ԼԱՎ ԿԼԻՆԵՐ՝ ՀՀԿ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն 8 ՄԻԼԻՈՆԸ ՏԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նախագահական ընտրություններին մասնակցելու համար պահանջվող 8 միլիոն դրամ գրավը վճարելու համար իրեն աջակցել են այն մարդիկ, որոնք գնահատում են ու երախտամոռ չեն:
-Պարո՛ն Հայրիկյան, նախընտրական քարոզարշավը վաղուց մեկնարկել է, Դուք գո՞հ եք ընթացքից:
-Դեռ ընթացքի մեջ է, դեռ վաղ է խոսել ինչ-որ արդյունքների մասին:
-Իսկ ինչ-որ խոչընդոտների հանդիպե՞լ եք այս ժամանակահատվածում:
-Չէ՛, այդպես լուրջ բան չի եղել, մանր-մունր գյադայություններ են ընդամենը, բայց որեւէ լուրջ բան չի եղել:
-Ի՞նչ է նշանակում «գյադայություններ», մի քանի խոսքով ասե՛ք, թե ինչպես են խոչընդոտել Ձեր քարոզչությունը:
-Չէ՛, արդեն ասացի, որ մանր-մունր բաներ են, այնքան աննշան բաներ են, որ դրանց անդրադառնալ պետք չէ:
-Դուք ինչպե՞ս եք գնահատում մյուս թեկնածուների քարոզարշավը: Իշխանության թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը շատ կոշտ քարոզարշավ է իրականացնում, մարդկանց հետ հանդիպումների ժամանակ կոպիտ հայտարարություններ է անում, անգամ վիրավորում:
-Ես լսել եմ, որ ինչ-որ մի բան ասել է:
-Այո՛, Մովսես գյուղում մի մեծահասակ մարդու բարձրացրած այն հարցին, որ արտագաղթը գյուղում մեծացել է, Ս. Սարգսյանը պատասխանել է, թե «տենց եք անում, որ խիարը թարս է բուսնում»:
-Դե դա ժողովրդական ասացվածք է, ես հիմա իր փաստաբանը չեմ, բայց տեղյակ եմ, որ այդ ասացվածքը նշանակում է, որ այդպես եք անում, որ մի բան սխալ է ստացվում: Ս. Սարգսյանի գործունեության վերաբերյալ ես իմ գնահատականները ունեմ, դրա պատճառով էլ դրել եմ իմ թեկնածությունը: Ինձ համար լեզվի մեկ-երկու սայթաքումները ոչ մի բան են, եթե, իհարկե, սայթաքում են: Բայց արդեն ասացի, որ դա ասացվածք է:
-Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էլ շատ կոպիտ է խոսել մի կնոջ հետ…
-Եթե ինչ-որ մեկն այդ պահին գործ է անում, ու ինչ-որ մեկն այդ պահին խանգարում է, կարող է ասել, որ խնդրում եմ՝ մի՛ խանգարեք, բայց ես այդ դեպքերին ծանոթ չեմ, ինչի մասին որ ասում եք: Ինձ՝ որպես քաղաքական գործչի, հետաքրքրում է, որ դիմացինս կոռեկտ քաղաքական հարցադրումներ կատարի: Իհարկե, բոլորս էլ միմյանց նկատմամբ պետք է լինենք չափի մեջ:
-Տեղեկություններ կան, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պահանջվող 8 միլիոն դրամ գրավն օգնել են վճարել Ձեր երբեմնի պայքարող ընկերները՝ Հանրապետական կուսակցության անդամները:
-Անո՛ւն ասեք, ո՞վ է ասել, մի հատ էլ իրենից հարցնենք, տեսնենք՝ իրեն ով է ասել: Բամբասանքներով ես չեմ զբաղվում, այդ տեսակ բաներն անիմաստ է մեկնաբանել: Չեն ուզում հասկանալ, որ ազգային ազատագրական պայքարի առաջնորդին գնահատողներ կան, բոլորը չեն սակավամիտ, բոլորը երախտամոռ ու անաղուհաց չեն: Կան նաեւ առողջ մարդիկ: Ու իրենք ասում են, որ իրենք պարտավոր են ինձ աջակցել: Հանրապետականն ու «Դաշնակցություն»-ը մեր զավակ կուսակցություններն են: ԱԻՄ-ը նրանց կայացման գործում մեծ ներդրում ունի: Օրինակ՝ վատ չէր լինի Ձեր ասածի նման, որ այդ կուսակցություններն իսկապես ասեին, որ մենք մեր մայր կուսակցությանը եւ նրա առաջնորդին ուզում ենք օժանդակել: Բայց այդ բամբասողները չեն ֆայմել նրանց ասել: Եթե նման բան լիներ, կարող էի գոհունակությամբ ասել՝ այո՛, նրանք ինձ գումար են տվել, որ ես նրանց տապալեմ՝ իրենց իշխանությունը: Բայց նման բան չկա:
-Լավ, իսկ ի՞նչ տվեց եռօրյա Ձեր հացադուլը, ի՞նչ կարողացաք փոխել դրանով:
-Եթե պետք է տար ավելին, քան ես էի ցանկանում, չգիտեմ: Բայց կարեւորն այն էր, որ Անդրիաս Ղուկասյանն իմանար՝ բարձրացրած հարցի ելակետային մասն իսկապես կարեւոր է: Ես կարեւոր եմ համարում, որ այդպիսի հարց բարձրացնող մարդուն իմ աջակցությունը պատշաճ կերպով հայտնել եմ: Ես նաեւ դրանով ցույց տվեցի, որ քաղաքական ցույցերն ունենում են սկիզբ եւ ավարտ: Ես նկատեցի, որ Անդրիասն ուզում է մինչեւ վերջ պահել հացադուլը, բայց դա արդեն այլ հարց է: Ես ասել եմ, որ պայքարը պետք է շարունակել, ու պետք չէ սպանել մեզ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս