Մեկ տասնյակից ավելի ընկերություններ հետաքրքրված են Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ-Գյումրի (Տրանշ 3) ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հետաքրքրություն են ներկայացրել մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Հայաստանից:

Ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցերը մանրամասնելու և պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ հարց ու պատասխան – քննարկում, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը, ՊՈԱԿ-ի իրավաբանական, ֆինանսական և ինժեներական կազմի պատասխանատուներ, մեկ տասնյակից ավելի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին` Արթուր Առաքելյանը նշեց, որ նախարարության աշխատակիցները պատրաստ են «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ տալ։

Հրապարակային քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր. մասնավորապես՝ մրցույթի հայտը կազմելուն, ընթացակարգերին, տեխնիկական մասնագրերին, ճանապարհահատվածի շինաշխատանքներն իրականացնելու պայմաններին վերաբերող:

Մրցույթով հետաքրքրված շինարարական կազմակերպությունների մասնագետները հաջորդ օրն այցելեցին նաև շինհրապարակ, որտեղ ծանոթացան աշխատանքների ծավալին և ճանապարհի առկա վիճակին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանի խոսքով, նման այցերը շինարարական կազմակերպություններին հնարավորություն են տալիս ուսումնասիրելու շինհրապարակը, հասկանալու իրավիճակը, որից հետո ընկերությունների մասնագետներն ավելի հեշտ կարող են կազմել մրցութային հայտը.

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Թալինից Գյումրի ընկած ճանապարհի Լանջիկ-Գյումրի շուրջ 27 կմ երկարությամբ հատվածը կառուցվելու է Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ։ Բոլոր հետաքրքրված կազմակերպությունները, որոնք թվով 13-ն են, հրավիրվել են շինհրապարակ, տեղում ուսումնասիրելու ճանապարհը։ Ուզում եմ արձանագրել, որ սա արդեն կարևոր և գործնական սկիզբն է ծրագրի շարունակության»,- ասաց Ա. Սարգսյանը:

Շինհրապարակ էին այցելել  նաև Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աճեմյանը նշեց, որ «Հյուսիս-հարավ»-ը շատ կարևոր ծրագիր է.  «Այս ծրագիրը ռազմավարական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Շատ ուրախ ենք, որ 13-ից ավելի կազմակերպություններ հետաքրքրված են  ծրագրով, դա մեծ ցուցանիշ է: Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարության հետ մենք ունենք երկխոսության ծրագրեր, ինչի արդյունքում կառավարությունը մատնանշում է այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք անհրաժեշտ ներդրում և օժանդակություն ցուցաբերել: Հատկապես ճանապարհաշինության ոլորտում մենք պատրաստ ենք համագործակցել Տրանսպորտի և կապի նախարարության հետ, որովհետև գտնում ենք, որ նախարարությունը շատ ճիշտ և կազմակերպված է աշխատում: Մենք կարող ենք էլ ավելի բարելավել մեր գործընկերային հարաբերությունները»:

Չինական «Ցնուդ Էյշա Լիմիթիդ» կազմակերպության ներկայացուցիչ Դենիս Չին էլ համոզված է, որ հետագայում ևս Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու մեծ հնարավորություններ կան.«Նման ծրագիր ընկերությունն իրականացնում է նաև Իրանում, և կարող ենք նույն աշխատանքն այստեղ էլ կատարել»:

Մրցույթի արդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը, որն էլ կիրականացնի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:




Լրահոս