«Վենեցիա» ռեստորանային համալիրի սեփականատեր «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Ընկերության պարտքը միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին կազմել է 9 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ «Վենեցիա»-ն պատկանում է ինքնասպան եղած գործարար Աբրամ Ամիրխանյանին: Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը տեղեկացրել է՝ այս օրերին մի շարք ֆիզիկական անձինք եւ ընկերություններ ինքնասպան եղած գործարարի ընկերությունների դեմ դատական գործեր են հարուցում: Մյուս կողմից էլ սնանկ ճանաչված ընկերությունները եւս իրենց հերթին հայցեր են ներկայացնում այլ՝ իրենց հանդեպ պարտքեր ունեցող ընկերությունների դեմ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 1-ին «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լեւոն Պետրոսյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Կոմֆորտ Ռ եւ Վ» ՍՊԸ-ն փոխհատուցի պատճառված վնասը: Իսկ թե ինչ վնասի մասին է խոսքը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
Սնանկության գործով կառավարիչը նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան «Կոմֆորտ Ռ եւ Վ» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Աբրամ Ամիրխանյանը ինքնասպան էր եղել իր ֆինանսական խնդիրների պատճառով: Ըստ լուրերի՝ նա մի գրություն էր թողել, որտեղ նշել է այն մարդկանց անունները, թե ում մեղքով է ինքը ծանր ֆինանսական կացությունում հայտնվել: