«Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա ցուցահանդես-համաժողով – մրցանակաբաշխությունն իր բնույթով բացառիկ է և Հայաստանի տնտեսության զարգացման համար ունի կարևորագույն նշանակություն՝ համախմբելով բազմակի ոլորտներ, ծառայություններ, նախագծեր:
«Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա ցուցահանդես-համաժողով – մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2011 թվականին: Միջոցառումը ՀՀ և արտերկրից ժամանած գործարարների համար հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց ծառայություններն ու արտադրանքը, քննարկելու հետագա համագործակցության եզրերն արտահանման, ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում:
Ցուցահանդես – համաժողովն ունի նաև մի քանի նպատակ` ՀՀ –ում դիվանագիտական կառույցներին ծանոթացնել ՀՀ ներդրումային ծրագրերին, ներկայացնել երկրի էթնիկ առանձնահատկությունը և ծրագրում ընդգրկված հետևյալ ոլորտները`
• Կրթություն,
• սննդաարդյունաբերություն,
• թեթև արդյունաբերություն,
• ոսկերչություն և ադամանդագործություն,
• հանքարդյունաբերություն,
• ագրոոլորտ,
• հիդրոկայաններ, էներգետիկա,
• շինարարություն,
• տեղեկատվական տեխնոլոգիաներ,
• առողջապահություն և բժշկություն,
• տուրիզմ,
• բանկային համակարգ,
• ծառայությունների մատուցում,
• զանգվածային լրատվամիջոցներ:
Ցուցահանդես- համաժողովն ինքնին մեծ հնարավորություն է ստեղծում ՀՀ և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցելու համար: Եռօրյա ցուցահանդես – համաժողովի շրջանակներում տեղական և արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները և արտադրանքը բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում:
Ծրագրի մյուս երկու օրերի ընթացքում տեղի են ունենում համաժողովներ, քննարկումներ, զեկույցներ` ներդրումային ծրագրերի ու արտահանման խթանման նպատակով: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս գործող կառույցներին քաջալերել` տալով խրարուսական հավաստագրեր և մրցանակներ, արժանացնելով տարաբնույթ անվանակարգերի:
Այս 4 տարիների ընթացքում ծրագիրը գրանցել է լուրջ և փաստացի արդյունքներ՝ նպաստել է մի շարք ընկերություններին շուկայի ընդլայնման և արտահանումների իրականացման հարցում, ինչպես օրինակ «Արարատ ֆրուտ» ընկերությունը, որ սկսեց իր նռան հյութերի արտահանումը Մարսել քաղաք: ՌԴ-ի հետ ևս կնքվել են պայմանագրեր արտահանումների հետ կապված մի շարք ոլորտներում` այդ թվում պահածոյագործության և տեքստիլի:
Մարսելի ԱԱՊ-ից ժամանած գործարարների կողմից ներդրվել է կրթական ծրագիր, որի շրջանակներում բացվել է ֆրանսիական համալսարանին կից արհեստագործության և արվեստավարժության ուսումնարան: Արտերկրում փորձի փոխանակման հնարավորություն են ստացել բժշկական ոլորտի մասնագետներ:
Իրականացվել են ներդրումներ բիոլոգիական տեխնոլոգիաների ոլորտում, և պարսկական համագործակցության ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Արմեն Բիոթեք» բրենդը և ընկերությունը, որը շուրջ 2 տարի արտադրում է բիոլոգիական պարարտանյութեր, այսօր արդեն իր ուրույն տեղն է գտել հայկական շուկայում և դրա սահմաններից դուրս:
Ներդրումներ են իրականացվել նաև մսամթերքի ոլորտում: Ռումինիայի “Ալդիս” ընկերության կողմից ՀՀ-ում կազմակերպվել է մսամթերքի արտադրություն՝ նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով:
Տուրիզմի շրջանակներում փոխադարձ այցեր են կատարվել արաբական երկրներ՝ Եգիպտոսի Արաբական հանրապետություն, որի շրջանակներում Եգիպտոսի տուրիզմի նախարար Զազուի հետ կնքվեց համաձայնագիր՝ ի հավաստումն երկու պետությունների տուրիզմի խթանման: Դա առիթ դարձավ, որ 2015 թվականին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխադարձ այցով մեկնեց Շարմ Էլ Շեյխ համաշխարհային տնտեսական համաժողովին՝ հանդիպումներ ունենալով երկրի նախագահի և վարչապետի հետ:
Հնդկական համագործակցության ծրագրերի շրջանակներում տեղի են ունեցել «Հնդկաստանի շունչը Հայաստանում» հայ հնդկական համագործության հետ կապված համաժողովներ և ցուցահանդեսներ, մշակութային ծրագրեր, որոնք տևել են շուրջ մեկ ամիս:
Ծրագրի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունում եղել է այց ոսկերչության ոլորտի խթանման և տարածման գործում:
Փառատոնի շրջանակներում իրականացված ողջ աշխատանքը, փոքր և միջին բիզնեսի խթանմանն ուղղված նախաձեռնություններն ու քննարկումներն ուղղված են եղել ի շահ ՀՀ տնտեսության զարգացմանը, նրա բարօրությանը և գործարար ոլորտի արտադրության, տուրիզմի, կրթական ծրագրերի, մշակույթի, բնապահպանության ոլորտների ամրապնդմանն ու զարգացմանը: Այս նախագծի արդյունքում նաև իրականացվել են մի շարք բարեգործական ծրագրեր` աջակցություն ցուցաբերելով սիրիահայ անապահով ընտանիքներին` տրամադրվել է դրամական օգնություն, անվճար տաղավարներ և այլն: