Դեռ չէին հասցրել ՀՀ իշխանությունները լիարժեք հրճվել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու` Երեւանում արած հայանպաստ հայտարարություններից` դա վերագրելով իրենց իրականացրած փայլուն դիվանագիտական աշխատանքին, երբ վրաց իշխանությունները մեկը մյուսի հետեւից սկսեցին սրբագրել Իվանիշվիլու մտքերը: Նախ` ամենատարբեր մակարդակներով քննարկվեց այն հարցը, թե որքանով պետք է Վրաստանը «բարի նախանձով» վերաբերի Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, եւ այդ ընթացքում վրաց մամուլում հայտնված բավականին տհաճ հրապարակումները ցույց տվեցին, թե ինչպիսին է ներկայում Վրաստանի հանրային կարծիքը Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին: Իսկ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի` նախօրեին վրացական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններն էլ ցույց տվեցին, որ հայ-վրացական հարաբերությունների` որակապես նոր փուլ թեւակոխելու մասին խոսակցությունները, մեղմ ասած, չափազանցված են: Այդ հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, Փանջիկիձեն խոսել է նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկման մասին, ինչի հետ կապված, հիշեցնենք, Իվանիշվիլին Հայաստանում գերլավատեսական խոստումներ էր տվել: Նա ասել էր. «Կարծում եմ` այն անպայման կվերագործարկվի: Մեր կողմից պատրաստակամություն կա այն վերագործարկելու: Այժմ մեր կողմից մեծ ջանքեր ենք գործադրում, որ այդ փակուղուց դուրս գանք: Զգալով իրավիճակը` կարծում եմ, որ այդ հարցը շուտով կլուծվի»: Իսկ ահա նրա արտգործնախարարը, ըստ էության հերքելով իր վերադասին, նախօրեին ասել է. «Մենք պետք է պարզենք` անհրաժեշտ է մեզ արդյոք նման երկաթուղի, ինչպիսին կլինի այն տնտեսական, քաղաքական օգուտը, որը կտա մեզ այդ երկաթուղին, որքանով այն կնպաստի Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանը, որքանով կնպաստի հակամարտության կարգավորմանը, կայունությանը տարածաշրջանում»: Փանջիկիձեն նաեւ ընդգծել է, որ Վրաստանի իշխանություններն այս պահին այդ խնդրի շուրջ որեւէ մեկի հետ բանակցություններ չեն վարում. «Ոչինչ որոշված չէ: Դա ուղղակի գաղափար է, թեմա, որի շուրջ քննարկումները կարեւոր են, եւ ամեն ինչ ուսումնասիրելուց հետո միայն որոշում կկայացվի»: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Իվանիշվիլու արած հայտարարությունները նրա կաբինետի անդամները սրբագրում են: Եվ դա շատ լավ հայտնի է մեր իշխանություններին, սակայն նրանք գերադասում են ոգեւորվել իր իսկ բնորոշմամբ «անփորձ քաղաքական գործչի»` ոչինչ չպարտավորեցնող խոստումներով` իրենց հերթին դրանց հիման վրա խոստումներ շռայլելով, ինչպես նախօրեին Եղվարդում արեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` արդեն իսկ խոսելով աբխազական երկաթուղու գործարկումից ակնկալվող օգուտների մասին: Ինչպես միշտ` ձուկը ծովում առեւտուր են անում:
ՁՈՒԿԸ ԾՈՎՈՒՄ` ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ