ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՄԵՑ ՍԴ
Մամուլի ազգային ակումբի նախագահ, անկուսակցական Նարինե Մկրտչյանը երեկ դիմել է  Սահմանադրական դատարան` վիճարկելով Ընտրական օրենսգրքի` ընտրական գրավի կիրառմանն առնչվող 24-րդ, 80-րդ հոդվածների եւ 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի սահմանադրականությունը: Դիմումին կից ներկայացվել է նաեւ միջնորդություն` վիճարկվող ակտերի գործողությունը մինչեւ գործի քննության ավարտը կասեցնելու խնդրանքով:

ԶՈՒՐԱԲՅԱՆՆ Է ՀՈԳՆԱԾ
«Հռետորիկ հարցով պատասխանում եմ Զուրաբյանին, որ մեր կուսակցության անդամներն ու ես 97 թվականից դիմադրողական շարժման առաջին ճակատում ենք եղել, եթե նույնիսկ հոգնենք, ամոթ չէ: Համենայնդեպս, մեր հոգնածությունը հասարակությունը չի ընկալում, որովհետեւ իրավունք չունենք ցույց տալու: Իսկ որ 5 տարի որոշ մարդիկ կաբինետային ընդդիմություն են խաղում ու կոչ են անում մշտապես առաջին գծում եղած մարդկանց սթափվելու եւ այլ առաջարկներ են անում, մեղմ ասած, բարոյական չէ»,-«Առավոտ»-ին ասել է ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանի  հորդորներին:

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿՏԵՍՆԵՔ
ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե ինչպես է  վերաբերում  Հրանտ Բագրատյանի առաջադրվելուն եւ արդյոք ճիշտ է համարում ՀԱԿ-ի քննադատությունը Բագրատյանի որոշման վերաբերյալ, ասել է. «Եկե՛ք չքաղաքականացնենք, ես ինչ ճիշտ համարում եմ, կգրեմ»: Իսկ հարցին` կսատարի Բագրատյանին, թե ոչ, պատասխանել է. «Իմ իրավունքն է, երբ պետք լինի, կհայտարարեմ՝ կսատարեմ, թե ոչ: Այսօր ոչ մի բան չեմ ասի, ժամանակի ընթացքում կտեսնեք»:

ԲԱՅՂՈՒՇՈՒԹՅՈՒՆ Է
«Ես բայղուշությունը որպես քաղաքական կատեգորիա չեմ ընդունում: Իսկ նստել տանը ու չմասնակցել ընտրություններին՝ ասելով՝ վերջ, մեռանք եւս տասը տարի, ես բայղուշություն եմ համարում: Չե՞ս ուզում՝ քեզ հինգ տարի եւս կեղեքեն, գնա՛, գլուխդ տո՛ւր պատով, պայքարի՛: Այնքան պետք է տաս, որ պատը ծակես»,-«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ նման տեսակետ է արտահայտել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԻ ԱՓՍՈՍՈՒՄ
ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին, թե չի ափսոսում, որ նախագահական ընտրություններին չեն մասնակցում եւ չունեն սեփական թեկնածու,  ասել է. «Չէ՛, ի՞նչ ափսոսանք: Նպատակը եթե այն էր, եթե ինչ-որ բան ափսոսեինք, գոնե այս հարցում ես կարծում եմ, չէր լինի: Համենայնդեպս, ես թե՛ իմ, թե՛ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության մասով որեւէ ափսոսանք չունեմ. դեռեւս ամեն ինչ առջեւում է: Կարծում եմ՝ դեռ անպայման քաղաքականորեն ես իմ ներդրումը կունենամ»: Օսկանյանը նաեւ հայտնել է, որ «Սիվիլիթաս»-ի գործով ԱԱԾ ճնշումները շարունակվում են. «Հիմա ԱԱԾ-ն խորացել է 2009թ. «Սիվիլիթաս»-ի կողմից Մեղրիի 2 գյուղերում իրականացրած ջրամատակարարման մի ծրագրի մեջ, եւ կարծես ուղղվածությունն այն է, իբր «Սիվիլիթաս»-ը, ժողովրդական տերմին օգտագործելով, ատկատ է վերցնում»:




Լրահոս