Երեկ «ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը օրերս Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին հորդորել է հրաժարվել խմբի ղեկավարի պաշտոնից: Դեսպանը Նաղդալյանին ասել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ռուսական «Գրիբայեդով» ակումբի անդամ է, չի կարող ղեկավարել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը:
Հերմինե Նաղդալյանն էլ հետեւել է դեսպանի հորդորին ու հրաժարական է ներկայացրել: Նշված բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ դեսպանը առաջարկել է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը ղեկավարի հենց Ս. Նիկոյանը:
-Պարո՛ն Նիկոյան, ո՞վ է Ձեզ առաջարկել ղեկավարել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը, արդյո՞ք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն է Ձեզ առաջարկել ղեկավարել խումբը:
-Տեւական ժամանակ առաջ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի սենյակում, իսկ մենք կուսակցական հին ընկերներ ենք, խոսակցության ժամանակ իմ կողմից եղավ առաջարկ՝ ղեկավարելու խումբը՝ հաշվի առնելով տիկին Նաղդալյանի բազմազբաղ լինելու հանգամանքը: Ինքն էլ շատ դրականորեն ընդունեց իմ առաջարկը ու պատրաստակամություն հայտնեց, որպեսզի ինքն ինձ այդ հարցում ամեն ինչով օգնի: Դրանից հետո մենք երկուսով դիմել ենք ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, ով հրամանագրի ձեւով արձանագրել է այդ փաստը: Այսքանն է ճշմարտությունը, մնացածը կեղտոտ, լկտի, սուտ բաներ են:
-Այսինքն՝ Դուք ե՞ք առաջարկել Հերմինե Նաղդալյանին հրաժարվել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարումից, որպեսզի այն Դուք ղեկավարե՞ք:
-Ես եմ առաջարկություն արել իրեն, շատ սովորական, աշխատանքային, ընկերական, գործնական խոսակցության ընթացքում առաջացավ այդ գաղափարը: Հերմինե Նաղդալյանն էլ գոհունակությամբ ընդունեց այդ փաստը, ու մենք օրեր անց այդ հարցով դիմեցինք ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
-Բայց լուրեր կան, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը չի ցանկացել, որ խումբը ղեկավարի մի մարդ, որը «Գրիբայեդով» խմբի անդամ է, ինչի համար դեսպանը հորդորել է հրաժարական ներկայացնել: Դուք տեղյա՞կ եք դեսպանի այդ տեսակետից:
-Դա սուտ է, հերյուրանք է: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան պարտավոր է իր կոչումով բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր կարեւոր երկրների հետ: Մեզ համար առաջին ու կարեւոր երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք եվրասիական տնտեսական միությունում ենք, որի հետ մենք ՀԱՊԿ-ի կազմում ենք, քանի որ ԱԺ փոխնախագահը պարտավոր է այդ ուղղությամբ կարեւոր քայլեր կատարել, ապա դա արվում է: Եվրոպան մեր բարեկամն է, մենք Եվրոխորհրդի անդամ ենք, մենք ԵԱՀԿ-ի անդամ ենք, ջերմ հարաբերություններ ունենք Եվրոպայի հետ:Հերմինե Նաղդալյանը նաեւ ղեկավարում է Եվրոխորհրդում հայկական պատվիրակությունը, ու դա շատ նորմալ է, ինքը փորձառու է: Մենք մեր ջերմ փոխհարաբերությունները պահում ենք նաեւ ԱՄՆ-ի հետ, մենք պետք է ջերմ հարաբերություններ պահենք Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Չինաստանի ու բոլոր այն երկրների հետ, որոնք ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում: Ու յուրաքանչյուր պաշտոնյաներ, այդ թվում նաեւ՝ Հերմինե Նաղդալյանը, պարտավոր են հետեւել այդ օրինակին: Այնպես որ, որեւիցե վատ բան մի տեսեք, որ նա «Գրիբայեդով» ակումբի համաղեկավար է կամ անդամ է, չգիտեմ… Միեւնույն ժամանակ նա կարող է լինել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար: Նշեմ նաեւ, որ թե ով կլինի մեր պատվիրակության ղեկավարը, դա չի որոշում Եվրոխորհուրդը կամ Եվրոպան, այլ դա որոշում է ՀՀ իշխանությունը, ԱԺ խմբակցությունն ու ԱԺ նախագահը:
-Նշեցիք, որ ԱԺ նախագահն է որոշում կայացնում խմբի ղեկավարման հարցում, բայց մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի ցանկանում, որ բարեկամական խումբը ղեկավարի Հ. Նաղդալյանը, քանի որ նա ավելի շատ ռուսամետ է ու այս ընթացքում որեւէ աշխատանք չի իրականացրել, որը կբխի ԱՄՆ-ի շահերից:
-Ո՛չ, ո՛չ, իրենք նման բան չեն ասում, իրենք նման ներքին գործերի չեն միջամտում: Կարող է՝ բարեկամական խմբի տեսակետն ընդհանրապես չհամընկնի դեսպանի կամ ԱՄՆ-ի հետ, մինչեւ այս որեւէ խնդիր չի առաջացել: Նման բան իրականում գոյություն չունի: Ես էլ նշանակվել եմ ու ցանկանում եմ այդ խմբի աշխատանքներում մի քիչ ավելին անել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ես դրա ժամանակն ունեմ, իսկ Հերմինե Նաղդալյանը զբաղված էր, ես դրա մասին արդեն նշեցի: Իրականությունը սա է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ