ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԸՆԴԴԵՄ «ԿԱՐՖՈՒՐ»-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ օրերս բազմաթիվ գործարարներ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի բացման: «Ժողովուրդ»-ին դիմած գործարարներից շատերը, որոնք առայժմ խնդրեցին իրենց անունները չհրապարակել, իրենց մտահոգությունն ու տարակուսանքը հայտնեցին առ այն, որ ֆրանսիական  հիպերմարկետների ցանցը բացվում է հենց Երեւանում, այլ ոչ թե, օրինակ,  Գյումրիում կամ Լեռնային Ղարաբաղում:
Մեզ դիմած գործարարները հիմնականում զբաղվում են մանր ու միջին առեւտրով, նաեւ` ներկրմամբ ու արտադրմամբ: Նրանք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ դեմ չեն «Կարֆուր»-ի՝ Հայաստանում հայտնվելուն. «Բայց ինչո՞ւ է «Կարֆուր»-ը գալիս հենց Երեւան, ինչո՞ւ է նպատակ դրել գրավել Հայաստանի ամենամեծ շուկան, որը Երեւանում  է: Եթե իսկապես մարդասիրական մղումներով է գալիս Հայաստան, ապա թող բացվի Գյումրիում կամ Լեռնային Ղարաբաղում կամ որեւէ այլ խոշոր քաղաքում»: Ըստ գործարարների՝ դա միտում է, որպեսզի տեղական արտադրողները փակեն իրենց արտադրանքը, որովհետեւ «Կարֆուր»-ն ամեն ինչ ինքն է ներկրելու: Բացի այդ, տեղական արտադրողներից ապրանքներ վերցնելիս չափազանց բծախնդիր է դրանց որակի եւ գնի նկատմամբ:
Այսինքն` իրենք ատամի չոփիկից սկսած մինչեւ սնունդ ներկրելու են: Ատամի չոփիկ արտադրող ընկերության ներկայացուցիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց, որ «Կարֆուր»-ի՝ Երեւանում հայտնվելուց հետո ինքն այլեւս չի կարող ատամի չոփիկ արտադրել: «Հիմա իմ արտադրանքը վաճառվում է հայկական սուպերմարկետներում, բայց «Կարֆուր»-ի հայտնվելուց հետո առեւտուրը կկանգնի: Հետո կսկսեն մրցակցել եւ բավական էժան գներով կվաճառեն իրենց ապրանքատեսակները, բնականաբար, մեծ արդյունք կստանան: Ճիշտ է, այդ էժան գները սպառողի համար լավ են, բայց ներկրողների եւ տեղական արտադրողների համար, նաեւ` պետության, վատ»,-լրացրեց նա:
Իսկ մեզ դիմած ներկրողները մտահոգված են, որ այլեւս չեն կարողանալու իրենց ներկրածը Հայաստանում վաճառել:
Նկատենք, որ տարիներ առաջ, երբ Երեւանում սկսեցին սուպերմարկետներ բացվել, որոշ ժամանակ անց բազմաթիվ մանր խանութներ փակվեցին: Դեռեւս գործող փոքր խանութներում էլ առեւտուր չի լինում, քանի որ սուպերմարկետները կլանել են շուկան: Ահա այս օրինակն աչքի տակ ունենալով՝ ենթադրելի է, թե ինչ կլինի այս հիպերմարկետի հայտնվելուց հետո: Գործարարների խոսքով՝ «Կարֆուր»-ի հայտնվելուց հետո աստիճանաբար կփակվեն նաեւ Երեւանում գործող խոշոր սուպերմարկետները, ինչի հետեւանքով  պետությունը բազմաթիվ աշխատատեղեր կկորցնի:
«Եթե այդ խոշոր հիպերմարկետը բացվի Հայաստանում, մենք սկսելու ենք բողոքի ակցիաներ կազմակերպել, որպեսզի գոնե այդ կերպ պաշտպանենք մեր իրավունքները եւ շարունակենք պահպանել մեր դիրքը հայաստանյան առեւտրային շուկայում: Երեւանում այդ հիպերմարկետի հայտնվելուց հետո գուցե սպառողի համար լավ լինի, եւ ապրանքներն էժան գնով վաճառվեն, բայց դա ոչ ոքի դեռ հայտնի չէ»,-նկատեցին դժգոհ գործարարները:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս