«Եթե «Հայֆիլմ»-ը հետ պահանջվի, ճիշտ կլինի, որ այն ժամանակավորապես չսեփականաշնորհվի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ Կառավարությունը սկսել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթացը:

«Հայկական ժամանակ» թերթը գրեց` իր տեղեկություններով` պատճառն այն է, որ սեփականատերերը չեն կատարել պայմանագրային պարտավորությունները: Ջերարդ Գաֆեսճյանը եւ Բագրատ Սարգսյանը չեն կատարել խոստացված միլիոնավոր դոլարների ներդրումները, չեն կառուցել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից եւ հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը: Իսկ այժմ արդեն լրացել է այդ ամենի համար սահմանված վերջնաժամկետը:

Կառավարությունը հետ կպահանջի կինոստուդիան, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն եթե նույնիսկ պատկերացնենք, որ դա կիրականանա, ապա դեռ հարց է, թե որը կլինի Կառավարության հաջորդ քայլը, արդյո՞ք կինոստուդիան կրկին կսեփականաշնորհվի եւ, ամենակարեւորը, ինչպես կդասավորվի «Հայֆիլմ»-ի ճակատագիրը հաջորդ հնարավոր սեփականատերերի օրոք:

Կինոռեժիսոր Հակոբ Իսկուդարյանը, ով ժամանակին աշխատել է «Հայֆիլմ»-ում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց` վաղուց ժամանակն է, որ Կառավարությունը հետ պահանջի կինոստուդիան: «Բացի այն, որ ներդրումներ չեն կատարվել, կինոստուդիայի եղածն էլ քար ու քանդ է արվել. հիմա այնտեղ ստուդիա էլ չի մնացել: «Հայֆիլմ»-ն ընդհանրապես ջնջեցին, անունը մեջտեղից հանեցին: Կարծում եմ` Կառավարությունից ի սկզբանե գիտեին, որ սեփականատերերն ինչ էին ուզում անել, շատ լավ էլ գիտեին` ում հետ գործ ունեն»,-ասաց նա:

Կինոռեժիսորի խոսքով` եթե Կառավարությունն իսկապես «Հայֆիլմ»-ը հետ պահանջի, ճիշտ կլինի, որ այն ժամանակավորապես չսեփականաշնորհվի ոչ ոքի կողմից. «Կինոստուդիան պետք է պատկանի պետությանը, մինչեւ կգտնվի մեկը, ով իսկապես շահագրգռված կլինի հայ կինոյի զարգացման գործով ու նա էլ կսեփականաշնորհի ստուդիան»,-նկատեց նա:

Հ. Իսկուդարյանի համոզմամբ` եթե «Հայֆիլմ»-ը վերադարձվի ՀՀ Կառավարությանը, այսինքն` վերադարձվի դրա շենքը կամ անունը, դա դեռ չի նշանակում, որ կինոն կինո կդառնա. «Եթե հետագայում «Հայֆիլմ»-ում ֆիլմեր չնկարահանվեն, ո՞ւմ է դա պետք:

Ամենակարեւորն այն է, որ պետության ֆինանսավորմամբ նոր ֆիլմեր նկարահանվեն, այդ աշխատանքներում ընդգրկվեն մարդիկ, որոնք դեռ կարող են որակյալ արտադրանք տալ, այլապես չի բացառվում, որ հետագայում դրա հնարավորությունն այլեւս չլինի»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս