Հանրային քննարկմանն է ներկայացվում «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (http://moj.am/legal/view/article/840): Վերջինի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի սեփականատիրոջ և սեփականատեր չհամարվող անձանց իրավունքների տարանջատման և հստակեցման անհրաժեշտությամբ:

Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները նախատեսում է նույն գլուխներում: Նախագծով նախատեսվում է առանձին գլուխներով նախատեսել սեփականատիրոջ գույքային իրավունքները և սեփականատեր չհանդիսացող անձանց գույքային իրավունքները:

Բացի այդ, նախագծով ՀՀ քաղաքացիական օրենսդրության մեջ նախատեսվում է ներդնել գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ իրային իրավունքի առանձնահատուկ տեսակ՝ անձնական սերվիտուտ (ուրիշի գույքի նկատմանբ սահմանափակ օգտագործման իրավունք), ներառյալ՝ ուզուֆրուկտը (ուրիշի գույքն տիրապետելու և օգտագործելու իրավունք): Նախարարությունը կարևորում է Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում և ակնկալում առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացված նախագծի շուրջ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն




Լրահոս