ավել դատական հայցեր կան: Նշված 50 պարտատերերի մեջ է մտնում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Ավիասնունդ» ընկերությունը, որի պարտքը հասնում է 400 հազար դոլարի: Բայց պարզվում է՝ օգոստոսի 12-ին «East Prospect Fund»-ի կողմից 68 միլիոն դոլարի արժեթղթերի մուտքի գործարքը չեղյալ է համարվել. օֆշորում գրանցված ընկերությունը մտադիր է հետ վերցնել արժեթղթերը՝ պատճառաբանելով, որ Հայաստանում բիզնես միջավայրն ապահով չէ: Եվ, ահա, այս ֆոնին Արսեն Ավետիսյանին ձեռք էր տալիս հայտնվել այնպիսի կարգավիճակում, որ պարտքատերերը չշտապեն գումար ուզել:

Իսկ ո՞ւմ էր ձեռնտու

Այն, որ տեղի ունեցած միջադեպը բարձրաձայնվեց, եւ հուսանք, որ արարքն անպատիժ չի մնա, դա դրական տեղաշարժ է, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, թե քանի նման դեպքեր են եղել անցնող օրերի ու ամիսների ընթացքում, որոնք գաղտնի են պահվել քրեական շրջանակների կողմից: Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ այս միջադեպին մեծ հնչեղություն տալը ամենեւին էլ պատահականություն չէ, եւ խորը արմատներ ունի: Ըստ ամենայնի, մեծ աղմուկի հովանավորները ՀՀ Կառավարության որոշ անդամներ են:

Ինչպես հայտնի է՝ 2014 թվականին քրեական աշխարհը խառնվել էր իրար: Բանն այն է, որ քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը` հայտնի Տույ մականվամբ, որը այս օրերին կալանքի տակ է, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին` Գեւորգ Մելիքյանին: Այս «ռազբորկային» խառնվել էր իշխանական վերնախավը: Երրոդմասցի Լյովիկը հովանավորվում էր Կառավարության կողմից, որ Հայաստանում կարգվի որպես թիվ մեկ քրեական հեղինակություն, մինչդեռ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ու Մհեր Սեդրակյանը, որոնք քրեական աշխարհում ազդեցիկ դեմքեր են, ամեն ինչ անում էին՝ Օշականցի Գեւորիկին սատարելու համար:

Այս պատմությունն ավարտվեց, սակայն ամիսներ անց՝ 2015թ մարտի 4-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում Լեւոն Ղազարյանը՝ Երրորդմասցի Լյովիկը, սպանվեց, եւ կառավարական ծրագիրը տապալվեց: Ուստի դատելով ստեղծված իրավիճակից՝ չի բացառվում, որ իշխանական վերնախավը երկար էր սպասել Ռուբեն Հայրապետյանի սայթաքելուն, որպեսզի կարողանար աղմուկ բարձրացնել եւ քրեական աշխարհում նրա դիրքերը թուլացնել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է ենթադրել, որ քրեական աշխարհի խմորումները չեն դադարել, եւ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի:

Քնար Մանուկյան




Լրահոս