«ԵՍ ՍԵՐԻԱԼ ՉԵՄ ՆԱՅՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, դերասան ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԸ ծնվել է Հայաստանում: 2 տարեկանում ծնողների` դերասաններ Շաքե Թուխմանյանի ու Ժան Նշանյանի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Ավարտել է Հոլիվուդի դերասանական ինստիտուտը, սովորել է նաեւ Վիեննայի կոնսերվատորիայում: Խաղացել է տարբեր ներկայացումներում Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: Նկարահանվել է հոլիվուդյան լիամետրաժ ֆիլմում եւ բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմերում: Մինչեւ 22 տարեկանն ապրել է ԱՄՆ-ում:
-Մասնագիտության ընտրության հարցում կա՞ր ծնողների ազդեցությունը:
-Ես միշտ ասում եմ, որ կյանքում կարեւորը կուտն է, բայց առանց համապատասխան սոցիալական միջավայրի՝ կուտը չի աճի: Ես չգիտեմ՝ ինչ կդառնայի, եթե այլ ընտանիքում ծնվեի, չնայած, օրինակ, Մարլոն Բրանդոն ծնվել է շատ հասարակ մի ընտանիքում, եթե չեմ սխալվում, Մհեր Մկրտչյանը` նույնպես: Իհարկե, ես չեմ համեմատվում նրանց հետ, նրանք հանճարներ են, ես ինձ համարում եմ մի շնորհալի դերասան, արվեստագետ, որը փորձում է գտնել իր ճանապարհն արվեստում:
-Հիմա Դուք Ձեզ դերասա՞ն, թե՞ օպերային երգիչ եք համարում:
-Ես ինձ համարում եմ արտիստ, արվեստագետ, որովհետեւ ես նվիրել եմ իմ կյանքը արվեստին, կարդացել եմ, ուսանել, ուսումնասիրել…
-Ձեր ծնողները չընդդիմացա՞ն, երբ որոշեցիք արվեստի ուղին բռնել:
-Ընդհակառակը, ես ուզում էի բիզնեսի մեջ խորանալ, որի մեջ բացարձակապես տաղանդ չունեի: Մամաս շատ տխուր նայեց ինձ ու ասաց. «Լավ, մինչեւ ե՞րբ դու պետք է քեզ գտնես ու ի վերջո հասկանաս, որ դու արվեստի մարդ ես»: Դա ասաց ոչ այն պատճառով, որ ես իրենց զավակն եմ, այլ քանի որ իմ մեջ այդ շնորհքը կար: Փոքր ժամանակվանից էլ, երբ ծնողներիս հետ թատրոն էի գնում, բոլոր դերասանների հատվածներն անգիր գիտեի, հուշում էի:
-Լուրջ մասնագիտական կրթություն ունեք, ասում եք՝ տարբեր ֆիլմերում եք խաղացել, այդ դեպքում ինչո՞ւ համաձայնեցիք նկարահանվել «Եղբայրները» սերիալում:
-Ասեմ՝ ինչու: Երբ 2002-2003թթ. գնացի Վիեննա` սովորելու վոկալային արվեստ ու ընդունվեցի Վիեննայի կոնսերվատորիա, ես ասացի, որ պարապելու եմ ընդամենը 1 տարի ու գնամ: Բայց երբ տեսա, որ օպերան ինձ համար ավելի վեր է, քան թատերարվեստը, սիրահարվեցի այդ արվեստին ու ընկա այդ ծուղակը: Ծուղակից պատահաբար դուրս եկա, չէի պլանավորում կինո կամ թատրոն վերադառնալ: Հետո ես վերադարձա ու ընդունվեցի Երեւանի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրա, այս տարի մայիսին կավարտեմ: Երբ սկսեց սերիալը, ես համաձայնեցի, քանի որ մնալու էի այստեղ եւ սովորելու էի, նաեւ կնկարահանվեի: Երբ ինձ ասացին՝ արի՛ «Արմենիա»` սերիալի մասին խոսելու, ինձ թվաց, թե որպես խորհրդատու են ուզում ինձ վերցնել, ոչ որպես դերասան: Իմ մաման էլ այդ ժամանակ նկարահանվում էր մեկ այլ սերիալում` գլխավոր դերում, եւ թող ների ինձ իմ մայրը, ես ոչ մի սերիա չեմ նայել:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ ես սերիալ չեմ նայում:
-Ձեր սերիա՞լն էլ չեք նայում, հետաքրքի՞ր չէ Ձեր խաղը:
-Ես իմ խաղը ներսից դուրս եմ մատուցում: Եթե այդ պահին ես զգացի, ուրեմն ժողովուրդը կզգա, եթե ես չզգացի, մեկ ա, ես գիտեմ՝ վատ է ստացվելու: Իմ խաղից ես գիտեմ` այդ տեսարանը հաջողվել է, թե ոչ:
-Ներողություն, բայց մի քիչ մեծամիտ է հնչում:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ դերասանը պետք է իրեն կողքից նայի:
-Բայց ես պահի տակ նայում եմ: Այդ ներսից դուրս աշխատելը ես նաեւ զգում եմ: Երբ Դուք գրում եք Ձեր նյութը, չգիտե՞ք՝ այն լավ է ստացվել, թե ոչ: Ինձ իմ գործն է հետաքրքրում, եթերը ժողովրդի համար է, իմը նկարահանման հրապարակն է:
-Կրկին սերիալում նկարահանվելու առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնե՞ք:
-Ես սերիալ չեմ խաղա, ես սերիալի դերասան չեմ: Մեկ այլ հարց էլ կա` սերիալում խաղալը շատ աշխատատար է, ուրիշ ոչ մի բանի համար ժամանակ չի մնում:
-Իսկ ինչո՞ւ եք հիմա շարունակում խաղալ:
-Նախ եւ առաջ՝ մտել եմ ու չեմ ուզում կիսատ թողնել, երկրորդը` ես շատ սիրեցի իմ դերը, երրորդը` որովհետեւ ես ուզում էի հետ մտնել այս գործի մեջ: Սերիալ արտադրողները շատ դժվար գործ են անում, ամեն օր եթեր են տալիս: Սերիալ խաղալը վատ բան չէ, պարզապես ես այն դերասաններից եմ, որը հաճույք է ստանում հրապարակ գալուց, երբ մի քանի օր առաջ է ստացել սցենարը, ես սիրում եմ պատրաստվել, ժամանակ ունենալ եւ ոչ թե ուղղակի անգիր անել սցենարը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս