ԻՆՉՈ՞Ւ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկա լինելով Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին Տավուշի մարզի 4 տարածաշրջաններում՝ Իջեւանում, Դիլիջանում, Բերդում եւ Նոյեմբերյանում, արձանագրել ենք,  որ  նախագահի թեկնածուն նախընտրական կոնկրետ խոստումներ չի տալիս եւ բավարարվում է վերացական դատողություններով` կապված կեղծիքի, տգիտության, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի հետ: Մինչդեռ բոլորս ենք հիշում, թե նախորդ նախագահական ընտրություններից առաջ Ս. Սարգսյանն ինչպիսի շռայլ խոստումներ էր տալիս: Ցավոք, դրանց գերակշիռ մասն այդպես էլ խոստում մնաց: Այս անգամ թերեւս բացառություն էին հունվարի 26-ին Իջեւանում Ս. Սարգսյանի տված խոստումներն այն մասին, որ փետրվարից ուսանողներն առանց գրավի, միայն ծնողների համաձայնությամբ երկարաժամկետ վարկ կստանան, իսկ հաջորդ տարի առաջին դասարանցիներին անվճար համակարգիչներ կտրվեն (ի դեպ, այդ խոստումն առկա էր կառավարության արդեն իսկ հաստատված հնգամյա ծրագրում): Ոչ մի խոսք նպաստների, թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին:
Հունվարի 29-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցի դահլիճում հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու ինքը խոստումներ չի տալիս: Վրաստանին սահմանակից Դեբեդավանի մանկապարտեզի տնօրեն Մառլենա Բաբայանը նրան հարցրեց, թե ինչու մանկապարտեզների աշխատողները չեն օգտվում սոցիալական ծառայությունների փաթեթից: Ս. Սարգսյանն ասաց, որ մանկապարտեզների աշխատողները համայնքային ծառայողներ են, իսկ ներկայում միայն պետական ծառայողներն են օգտվում այդ փաթեթից. իրենք ուսումնասիրում են խնդիրը, եւ հարցը լուծվելու է. «Գիտեք, բարդ ժամանակաշրջան է հիմա, մի բան ասես, պիտի ասեն՝ ժողովրդին կաշառում է, խոստումներ է տալիս»: Ստացվում է, որ Ս. Սարգսյանը խոստումներ չի տալիս, քանզի համարում է, որ դա նախընտրական կաշառք է: Ամբողջ աշխարհում, քաղաքակիրթ երկրներում նախագահի թեկնածուները նախընտրական ծրագրեր, դրանց մեջ խոստումներ են ներկայացնում, սակայն ոչ ոք դա կաշառք չի համարում: Կարելի է մտածել, որ այս անգամ Ս. Սարգսյանը որոշել է նախընտրական խոստումները կաշառք համարելու պատրվակով խուսափել դրանցից, քանի որ համոզված է, որ ինքն այս ընտրապայքարում լուրջ մրցակից չունի, ընտրված է, եւ իմաստ չկա ձայներ ստանալու համար խոստումներ տալ: Եվ երկրորդ՝ խոստումները հավանաբար չեն իրականանալու, ուստի հարկ չկա հետագայում դրանց պատճառով քննադատության արժանանալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս