Խորհրդարանական բոլոր ուժերը կշարունակեն օժանդակել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական կոնսոլիդացիայի ցուցադրմանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է՝ մոտ օրերս Բաղրամյան 26-ում կկայանա Սերժ Սարգսյանի հերթական սահմանադրական ֆոտոսեսիան քաղաքական ուժերի հետ: Մարտին տեղի ունեցած նախորդ ֆոտոսեսիային, ինչպես հիշում ենք, չմասնակցեց միայն Հայ ազգային կոնգրեսը, որին հրավեր չէր էլ ուղարկվել:

Իսկ, ահա, մնացած ոչ իշխանականները՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ անգամ «Ժառանգության», շտապել էին նախագահական նստավայր՝ Ս. Սարգսյանի հետ իրենց բաժին լուսանկարների հետեւից: Իհարկե, հետագայում կոնկրետ «Ժառանգություն»-ում այդ հանդիպման պատճառով լուրջ վիճաբանություններ եղան Արմեն Մարտիրոսյանի, Ռուբիկ Հակոբյանի եւ Զարուհի Փոստանջյանի թեւի միջեւ, եւ կուսակցությունը ստիպված եղավ էլ ավելի կոշտացնել իր դիրքորոշումը՝ ընդդեմ Ս. Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների:

Այդուհանդերձ մարտին կայացած այդ ֆոտոսեսիայից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իր հետ հանդիպած որեւէ քաղաքական ուժ հանդես չի եկել սահմանադրական փոփոխությունների դեմ՝ այդպիսով փորձելով ամրագրել, որ սահմանադրական փոփոխությունների հարցում ներքաղաքական կոնսոլիդացիայի ապահովման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջադրած պահանջը կատարվել է: Հետագայում էլ, երբ հրապարակվեց Սահմանադրության նոր նախագիծը, որը լի էր աղաղակող թերություններով եւ, ըստ էության, ամրագրում էր Հանրապետական կուսակցության մենիշխանության հնարավորությունը, Սերժ Սագսյանի հետ հանդիպած կուսակցություններից որեւէ մեկը հանդես չեկավ նոր Սահմանադրության դեմ հստակ, պաշտոնական հայտարարությամբ: Այս դեպքում էլ բացառությունը ՀԱԿ-ն էր, որը Սահմանադրության նախագծի հրապարակումից անմիջապես հետո այն որակեց պետական հեղաշրջման փորձ:

Ամեն դեպքում, Ս. Սարգսանի հետ առաջիկա հանդիպմանը, ըստ ամենայնի, դարձյալ չեն մասնակցի «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը, իսկ խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը (այդ թվում եւ մեկական պատգամավորներ ունեցող) այս անգամ էլ կշտապեն օժանդակել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական կոնսոլիդացիայի ցուցադրմանը: Այդ ուղղությամբ այս օրերին արդեն իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հասցրել է համապատասխան հրահանգներ տալ «կոնսոլիդացված» քաղաքական ուժերին՝ զգուշացնելով, որ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես գալու դեպքում հետեւանքներն իրենց ուշացնել չեն տա: Իսկ, ահա, այն ուժերը, որոնք կաջակցեն Ս. Սարգսյանի իշխանության երկարաձգումն ապահովող Սահմանադրության ընդունմանը, կունենան իրենց ապահով տեղը Ազգային ժողովում: Նկատենք, որ նման խոստումներ տալու հարցում իշխանությունները որեւէ խնդիր չեն տեսնում, քանի որ նոր Սահմանադրությամբ հնարավոր կլինի Ազգային ժողովը «լոճել» այնքան, որքան պետք է, եւ տեղավորել այնքան քաղաքական ուժերի, որքան անհրաժեշտ է: Միեւնույն է՝ վերջում իրենք ունենալու են «կայուն մեծամասնություն», որն էլ որոշելու է ամեն ինչ:




Լրահոս