ԲՀԿ-ին համոզե՞լ են մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարի նիստին. ինչ է ակնկալում կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ Կառավարությունում տեղի էր ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը:

«Մեր նպատակն է այս ձեւաչափի շուրջ համախմբել այն ուժերին, կազմակերպություններին, որոնք իսկապես ասելիք ու պատկերացում ունեն մեր ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Սա հարթակ է, որտեղ կարելի է միավորել, համախմբել ուժերը, փորձառությունը եւ գնալ վճռական քայլերի: Հավաստիացնում եմ՝ կառավարությունը գիտակցում է կատարվելիք քայլերի անհրաժեշտությունն ու կարեւորությունը եւ հետեւողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը»,- նշել էր Աբրահամյանը:

Վարչապետը նաեւ հույս էր հայտնել, որ թե՛ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները եւ թե՛ ՀԿ-ները, որոնք հրաժարվեցին որպես անդամներ ներգրավվել խորհրդի աշխատանքներին, այնուամենայնիվ, կհամագործակցեն խորհրդի հետ ու իրենց գիտելիքները եւ մասնագիտական փորձը կներդնեն կոռուպցիայի դեմ համատեղ պայքարում:

Հիշեցնենք, որ Աժ ոչ իշխանական ուժերից հանձնաժողովի նիստին մասնակցում էր միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Կառավարությունը կարողացել է միայն ԲՀԿ-ին համոզել, որ մասնակցի նիստին` այդպիսով փորձելով իմիտացիա ստեղծել, թե իբր ընդդիմությունը եւս ներգրավված է կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարում, ինչը ապահովում է դրա էֆեկտիվությունը, գործընթացի թափանցիկությունն ու ոչ իմիտատիվ լինելը:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք առաջիկայում ԲՀԿ-ն շարունակելու է մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին:

-Տիկի՛ն Զոհրաբյան, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստին Աժ ոչ իշխանական ուժերից միայն ԲՀԿ-ն մասնակցեց: Դուք նշել էիք, որ եթե ընթացքում տեսնեք, որ այս մարմինը արդյունավետ գործունեություն չի իրականացնում, ԲՀԿ-ն այլեւս չի մասնակցի խորհուրդի աշխատանքներին: Այս պահին ի՞նչ որոշում ունեք, արդյո՞ք շարունակելու եք ներգրավվել խորհուրդի աշխատանքներում:

-Նախ՝ հանձնաժողովը դեռ ընդամենը մեկ արարողակարգային նիստ է արել, որը բավարար չէ՝ հասկանալու համար նշյալ հանձնաժողովի իրական նպատակները։ Երբ մենք այդ հանձնաժողովում ներկայացրինք Միքայել Մելքումյանի թեկնածությունը, ի սկզբանե հայտարարեցինք, որ որեւէ գաղափար չենք մերժում, բայց եւ նշեցինք՝ եթե տեսնեք, որ այդ հանձնաժողովը զբաղվելու է հերթական իմիտացիայով՝ ինչպես եղել է մշտապես, նախկին բոլոր նմանատիպ հանձնաժողովների դեպքում, մենք զոհասեղանին երդում չենք տվել, որ հավերժ կապված ենք մնալու նշյալ հանձնաժողովին, ու մեր ներկայացուցիչը, բնականաբար, համապատասխան գնահատական տալուց հետո դուրս կգա հանձնաժողովից։ Կարծում եմ՝ 2-3 նիստը բավարար է լինելու՝ հասկանալու համար, թե հանձնաժողովի աշխատանքներն ի՞նչ ուղղությամբ են գնում, եւ ո՞րն է դրա իրական նպատակը։ Եթե նպատակը միջազգային կառույցներին հերթական անգամ ցույց տալն է, որ մեզանում կոռուպցիայի դեմ խրոխտ ու անկոտրում պայքար է մղվում, ապա մենք այդ սցենարում չկանք։ Իսկ եթե նպատակն իրապես ինչ-որ բան փոխելն է, դա էլ ժամանակը ցույց կտա։ Եթե մի երկու մանր ձուկ են բռնելու ու կոռուպցիայի ողջ բագաժը դնելու են նրանց վտիտ ուսերին, իսկ կոռուպցիայի փոկերը շարունակելու են իրենց ազատ լողն ու թալանը, ապա բնական է՝ «Բարգավաճ Հայաստանը» նման հանձնաժողովում անելիք չունի։ Նայեք՝ ինչ է կատարվում ողջ պետական համակարգում. ով պաշտոն է ստանում, ընդ որում, առանց էական բացառությունների, շատ կարճ ժամանակում իր համեստ ապրելակերպով հայտնի Բիլ Գեյթսը դրանց մոտ գլուխը հազար անգամ պատին կտար։ Ո՞ւմ հաշվին են մեր պաշտոնյաները հանկարծ դառնում իրենց զոքանչների, քեռիների ու կնքամայրերի հայտարարագրերով ֆիքսված միլիոնատերեր. էդ երեք ոսկի խնձո՞ր է ընկնում իրենց, կամ իրենց՝ հանկարծ հարստացած զոքանչի վրա, ով մինչեւ վերջերս իր հայրենի գյուղում գազար էր աճեցնում։

-Ըստ մեր տեղեկություների՝ ԲՀԿ-ին համոզել են՝ որպես ընդդիմության միակ ներկայացուցիչ, մասնակցի խորհրդի նիստերին: Դուք մտավախություն չունե՞ք, որ ԲՀԿ-ի մասնակցությունը կարող է ձեւական բնույթ կրել:

-Ես քանիցս ասել եմ՝ ԲՀԿ-ին ո՛չ կարող են համոզել նրանում, ինչին ինքը դեմ է, եւ ո՛չ էլ կարող են ինչ-որ բան պարտադրել։ Մենք ունենք մեր հստակ քաղաքական օրակարգը եւ առաջնորդվում ենք բացառապես մեր օրակարգով՝ անկախ նրանից, թե ինչ են ասում կամ անում այս կամ այն քաղաքական ուժերը։ Քանիցս ասել ենք, որ ինքնանպատակ ամեն ինչ մերժելով՝ «ռեժիմը սարսափի մեջ է», «ռեժիմին մնաց 3 ժամ 15 վայրկյան», «ռեժիմը կախվել է» եւ նման այլ՝ ժողովրդին միգուցե ականջահաճո հայտարարություններով հարց չի լուծվում։ Ոչ էլ հարց է լուծվելու Ազատության հրապարակում կազմակերպվող տարբեր զվարճալի միջոցառումներով։ Ուստի, կրկնում եմ, մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, եւ անկախ նրանից, թե դրանց մասին ինչ կարծիքի են այլ քաղաքական ուժեր կամ նրանց սպասարկող ֆեյքային «հանրային կարծիքը», մենք առաջնորդվելու ենք բացառապես մեր օրակարգով։ Ու պետք չէ տարբեր տափակ հրապարակումներով մեզ փորձել ահաբեկել «հանրային կարծիքի» ուրվականով։ Մենք հրաշալի գիտենք, թե նման, այսպես կոչված, «հանրային կարծիքները» որ թայֆեքի օֆիսներում են ձեւավորվում ու ֆեյսբուքյան վճարովի ստախոսների կողմից տիրաժավորվում։ Ցավոք, մեզանում հանրային իրական կարծիքը, ժողովրդի իրական ձայնը եւս դարձավ քաղաքական տարբեր հոսանքների ձեռքի խաղալիքը, երբ ցանկացած իրենց հաճո զառանցանք փորձում են «սաղացնել» որպես հանրային կարծիք։ Մինչդեռ ժողովուրդն իրականում օտարված է ողջ այս կեղտոտ խաղերից, ժողովուրդն ապրում է իր հոգսերով, իր խնդիրներով, ցավոք, նաեւ իր հիասթափություններով, եւ այն քիչ թվով քաղաքական ուժերը, որոնք դեռ վստահության ինչ-որ ռեսուրս պահպանել են, այս պահին մեկ առաջնային խնդիր ունեն՝ վերականգնել ժողովրդի հավատը։ Իսկ մնացածը՝ ժողովրդի անունից հանդես եկող տարբեր քաղաքական ակրոբատները, որ պատրաստ են ցանկացած ուղղությամբ ճկվել, սոցիալական ցանցերի՝ իրենց «կոդլի» միջոցով զուր են փորձում իրենց շահեկան օրակարգը «սղացնել» որպես հանրային կարծիք ու ժողովրդի կամք։ Չի ստացվի։ Ես չեմ հավատում նաեւ քաղաքական դիակների վերակենդանացմանը։ Դրանցից լավագույն դեպքում քաղաքական ֆրանկենշտեյններ են ստացվելու, որոնք սարսափից ու նողկանքից բացի՝ այլ զգացում չեն արթնացնելու։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս