ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՏԱՆԻՔԱՊԱՏՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն անցած տարվա նոյեմբերի 30-ի համարում անդրադարձել էր Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 շենքի հետնամասում իրականացված շինարարական աշխատանքներին, որոնք սկսվել էին դեռ 2012թ. օգոստոսին: Շրջանառվող լուրերի համաձայն` կառուցվում էր գազալցակայան, որի տերը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է:
Ամիսներ առաջ քաղաքապետարանից տեղեկացել էինք, որ այդ տարածքը պատկանում է «Դանիկո» ՍՊԸ-ին, որը շինաշխատանքներ իրականացնելու թույլտվություն չունի: Նոյեմբերի 12-ին ապօրինի շինարարություն իրականացնելու համար քաղաքապետարանը «Դանիկո» ՍՊԸ-ին տուգանել էր 200 000 դրամի չափով: Սակայն դրանից հետո ՍՊԸ-ն շարունակել էր աշխատանքները, ինչի պատճառով քաղաքապետարանը երկրորդ անգամ էր տուգանք կիրառել` այս անգամ արդեն 2,5 մլն դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի պրիմ. 1 կետի ¥պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը), հարուցվում է քրեական գործ:
Մենք տեղեկություններ էինք ստացել, որ տուգանքների կիրառման հենց հաջորդ օրը շինարարական աշխատանքները շարունակվել են, բայց ավելի ուշ դրանք դադարեցվել են: Արդեն այս տարի՝ հունվարի 28-ին, մեզ տեղեկացրին, որ տվյալ տարածքում կրկին աշխատանքներ են կատարվում: «Ժողովուրդ»-ի՝ այնտեղ գտնվելու պահին տարածքում ոչ ոք չկար, աշխատանքներ եւս չէին իրականացվում, բայց մի բան պարզ էր. շինության մի հատվածի տանիքը կառուցապատվել էր, ինչը չկար մեր նախկին այցելության ժամանակ:
Արդյոք քաղաքապետարանը տեղյակ է տվյալ հատվածում շինաշխատանքների իրականացման մասին՝ փորձեցինք պարզել քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանից: Նա մեզ տեղեկացրեց, որ այդ հատվածում ապօրինի շինարարություն իրականացնող «Դանիկո» ընկերությանը քաղաքապետարանը երկու անգամ ենթարկել է վարչական տույժի, որից հետո առաջացող հետեւանքների հետ իրենք գործ չունեն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանն էլ մեզ տեղեկացրեց, որ փաստի առթիվ ոստիկանության Գյումրու բաժնում նյութեր են նախապատրաստվում:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս