ՌԴ-Ն ՆԵՐՔԱՇՎԱԾ Է ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ իշխանությունները խոսեն ազատ մամուլի եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների բացակայության մասին՝ համարելով դա իրենց ձեռքբերումը, իրականությունն այլ բան է ցույց տալիս: «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ քողարկված ճնշումները դեռ չավարտված՝ եւս մեկ լրատվամիջոց դառնում է իշխանական ռեպրեսիայի զոհ:
Խոսքը «Ռադիո հայ» (FM 104,1) ռադիոկայանի մասին է, որին վերջերս մի իսկական անակնկալ մատուցվեց. ամենավստահելի գործընկերներից մեկը հանդիսացող «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը հանկարծակի խզեց համագործակցության պայմանագիրը՝ որպես պատճառ բացահայտորեն նշելով «Ռադիո հայ»-ի սեփականատեր Անդրիաս Ղուկասյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հանգամանքը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ անձամբ Ա. Ղուկասյանից:
«Սա անակնկալ էր ռադիոկայանի համար, եւ մեր գործընկերոջ այս քայլը դուրս էր տրամաբանությունից, որովհետեւ մենք սկսեցինք նոր եթերային տարի, ունեինք պայմանագիր համագործակցության համար, բնականաբար պայմանագիրը ենթադրում էր, որ եթե հարկ լինի վաղաժամ ընդհատման, ապա, ըստ կարգի, պետք է լինի համապատասխան գրավոր ծանուցում: Այնինչ «Գոլոս Ռոսսիի»-ի ներկայացուցիչներն ընդամենը էլեկտրոնային փոստով տեղեկացրին իրենց որոշման մասին եւ հայտնեցին, որ որոշումը կապված է իմ քաղաքական գործունեության հետ, մասնավորապես հացադուլի հայտարարման հետեւանքն է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Ի դեպ, «Գոլոս Ռոսսիի» ռկ-ն ՌԴ պետական ռադիոկայան է, «Ռադիո հայ»-ը «Գոլոս Ռոսսիի» ծրագրերից մեկը հեռարձակում էր Հայաստանի երեք քաղաքներում, որի համար, համաձայն պայմանագրի, վճարվում էր, ինչը, ըստ Ղուկասյանի, կազմում էր «Ռադիո հայ»-ի եկամուտների 30-40%-ը:
Թեեւ ռուս գործընկերները Ա. Ղուկասյանին հայտնել են, որ որոշումն իրենց ղեկավարությանն է, սակայն այստեղ չի բացառվում նաեւ ՀՀ իշխանությունների գործոնը: Եթե հաշվի առնենք, որ «Ռադիո հայ»-ն արդեն երկար տարիներ հեռարձակում է նաեւ «Ազատություն» ռկ-ի թողարկումները՝ նաեւ Հայաստանի մարզերում, ինչպես նաեւ Ղուկասյանի՝ Սերժ Սարգսյանի դեմ առաջադրվելու, հացադուլ անելու եւ Սարգսյանի թեկնածությունը հանել պահանջելու փաստը, ապա կարելի է ասել, որ իշխանությունները «Ռադիո հայ»-ի նկատմամբ անուղղակի ճնշումներ գործադրելու պատճառներ ունեին եւ ունեն այսօր էլ: Իսկ այսպիսի հարվածը ռկ-ի համար բավական ուժեղ էր:
Այս ամենի հիման վրա Ա. Ղուկասյանը կրկին հաստատում է այն իրողությունը, որ ՌԴ-ն ներքաշված է ՀՀ ընտրական գործընթացի մեջ:
Նշենք նաեւ, որ վերջերս խոսակցություններ էին շրջանառվում, թե իբրեւ Ա. Ղուկասյանի ձեռքից «Ռադիո հայ»-ը փորձում էին խլել, եւ այդ իսկ պատճառով Ղուկասյանն առաջադրվել է նախագահի թեկնածու, որպեսզի չկորցնի եւ պահի իր ռադիոկայանը: Նախագահի թեկնածուն, սակայն, հերքեց. «Բացարձակապես սուտ տեղեկություններ են, չեն համապատասխանում իրականությանը: Ոչ ոք երբեւէ չի փորձել կամ չի առաջարկել գնել կամ ինչ-որ ձեւով ձեռք բերել «Ռադիո հայ»-ը: Իսկ իմ՝ նախագահ առաջադրվելը որեւէ կերպ կապված չէ ռադիոյի գործունեության հետ»:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս