Իրականում ոչ բոլոր հանրապետականներն են համակրում ՀՀԿ-ին, նրա գործունեությունը եւ Սերժ Սարգսյանին: Սա հաստատում է նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ երեկվա ասուլիսի ժամանակ ցույց տալով իր արած հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ Ս. Սարգսյանը ՀՀԿ-ից կստանա 20,7%, ԲՀԿ-ից` 4,2%, ՀՅԴ-ից՝ 0,4%, ՕԵԿ-ից եւ «Ժառանգություն»-ից՝ 0,2-ական %, իսկ ՀԱԿ-ից՝ 0,1% ձայն:
Ինքը՝ Ահարոն Ադիբեկյանը, ում հարցումները միշտ հայտնի են եղել իշխանությունների օգտին կողմնապահությամբ, փաստել է, որ ՀՀԿ-ականների 0,8%-ն իր ձայնը կտա Րաֆֆի Հովհաննիսյանին, 0,1%-ը՝ Պարույր Հայրիկյանին: Այսինքն՝ ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են ուզում քվեարկել Ս. Սարգսյանի օգտին: Եթե սա Ա. Ադիբեկյանն է ասում, ապա իրական պատկերը կարող է նույնիսկ ավելի հետաքրքիր լինել: Իհարկե, նորություն չէ, որ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի եւ իշխանության թեկնածուի օգտին ոչ բոլորն են իրենց կամքով քվեարկում, քանի որ պարբերաբար շրջանառվել եւ շրջանառվում են խոսակցություններ տարբեր ոչ խոշոր պաշտոնյաների եւ պետական հիմնարկների աշխատողների՝ հարկադրաբար կամ ստիպված Հանրապետական կուսակցության կազմում ընդգրկվելու մասին՝ տվյալ աշխատանքը, պաշտոնը ստանալու, պահելու կամ չկորցնելու նպատակով:
ԲՀԿ-ի դեպքում ակնկալվում է կուսակցության բազմաթիվ անդամների՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու արդյունք՝ հաշվի առնելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ նման մի քանի ազդեցիկ ու ՀՀԿ-ամետ ԲՀԿ-ականների գոյության ու գործունեության հանգամանքը: Սակայն այստեղ Ադիբեկյանն անակնկալ է մատուցում՝ ասելով, թե ԲՀԿ-ի հիմնական ձայները կստանա Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավանաբար Ադիբեկյանը հիմնվել է ԲՀԿ-ի ոչ գործարար կազմի եւ այն ԲՀԿ-ականների առկայության վրա, որոնք իրականում դժգոհ էին գործող իշխանություններից, ԲՀԿ-ի մեջ տեսնում էին այլընտրանք եւ արդյունքում հիասթափվեցին ԲՀԿ առաջնորդի քայլից: Բայց նման ԲՀԿ-ականների՝ հիմնական մաս կազմելը կարող է այդքան էլ իրատեսական չլինել, եթե հաշվի առնենք ՀՀԿ-ի քարոզչամեքենայի եւ հարկադրական հնարքների կիրառման հանգամանքը: Համենայնդեպս, Գյումրիում Ադիբեկյանի «կանխագուշակումը» դժվար թե իրականանա:
Ր. Հովհաննիսյանը, ըստ Ադիբեկյանի հարցման արդյունքների, ԲՀԿ-ից կստանա 3,2%, ՀԱԿ-ից՝ 0,5%, ՀՅԴ-ից՝ 0,4%, ՕԵԿ-ից՝ 0,1% ձայն: Հրանտ Բագրատյանը ԲՀԿ-ից, «Ժառանգություն»-ից, ՀՅԴ-ից եւ ՕԵԿ-ից կստանա 0,1-ական % ձայն: Իսկ ԲՀԿ-ականների 0,6%-ը կքվեարկի Պարույր Հայրիկյանի օգտին:
Արդյունքները հետաքրքիր են, սակայն այլ հարց է, թե արդյոք Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել չցանկացող որոշ ՀՀԿ-ականներ եւ նաեւ ԲՀԿ-ականներ կկարողանան իրականացնել իրենց ցանկությունն առանց խոչընդոտների:
Նշենք, որ սոցիոլոգը հարցումն անց է կացրել հունվարի 18-19-ին 1650 բնակչի շրջանում:
ՀՀԿ-ՈՒՄ ՉԵԶՈՔՆԵՐ ԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ