Սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը բողոք է ներկայացրել դատարան, որը մերժել էր հարցաքննել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին և այդ հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնում է Minval.az-ը:
«Ավելի վաղ մենք նման հայց էինք ներկայացրել դատարան, սակայն նրանք մերժել են այն` որոշելով հարցաքննել միայն Ռուսլան Գերեմեևին: Այդ իսկ պատճառով մենք բողոք ենք ներկայացրել դատարան` ոչ միայն Քադիրովին, այլև Գերեմեևի ազգականներին հարցաքննելու խնդրանքով»,-ասել է նրա ներկայացուցիչ Վադիմ Պրոխորովը:
Նրա կարծիքով` սա կօգնի հայտնաբերել հանցագործության կազմակերպիչներին և պատվիրատուներին:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Քադիրովը հայտարարել էր, որ պատրաստ է ցուցմունք տալ Նեմցովի սպանության մասին գործի շուրջ, եթե դա կօգնի հետաքննությանը: Ավելի վաղ նա վստահություն էր հայտնել, որ Նեմցովի սպանությունը կազմակերպել են արևմտյան հատուկ ծառայությունները: