Այսօր Armlur.am-ը տեղեկություն էր ստացել, որ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել աղեստամոքսային գանգատներով անձինք, ովքեր վերադարձել են Սևանից:
Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին ծննդյան տարեդարձ նշելու կապակցությամբ Սևանալճի շրջակայքում գտնվող հանգստյան տներից մեկում կազմակերպվել է խնջույք, որին մասնակցել է 24 անձ: Վերադառնալիս,օգոստոսի 17-ին, նրանցից 8-ի մոտ նկատվել է բարձր ջերմություն, փսխում, լուծ, որոնք դիմել են բժշկական օգնության: Այժմ նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպվել է համապատասխան բուժում, լաբորատոր հետազոտություններ(ընթացքում են):
Համաճարակաբանական հետազոտություններ են իրականացվել նաև հանգստյան տանը: Պարզվել է, որ հանգստյան տան ջրամատակարարումն իրականացվում է ափամերձ հատվածում գտնվող 3 մ խորությամբ հորից, որն առանց վարակազերծման տրամադրվում է հանգստացողներին:
Համադրելով համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները` կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է տեղային (լոկալ) բռնկում` պայմանավորված ջրային գործոնով:
Հիմք ընդունելով վերջին ամիսների ընթացքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի ակտիվացումը` ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում տնտեսվարող կազմակերպությունների ղեկավարներին` լինել բարեխիղճ և գործունեության կազմակերպման մասին տեղեկացնել ոլորտը հսկող տեսչական մարմիններին` պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերի և կանոնների պահանջները, քանի որ անպատասխանատու աշխատանքի արդյունքում տուժում է քաղաքացին: Իսկ քաղաքացիներին հիշեցնում և հորդորում ենք`հանգստյանվայր ընտրելիս հատուկուշադրություն դարձնել հանգստյան տների սանիտարահիգիենիկ վիճակին: