ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը խարդախության հերթական դեպքն է բացահայտել Երեւանի  հյուրանոցներից մեկում: Երեւանի բնակիչ Ա.-ն  Երեւանի բնակչուհի Լ.-ից վերցրել է 45 մլն ՀՀ դրամ՝ ԴԱՀԿ ծառայության աճուրդով Երեւանի կենտրոնում անշարժ գույք ձեռք բերելու պատրվակով, որի դիմաց վերջինիս հանձնել է կեղծ անդորրագիր՝ իբր տրված ԴԱՀԿ ծառայության կողմից: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից հայտնաբերվել է խարդախության նմանատիպ 5 դեպք, որոնց հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության կողմից հարուցվել է համապատասխան քրեական գործ:

ԱԼՎԱՐԴԻՆ ՀԱՆԵՑԻՆ
ՀՀ արդարադատության նախարարը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի հիման վրա վերջինիս նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ Ա. Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 17.01.2013թ. որոշմամբ բավարարվել է:

ՍՊԱՆԵԼ Է ՀՈՐԸ
Հունվարի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924թ. ծնված Ժորա Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ է եղել: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է Ժ. Սարգսյանի դին՝ դեմքի, կրծքավանդակի եւ ձեռքերի դաստակների կապտուկներով: Հունվարի 23-ին ոստիկանությունը բերման է ենթարկել մահացածի որդուն` 1962թ. ծնված Առուշան Սարգսյանին, որը խոստովանել է, որ հունվարի 20-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տանը կոտրված աթոռի փայտով ծեծի է ենթարկել հորը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ա. Սարգսյանը կալանավորված է:

ՓՈՂ ՉՏԱԼ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացրել է «Կեղծ արժեքներ» շարքի 5-րդ մասը, որում պատկերված է Կոտայքի մարզում կործանվող Գհուկի վանքի վիճակը՝ Երեւանում կառուցվող կաթողիկոսական նստավայրի կառուցման ֆոնին: Նախաձեռնությունը կոչ է անում սփյուռքահայերին դիտել տեսանյութը եւ զերծ մնալ սարերում վանքերի հետ գործ չունեցող կաթողիկոսին գումար հանգանակելուց՝ դրա փոխարեն այն ուղղելով առավել կարեւոր ուղղություններով: «Հայրենիքը միայն հանցագործ կաթողիկոսի գլխավորած եկեղեցին չէ: Հայրենիքը նաեւ հեռավոր գյուղերում կիսաքանդ դպրոցների մեջ դաս անող երեխաներն են: Նրանց է օգնել պետք, իսկ կաթողիկոսն իր հարյուրավոր միլիոնները վաղուց դիզել է»,-ասված է նախաձեռնության կոչում:




Լրահոս