ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզեր: Այցի ավարտին վարչապետը հանդիպել է Վայոց Ձորի մարզի երեք քաղաքների՝ Ջերմուկի, Եղեգնաձորի ու Վայքի ղեկավարներին, քննարկել քաղաքների զարգացման առաջիկա ծրագրերն ու հետագա անելիքները:

 

 

 
ՀԱՐՑ. Ստանում եմ մանկավարժական մասնակի թոշակ, նշեմ, որ ունեմ 23 տարվա մանկավարժական ստաժ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ 62 տարիս լրանալուն պես դիմել ամբողջական թոշակ ստանալու համար:

Սուսաննա Թադեւոսյան (61 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: Միաժամանակ հայտնում եմ, որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ (62 տարին լրանալու դեպքում) տարիքային կենuաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային uտաժ եւ չի աշխատում:
Ելնելով վերոգրյալից՝ Ձեր 62 տարին լրանալու դեպքում Դուք կենսաթոշակի տեսակը փոխելու հարցով կարող եք գրավոր դիմել Ձեր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, եթե ունենաք 35 տարվա աշխատանքային uտաժ եւ չաշխատեք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե անձը ցանկանում է անվանափոխություն կատարել, ապա իրավական ինչպիսի՞ հետեւանքներ կարող են առաջանալ: Եվ կցանկանայի տեղեկանալ նաեւ, թե որքա՞ն է կազմում պետտուրքի դրույքաչափը:

Ստելլա Ամիրխանյան (37 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, եւ դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ: Անձին տրվում է նաեւ անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար՝ անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար:
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա Կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար՝ հետեւյալ դրույքաչափերով՝
– երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50.000 դրամ,
– հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30.000 դրամ,
– տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20.000 դրամ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է ավելացնել, որ ըստ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի թիվ 941-Ն որոշմամբ հաստատված «Անվան փոփոխման» կարգի ու պայմանների 1-ին կետի՝ 16 տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը: Ի դեպ, 16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան եւ ազգանվան փոխման գրանցում կատարվում է միայն հարգելի պատճառների առկայության դեպքում:




Լրահոս