Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն, 1988թ.-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռոյ Ջոնս կրտսերը, ով ավելի վաղ ռուսական քաղաքացիություն էր խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, խոստովանել է իր սերը Ղրիմի հանդեպ, ինչպես նաև հայտարարել ՌԴ-ում բռնցքամարտի դպրոց բացելու մտադրության մասին, գրում է РИА Новости-ն:
Ղրիմը, ինչպես նշել է Ջոնսը, հիշեցնում է իր հայրենիքը: «Այստեղ նույն կլիման, լողափները և ծովն է, ինչպես և տանը»,- ասել է բռնցքամարտիկը: Նրա խոսքով` նա իրեն հարմարավետ է զգում Ղրիմում, իսկ ամենից շատ նրան դուր է եկել թերակղզու հարավում գտնվող Պարտենիտ գյուղը:
Ջոնսը նաև հայտնել է, որ իր պլանների մեջ է մտնում Ռուսաստանում բռնցքամարտի դպրոցի բացումը, որտեղ նա մտադիր է մարզել ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է օգնել բռնցքամարտիկին Ռուսաստանի քաղաքացու անձնագիր ստանալու հարցում: Պուտինի խոսքով` Ռոյը պետք է կապի իր կյանքի զգալի մասը Ռուսաստանում գործունեության հետ:
Ղրիմում ամերիկացի բռնցքամարտիկը կմասնակցի «Գիշերային գայլեր» բայք շոուին: