«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները փորձում են նոր Սահմանադրության նախագիծը հնարավորինս շուտ ուղարկել խորհրդարան: Ավելին՝ ի սկզբանե ծրագրվել է նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու նպատակով սեպտեմբերի 7-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, սակայն պատասխանատուները տեղեկացրել են, որ մասնագիտական հանձնաժողովը դեռ չի հասցրել փաստաթուղթը վերջնական տեսքի բերել:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունում երեկ արդեն իսկ որոշել են նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում քննարկման դնել սեպտեմբերի 15-ին՝ ԱԺ առաջին նստաշրջանի երկրորդ օրը: ՀՀԿ-ականները միեւնույն ժամանակ չեն բացառում, որ եթե ինչ-ինչ պատճառներով չկարողանան առաջին քառօրյայում նախագիծը քննարկել, ապա դա կանեն սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին հաջորդող առաջին իսկ օրերին:
Ի դեպ, ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում ասում են, որ նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում «անցկացնելը» շատ հեշտ ու արագ կլինի, քանի որ խմբակցությունների մեծ մասի հետ արդեն իսկ ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել: