Վահան Մարտիրոսյանի և կնոջ միջև ծեծը վերագրվել է Մհեր Սեդրակյանի՞ն. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանն իրավապահներին հաղորդում է տվել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն և կնոջը ծեծել են: Այդ հաղորդման հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «ծեծողները» տեղի ունեցածն իրավապահներին հետեւյալ կերպ են ներկայացրել: Իբր Վահան Մարտիրոսյանի բնակարանից վիճաբանության ձայներ են լսվել: Ավելին՝ ասվում է անգամ, թե նրա կինն այդ ընթացքում ահազանգել է ոստիկանություն և ասել, որ սկեսուրն իրեն ծեծում է: Իսկ հարևաններն էլ բացատրություն են տվել, որ իբր իրենք լսել են, որ Մարտիրոսյանները վիճաբանում են, և իրենք միջամտել ու ամոթանք են տվել «կռվարար» ամուսիններին:

Բայց ամուսինները, միեւնույն է, չեն դադարել, եւ վեճը տեղափոխվել է բակ, եւ սկսել են իրար ծեծել: Այստեղ, արդեն, երկու երիտասարդ, որոնք Մհեր Սեդրակյանի թիմակիցներն են եւ հարեւանությամբ են բնակվում, իբր փորձել են կռվարար զույգին կարգի հրավիրել, բայց նրանց «խաղարարար» առաքելությունը վերաճել է ծեծկռտուքի:

Այժմ նախաքննությունը պետք է պարզի՝ արդյո՞ք Վահան Մարտիրոսյանի հարեւանները Մհեր Սեդրակյանի ահից կամ նրան շատ հարգել եւ սիրելուց են նման բացատրություն տվել, թե իրոք ամուսինները վիճել են, եւ հարեւանները, որոնք միաժամանակ Սեդրակյանի շրջապատից են, իսկապես ցանկացել են նրանց բաժանել:

Երբ վերը բերված վարկածի վերաբերյալ մեկնաբանության համար «Ժողովուրդ»-ը դիմեց Վահան Մարտիրոսյանին, նա ասաց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում: Ըստ նրա՝ իր կինը իրավապահներին ահազանգել է հենց թիկնապահների կողմից ծեծի ենթարկվելու ժամանակ: «Երեւի հասկանում եք, որ տան միջադեպի համար ոչ ոք ոստիկանություն չի զանգահարում: Վիճաբանություն մեր տանը չի եղել, մենք հանգիստ նստած ենք եղել, երբ այդ մարդը մտել է մեր տուն: Մեր տունը սեփական տուն է, եւ եթե վիճաբանություն լիներ, ոչ ոք չէր կարող լսել, քանի որ մեր տունն է, ու անմիջապես փողոցն է գալիս»,- պարզաբանեց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով հարեւաններին, թե վերջիններս իրավապահներին բացատրություն տալուց պատմել են, թե Վահանը տանը կնոջ հետ է վիճել, եւ իրենք հանդարտեցնելու համար են միջամտել, ակտիվիստը պատասխանեց. «Մեր փողոցը համատարած, բացի ինձնից, Սեդրակյան Մհերին կուռք են համարում: Օրինակ՝ դիմացիս հարեւանները բաղկացած են Սեդրակյան Մհերի բարեկամներից, մի քանի տուն այն կողմ նրա տունն է, մի քիչ ներքեւ՝ ռեստորանը: Եթե հարեւաններն ասելով՝ նկատի ունեն իրենց, ապա, բնականաբար, նրանք այդ ցուցմունքն էլ կտային իրավապահներին եւ մի բան էլ կասեն, թե թմրամոլ եմ կամ հարբեցող՝ դրանով փորձելով ամեն կերպ շեղել գործը»,- ասաց Մարտիրոսյանը: Ի դեպ, նա նաեւ հավելեց, որ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով իր կինը կորցրել է երեխային:

Քնար Մանուկյան




Լրահոս