«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը օրերս Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին հորդորել է հրաժարվել խմբի ղեկավարի պաշտոնից: Ըստ այդ լուրերի՝ դեսպանը Նաղդալյանին ասել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ռուսական «Գրիբայեդով» ակումբի անդամ է, չի կարող ղեկավարել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը: Հերմինե Նաղդալյանն էլ հետեւել է դեսպանի հորդորին ու հրաժարական է ներկայացրել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշված բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Ավելին՝ նա այդ նշանակումից բավականին ոգեւորվել է եւ հատուկ այդ առիթով Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների համար «բանկետ» է կազմակերպել, որին հրավիրված է եղել նաեւ դեսպան Ռիչարդ Միլզը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ խնջույքին, ի թիվս մի շարք պատգամավորների, մասնակցել են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը եւ Գուրգեն Արսենյանը, իսկ ՀՀԿ-ից՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Ռուզաննա Մուրադյանը:
Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը Եվրախորհրդում հայկական պատվիրակության ղեկավարն է. հետաքրքիր է՝ եվրոպացիները ինչ «պատժամիջոցներ» են նախատեսել Նաղդալյանի համար: Նրանք էլ «սեւ ցուցակ» չգցե՞ն ԱԺ փոխխոսնակին:
Առաջիկա օրերին նախագահական նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հերթական սահմանադրական ֆոտոսեսիան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես բոլոր քաղաքական ուժերին կհրավիրի իր մոտ՝ նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու նպատակով: Ի դեպ, հրավերն հատուկ այնպես է ձեւակերպվելու, որպեսզի իշխանությունների սիրելի կուսակցությունները, որոնք սիրում են ընտրություններից առաջ ընդդիմություն խաղալ, չնեղվեն եւ համարձակ գնան նախագահական: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հրավիրելու է՝ «կուսակցությունների կարծիքները, այդ թվում առարկությունները լսելու համար»: Ուստի, ասենք, ՕԵԿ-ականները համարձակ կգնան հանդիպման եւ դուրս գալով՝ կհայտարարեն, որ իրենք գնացել էին իրենց առարկությունները ներկայացնելու: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից թերեւս ՀԱԿ եւ «Ժառանգությունը» հանդիպմանը չեն գնա, քանի որ ամբողջությամբ դեմ են հրապարակված նախագծին:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը իրավապահներին կտրականապես հերքել է տեղեկությունը, թե ինքն է հրահանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկել: Ըստ ամենայնի, Հայրապետյանը համոզված է, որ Ավետիսյանը չի կարողանա ապացուցել, որ հենց Հայրապետյանն է նման հրահանգ տվել: Ի դեպ, այս դետալը կարեւոր է՝ ոչ միայն միջադեպը իրավական, այլ զուտ մարդկային տեսանկյունից գնահատելու համար: Հասկանալի է, չէ՞, եթե Ավետիսյանին հաջողվի ապացուցել, որ հենց Հայրապետյանն է նման հրահանգ տվել, ապա վերջինս, մեղմ ասած, ամոթալի վիճակում կհայտնվի: Հո մեղքը չի՞ բարդելու միայն թիկնապահների վրա: Ի դեպ, այս պատմության մյուս «հերոսը»՝ «Տարոն-ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, ով Հայրապետյանին «կռվեցրել է» Ավետիսյանի հետ, պարզվում է՝ Հայաստանից դուրս է եկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա հենց միջադեպի օրը՝ օգոստոսի 15-ին, մեկնել ՌԴ, իսկ ավելի կոնկրետ՝ Սոչի:
Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները նրան հորդորել են ձեռնպահ մնալ Հովհաննիսյանին այդ պաշտոնում առաջարկելուց: Այդ նշանակման «դեմ» արտահայտվողներն իրենց տեսակետը հիմնավորել են այն հանգամանքով, որ առանց այդ էլ Հովհաննիսյանի՝ ԱԺ նախագահի խորհրդականից պատգամավոր դառնալու հանգամանքը բազմաթիվ խոսակցությունների եւ քննարկումների առարկա է դարձել: Ուստի, եթե նա նշանակվի արդարադատության նախարար, ապա այդ հանգամանքը նորանոր լուրերի եւ քննարկումների առիթ կարող է դառնալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը, ի վերջո, համաձայնել է «դեմ տեսակետների» հետ եւ որոշել է արդարադատության նախարարի պաշտոնի համար Սերժ Սարգսյանին չառաջարկել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Տեսնենք՝ ինչքանով կիրականանան այս լուրերը, քանի որ պնդողները կարող են առանձին շահագրգռվածություն ունենալ:
ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՎ
Երբ հունիսի 27-ին Սերժ Սարգսյանը, տեղի տալով Բաղրամյան պողոտան արդեն չորս օր փակած ցուցարարների պահանջին, հայտարարեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվել է` «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման վերաբերյալ նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար, փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ», ցուցարարների զգալի մասը դա որակեց որպես ոչինչ չտվող խոստում, որի իրական նպատակը ժամանակ շահելն է: Մինչդեռ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները դա համարեցին քայլ առաջ եւ հայտարարեցին, որ անհրաժեշտ է մտածել պայքարի հաջորդ փուլի մասին` հաշվի առնելով նաեւ իշխանության այս առաջարկը:
Հաջորդող օրերին հնչեցին ամենատարբեր մեկնաբանություններ, գնահատականներ, կանխատեսումներ, թե իբր այդ աուդիտը որեւէ հարցի պատասխան չի տա, եւ ավելին` այն առհասարակ չի կայանա: Նախօրեին, սակայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կմեկնարկի միջազգային աուդիտը, եւ հանրությունը հնարավորություն կունենա ստանալ իր հարցերի պատասխանները: «Եթե ՀԷՑ-ում թալան կա, թող աուդիտ արվի, եւ թող թալանի մասնակիցները պատասխանատվության ենթարկվեն», – ասել է վարչապետը:
Այսպիսով` ինչքան էլ թերահավատ լինենք անցկացվելիք աուդիտի անաչառության հարցում, փաստն այն է, որ իշխանություններն իրենց խոստումից հետ չեն կանգնել. գուցեեւ ձեւական, սակայն աուդիտ լինելու է: Իսկ որպեսզի այն ձեւական չլինի, եւ դրա ընթացքում իրապես ուսումնասիրվեն ՀԷՑ-ի մութ գործարքները, անհրաժեշտ է քաղաքացիական ակտիվիստների եւ փորձագետների ներգրավվածությունը, ինչի առաջարկն, ինչպես արդեն վերեւում նշվեց, արել էր Սերժ Սարգսյանը:
Սակայն ուր են այսօր այդ նույն ակտիվիստները, արդյոք անցնող մեկուկես ամսվա ընթացքում նրանք ձեւավորել են համապատասխան մասնագիտական խումբ եւ դիմել են Կառավարությանը` այդ խումբը աուդիտի աշխատանքներում ներգրավելու պահանջով: Որքան էլ տխուր է, սակայն այս ուղղությամբ ոչինչ չի արվել, դրա փոխարեն անցած ժամանակահատվածում քաղաքացիական ակտիվիստները զբաղված էին միմյանց միջեւ հարցեր պարզելով, միմյանց պիտակավորելով եւ ինքնապառակտվելով: Այնինչ, եթե նրանց իրական գերխնդիրը ՀԷՑ-ում առկա չարաշահումների բացահայտումն էր եւ դրա միջոցով սակագնի բարձրացման որոշման չեղարկումը, ապա նրանք պետք է Կառավարությանն օր ու գիշեր հանգիստ չտային` հարցապնդելով, թե ինչ եղավ աուդիտը:
Իսկ գուցե ի սկզբանե իշխանության առաջարկը մերժելը ավելի հե՞շտ է: