Ո՞ՐՆ Է ԱԺ-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից հրապարակված «Նախագծի» ամենաշատ քննադատված թեզը վերաբերում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին: Նորամուծության անվան տակ հրապարակ նետված այդ խայծը կուլ չտվեցին ո՛չ տեղական շրջանակները, ո՛չ էլ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը, որը կոչ էր անում փոփոխություն մտցնել այս հարցում: Իշխանության համար, սակայն, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն վերցնելու եւ ընդդիմությանը որեւէ շանս չթողնելու իմաստով բավականին ձեռնտու է այս դրույթը: Պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովի բացասական գնահատականից հետո էլ նույնիսկ հանձնաժողովը փորձում է կառչած մնալ այս մեխանիզմից: Նկատենք, որ Եվրոպական ժողովրդավարություններում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անց է կացվում միայն Իտալիայում:

Այսպես՝ իշխանության հրապարակած նախագծի 89-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»: Ստացվում է, որ խորհրդարանում արհեստականորեն մեծամասնություն ապահովելու նպատակով կարելի է քաղաքացուն հարկադրել երկրորդ անգամ գնալ քվեարկության ու ընտրել ոչ ամենեւին իր համակրած կուսակցությանը: Այս դեպքում ծագում է ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցության շեշտակի նվազման հարցը, եւ, փաստորեն, հասարակության իրական մեծամասնության աջակցությունը չվայելող կուսակցությունը կարող է միանձնյա կառավարություն կազմել: Կարելի է փաստել, որ նման համակարգի պարագայում մենք կունենանք լիովին օրինական եւ միաժամանակ լեգիտիմության խայտառակ բաց ունեցող խորհրդարան: Ի դեպ, «Հայեցակարգում» անուղղակիորեն բարձրացնելով իշխանության լեգիտիմության հիմնախնդիրը՝ այս նախագծում իշխանությունը գտավ դրա լուծման «ամենափայլուն» եղանակը՝ իր լեգիտիմության դեֆիցիտը դարձրեց սահմանադրական կատեգորիա:
Ելնելով այն հանգամանքից, որ երկրորդ փուլի գաղափարը «գողացվել» է Իտալիայից, փորձենք հասկանալ, թե ինչպես է խնդիրը կարգավորվում այդ երկրում: Իտալիայի խորհրդարանը երկպալատանի է, որտեղ նվազագույն շեմը սահմանված է 3 տոկոսը, իսկ ընտրությունը կատարվում է կուսակցական ցուցակների միջեւ: Ընտրական այս համակարգով Իտալիան բաժանվում է 100 շրջանների, որոնցից յուրաքանչյուրի համար կուսակցությունն ընտրվողների ցուցակ է ներկայացնում: Ընտրաշրջանները կարող են ընտրել 3-9 պատգամավորների: Առաջին փուլում ընտրողը կարող է քվեարկել մեկ կուսակցության ու դրա առաջին համարի օգտին եւ ցուցակից երկու այլ թեկնածուի օգտին՝ նրանց անունները գրելով քվեաթերթիկի վրա: Կուսակցությունը, որ ստանում է 40 տոկոս, ինքնաբերաբար ձեռք է բերում 54 տոկոսին համարժեք տեղ, եւ երկրորդ փուլ չի անցկացվում: Սակայն եթե որեւէ մեկը 40 տոկոսի շեմը չի հաղթահարում, երկու շաբաթ անց անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները: Հարկ է նկատել, որ այս մեխանիզմի ներդրումը հատուկ է այն պետությանը, որտեղ տեւական ժամանակ հնարավոր չէ խորհրդարանական դասական ընտրական ճանապարհով կառավարություն ձեւավորել: Երկար ժամանակ ընտրական ճգնաժամի մեջ եղած երկրի համար սա ճարահատյալ քայլ է, ինչպես համոզվում ենք Իտալիայի դեպքից: Սակայն Հայաստանում նման վտանգ չի եղել եւ հազիվ թե առաջիկայում լինի, իսկ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է փաստում, այս մեխանիզմը չպետք է տեղափոխվի մի երկիր, որը նոր է փորձարկում խորհրդարանական կարգերը:
Արձանագրենք, որ խորհրդարանական համակարգի երկրորդ փուլը լիովին տարբերվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլից: Եթե երկրորդի պարագայում դա հարկադիր քայլ է՝ ընտրված նախագահ ունենալու համար, ապա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը դրսեւորվում է իբրեւ հակաժողովրդավարական մեխանիզմ, քանզի բացառում է համեմատաբար ցածր տոկոսներ ստացած կուսակցությունների դերակատարությունը խորհրդարանում: Նախ վերջիններս զրկվում են երկրորդ փուլին մասնակցելու հնարավորությունից: Ենթադրենք մի իրավիճակ, երբ երեք կուսակցություն ստացել է բավականին մեծ տոկոսներ, եւ դրանցից մեկը լոկ չնչին ձայներով է ետ մնացել: Ի՞նչ է, այդ կուսակցությունը պիտի չմասնակցի՞ կառավարության ձեւավորման գործընթացին ու բավարարվի ոչինչ չասող մանդատներով: Իսկ որ խորհրդարանական ընդդիմադիր մանդատը գրոշի արժեք չի ունենալու կայուն մեծամասնության առկայության պարագայում, դա ապացուցվում է այս նախագծով: Ի վերջո, Հայաստանի դեպքում ՀՀԿ-ն երկրորդ փուլում ստանալու է բացարձակ մեծամասնություն, իսկ մնացածները խորհրդարանում ճառ ասող են լինելու: Ի տարբերություն ներկայիս իրավիճակի, երբ գուցե տեսականորեն չի բացառվում ՀՀԿ-ից մի քանիսի հեռանալու պարագայում խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների մեծամասնություն ունենալը, ապա նոր նախագծով այս ճանապարհը եւս իսպառ փակվում է, եւ պառլամենտում վերանում է առնվազն 5 տարի իշխանություն փոխելու հնարավորությունը:
Նման պարագայում պետական այդ ինստիտուտը անխուսափելիորեն կորցնելու է իր՝ հակակշռի դերակատարությունը: Վերացնելով կոալիցիոն կառավարություն կազմելու ժողովրդավարական սկզբունքը՝ Սերժ Սարգսյանը բացառում է նաեւ մյուս կուսակցությունների հետ պայմանավորվելու ու զիջումների գնալու հավանականությունը: Ցուցադրաբար երկու-երեք 5 հոգանոց խմբակցություններ ձեւավորելով՝ Սարգսյանը դրան հարկադրում է մեծ մասշտաբներ ունեցող մի մեծամասնություն, որը կախված չէ որեւէ ինստիտուտից եւ ցանկացած պահի կարող է հոշոտել կուսակցական «վոժդին» ընդդիմանալ փորձող վարչապետին կամ նախագահին:
Հիշեցնենք, որ «Հայեցակարգում» իշխանությունը խոստանում էր ստեղծել կառավարման ամենաժողովրդավարական համակարգը, մինչդեռ այս նախագծով ստանում ենք ՀՀԿ-ի առաջնորդի սահմանադրական դիկտատուրան եւ ուրիշ ոչինչ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
Մոտ 10 օր առաջ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական վարչության քննիչի որոշմամբ Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Բանն այն է, որ Գրետա Թամրազյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Տավուշի մարզի իրավապահներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քննիչը Գ. Թամրազյանին պաշտոնից ժամանակավորապես հեռացրել է՝ ՀՀ քրեական դատավարության 152 հոդվածի համաձայն, որպեսզի նա՝ որպես պաշտոնական անձ, քրեական գործի քննության ընթացքում ազդեցություն չունենա իր ենթակաների վրա: Դիլիջանի պետական քոլեջում կատարված իրավախախտումների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)): Սկզբում Գրետա Թամրազյանը քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ հավաստի տեղեկությունների՝ Դիլիջանի պետական քոլեջում յուրացրել են ուսանողների կրթաթոշակները: Նշենք, որ Գ. Թամրազյանը Դիլիջանի պետական քոլեջը ղեկավարել է 2006 թվականի փետրվարից: Երկու երեխաների մայր, 56-ամյա Թամրազյանը Դիլիջան քաղաքի ավագանու միակ կին անդամն է:

 

ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Օգոստոսի 19-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Արտուշ Ղուլյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. մայիսի 9-ից աշխատելով որպես մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ՝ ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում կաշառք տվողի օգտին գործողություն կատարելու համար: Երեւանի բնակիչ, 1963թ. ծնված Ա. Ղուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նա գտնվում է կալանքի տակ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՏՆՏԵՍՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս նախորդ տարվա վերջին վերակազմակերպվել է՝ միացվելով տարածքային կառավարման նախարարությանը, որի արդյունքում նախարարության աշխատակազմում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ: Հետեւաբար հիմա անհրաժեշտություն է առաջացել այս տարվա պետական բյուջեում կատարել վերաբաշխում` ելնելով ՏԿԱԻՆ համար նախատեսված հատկացումների վերահաշվարկից: Այսպիսով՝ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, պետպահուստի պլանավորման եւ քաղաքացիական պաշտպանության ծրագրերի վարչության (քաղաքացիական ծառայության 15 հաստիք) եւ ՏԿՆ աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության զորահավաքային նախապատրաստության բաժնի միաձուլման արդյունքում կրճատվող ընդամենը 16 հաստիքները ավելացվել են ՏԿԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությանը: Թվով 5 քաղաքացիական ծառայողներ եւ 11 քաղաքացիական ծառայողի հաստիքների փոխարեն սահմանվել է փրկարարական ծառայողների 14 հաստիքներ: Եւ վերակազմակերպման արդյունքում 2015 թվականի պետական բյուջեից տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացված վերահաշվարկված գումարները՝ կրճատված 10 հաստիքային միավորների եւ 3 տրանսպորտային միջոցների պահպանման համար, վերադարձվում են Կառավարության պահուստային ֆոնդ: Նշենք, որ այս նախագիծը կքննարկվի Կառավարության այսօրվա նիստում:




Լրահոս