ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից «էյր Արմենիայի» սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու միջադեպից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն առեւանգել են իր ամուսնուն՝ Արսեն Ավետիսյանին, երկու ժամ պահել են եւ ծեծի ենթարկել՝ ստիպելով «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին օդանավի վարձակալության համար ունեցած պարտքը վճարել Ռուբեն Հայրապետյանին: Իզաբելլան հայտնել է նաեւ, որ Գառնիկ Պապիկյանն է Արսեն Ավետիսյանին ասել, որ նա պարտավոր է գումարը Ռուբեն Հայրապետյանին վճարել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում այն «կվճարեն նրա երեխաները»: Բանն այն է, որ «Էյր Արմենիա»-ն «Տարոն-Ավիայից» «Բոինգ» ինքնաթիռ է վարձակալել, որի դիմաց պարտքը կազմել է 2.5 միլիոն դոլար: Բայց այդ պարտքը ոչ թե «Տարոն-Ավիայինն» է, այլ Արաբական Միացյալ էմիրություններում կրկին Գառնիկ Պապիկյանի կողմից ստեղծած «Ալա ինթերնեյշնլ» ընկերությանը:
Նկատենք, երբ օգոստոսի 12-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «East Prospect Fund»-ը 68 միլիոն դոլարի արժեթղթեր է մուտք արել «Էյր Արմենիայի» բալանսին, Հայրապետյանն ու Գառնիկ Պապիկյանն անմիջապես գործի անցան՝ Արսեն Ավետիսյանին «բերման ենթարկելով»:
«Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հասած տեղեկություններով՝ Արսեն Ավետիսյանը իրավապահներին բացատրություն է տվել, որ Ռուբեն Հայրապետյանն է հրահանգել իրեն ծեծի ենթարկել: Իրավապահները հարցաքննել են նաեւ Ռուբեն Հայրապետյանին, որը, ինչպես եւ սպասվում էր, հայտնել է, թե նման բան չկա, եւ ինքը չի ծեծել ու չի հրահանգել:
Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ անձանց միջեւ «ռազբորկաների» դեպքում մշտապես ծեծի ենթարկելու կամ առեւանգելու հրահանգները թիկնապահներին տալիս է Ռուբեն Հայրապետյանի անվտանգության պետը՝ Եզդի Աշոտը: Ու երբ իրավապահները խառնվում են գործին, պատժվում են շարքային թիկնապահները՝ հայտնվելով ճաղերի հետեւում: Այսինքն՝ Եզդի Աշոտն ու իր ղեկավարը մշտապես պատմությունից չոր են դուրս գալիս: Այսպիսի մի դեպքի մենք ականատես եղել ենք, երբ 2012թ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով մահացավ հիվանդանոցում, բայց ճաղերի հետեւում հայտնվեցին շարքային թիկնապահները:
Իսկ որտե՞ղ է այս պատմության հիմնական դերակատար «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի սեփականատեր Գառնիկ Պապիկյանը: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` իրավապահներին չի հաջողվել հարցաքննել նրան, քանի որ Գառնիկ Պապիկյանը երկրում չէ. այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ Սոչի քաղաքում: Ի դեպ, վերջինս, ըստ Արսեն Ավետիսյանի մտերիմների, երկիրը լքել է հենց դեպքի օրը: Ստացվում է, որ «կռիվ կինոյի» հիմնական դերակատարը «թռած է»:
Այսպիսով, գործն այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում եւ, ըստ էության, առաջիկայում Ռուբեն Հայրապետյանի եւ Արսեն Ավետիսյանի միջեւ առերեսում կլինի, քանի որ երկուսի տված ցուցմունքներում կան ակնհայտ հակասություններ: Հետաքրքիր է՝ արդյո՞ք առերեսման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը կպնդի, որ ինքը չի եղել ծեծի ենթարկողը:
Ծեծը ձեռնտո՞ւ էր նրան
Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ իրականում Արսեն Ավետիսյանի համար «շահեկան» էր ծեծվածի կարգավիճակում հայտնվելը, քանի որ Ավետիսյանի դեմ պարտքի պահանջով 50-ից ավել դատական հայցեր կան: Նշված 50 պարտատերերի մեջ է մտնում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Ավիասնունդ» ընկերությունը, որի պարտքը հասնում է 400 հազար դոլարի: Բայց պարզվում է՝ օգոստոսի 12-ին «East Prospect Fund»-ի կողմից 68 միլիոն դոլարի արժեթղթերի մուտքի գործարքը չեղյալ է համարվել. օֆշորում գրանցված ընկերությունը մտադիր է հետ վերցնել արժեթղթերը՝ պատճառաբանելով, որ Հայաստանում բիզնես միջավայրն ապահով չէ: Եվ, ահա, այս ֆոնին Արսեն Ավետիսյանին ձեռք էր տալիս հայտնվել այնպիսի կարգավիճակում, որ պարտքատերերը չշտապեն գումար ուզել:
Իսկ ո՞ւմ էր ձեռնտու
Այն, որ տեղի ունեցած միջադեպը բարձրաձայնվեց, եւ հուսանք, որ արարքն անպատիժ չի մնա, դա դրական տեղաշարժ է, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, թե քանի նման դեպքեր են եղել անցնող օրերի ու ամիսների ընթացքում, որոնք գաղտնի են պահվել քրեական շրջանակների կողմից: Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ այս միջադեպին մեծ հնչեղություն տալը ամենեւին էլ պատահականություն չէ, եւ խորը արմատներ ունի: Ըստ ամենայնի, մեծ աղմուկի հովանավորները ՀՀ Կառավարության որոշ անդամներ են:
Ինչպես հայտնի է՝ 2014 թվականին քրեական աշխարհը խառնվել էր իրար: Բանն այն է, որ քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը` հայտնի Տույ մականվամբ, որը այս օրերին կալանքի տակ է, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին` Գեւորգ Մելիքյանին: Այս «ռազբորկային» խառնվել էր իշխանական վերնախավը: Երրոդմասցի Լյովիկը հովանավորվում էր Կառավարության կողմից, որ Հայաստանում կարգվի որպես թիվ մեկ քրեական հեղինակություն, մինչդեռ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ու Մհեր Սեդրակյանը, որոնք քրեական աշխարհում ազդեցիկ դեմքեր են, ամեն ինչ անում էին՝ Օշականցի Գեւորիկին սատարելու համար:
Այս պատմությունն ավարտվեց, սակայն ամիսներ անց՝ 2015թ մարտի 4-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում Լեւոն Ղազարյանը՝ Երրորդմասցի Լյովիկը, սպանվեց, եւ կառավարական ծրագիրը տապալվեց: Ուստի դատելով ստեղծված իրավիճակից՝ չի բացառվում, որ իշխանական վերնախավը երկար էր սպասել Ռուբեն Հայրապետյանի սայթաքելուն, որպեսզի կարողանար աղմուկ բարձրացնել եւ քրեական աշխարհում նրա դիրքերը թուլացնել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է ենթադրել, որ քրեական աշխարհի խմորումները չեն դադարել, եւ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՑՆԱՀԱՐԵԼ Է ՔՆԱԾ ԵՂԲՈՐԸ
Երկու եղբայրների միջեւ տարիներ շարունակ առկա տարաձայնությունը ունեցավ իր ցավալի ավարտը: Երեկ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը կացնահարվել էր 25-ամյա Վլադիմիր Կարապետյանը: Ավելի ուշ նրա 27-ամյա եղբայրը խոստովանել է, որ ինքն է սպանել եղբորը:
Նշենք, որ երկու եղբայրների միջեւ մշտապես տարաձայնություններ եղել են: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նույնիսկ ամիսներ առաջ երկու եղբայրները ծեծել են միմյանց, որից հետո գործին խառնվել են իրավապահները, սակայն եղբայրները իրավապահներին բացատրել են, թե միմյանց նկատմամբ բողոք չունեն, որից հետո գործը կարճվել է:
Վլադիմիրին սպանած եղբայրը խոստովանել է, որ մշտապես լինելով հակասությունների մեջ՝ վերջնականապես վրեժխնդիր է եղել եղբորից՝ նրան քնած ժամանակ կացնահարելով:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կացնահարված Վլադիմիր Կարապետյանը մշտապես հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, պարզվել էր, որ 2011 թվականի մարտին Վլադիմիր Կարապետյանը Երեւան քաղաքի Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցքի 18 տան ցանկապատի վրայով մտել էր Աննա Բաղդասարյանի բակ եւ այնտեղից գողացել կնոջը պատկանող 50.000 դրամանոց ալյումինե կաթսան:
2011 թվականի փետրվարին Վլադիմիրը մուտք էր գործել Երեւան քաղաքի Դուրյան փողոցի թիվ 1 տուն եւ գողացել տանտիրոջը՝ Մարուսյա Կոջոյանին պատկանող էլեկտրական շաղափն ու «բալգարկան»՝ վերջինիս պատճառելով 100.000 դրամի վնաս:
2011 մտել էր Հովհաննես Բադալյանին պատկանող ավտոտնակ եւ գողացել էր թվով 19 հատ խորովածի շամփուրներ:
Նույն տարում մուտք էր գործել Երեւան քաղաքի Սեբաստիա 5/1 տան բակ, որտեղ գտնվող աստիճանահարթակի մոտից փորձել էր գողանալ Իշխան Քոլոյանին պատկանող էլեկտրաեռակցման սարքը, սակայն ծանր լինելու պատճառով չէր կարողացել. էլեկտրաեռակցման սարքը տարել էր մինչեւ այգու մուտքի մոտ, որտեղ էլ թողել եւ հեռացել էր:
Մուշ թաղամասում գտնվող 29-ը տան բակից էլ գողացել էր Մուշեղ Վարոսյանին պատկանող ալյումինե մալուխները, իսկ Ջիվանու 2-րդ նրբանցքի 38 տան բակից գողացել էր Գագիկ Սարգսյանին պատկանող սառնարանի ռադիատորը:
Բայց սա դեռ ամբողջը չէ. Երեւան քաղաքի Շահումյան 72 հասցեում գտնվող «Երեւանշին» ԲԲ ընկերության տարածքից գողացել էր Արամայիս Հովսեփյանին պատկանող ալյումինե մալուխներ, մտել էր «Տոսպ» ԲԲ ընկերության տարածք եւ գողացել Խաչիկ Շահբազյանին պատկանող զոդման սարքը: Այս գողությունները Վլադիմիրը խոստովանել էր դատարանում, ինչի համար նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման եւ կալանավայրից դուրս էր եկել 2015 ապրիլին: Եվ, ահա, ազատազրկումից ամիսներ հետո էլ եղբայրը կացնահարեց նրան: Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ ԱՌ ՈՉԻՆՉ
Երեկ Armlur.am-ի խմբագրություն է ահազանգել «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանի մայրը՝ Նինա Պետրոսյանը, ում փոխանցմամբ, որդին արդեն երկրորդ օրն է՝ հացադուլի մեջ է: Անժամկետ հացադուլի պատճառն այն է, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ կենտրոնական տեղաբաշխման հանձնաժողովը անօրինական կերպով մերժում է Ա. Այվազյանին բաց ռեժիմ տեղափոխելու դատարանի որոշումը. «Որդուս պաշտպանի՝ Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ նրան բաց ռեժիմ տեղափոխելու մասին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է, սակայն հանձնաժողովը՝ ի դեմս դրա նախագահ Ռաֆիկ Հովհաննիսյանի, առանց տրամաբանական պատճառաբանության մերժել է կատարել դատարանի որոշումը: Հետո բողոքարկել ենք վերաքննիչ դատարան, որտեղ եւս մեր բողոքն ընդունվել է, եւ հավանություն է տրվել որդուս տեղափոխելուն: Ու հանձնաժողովը կրկին մերժել է»: Հուսահատված մոր խոսքով՝ որդու 14- ամյա պատժի կրմանը մնացել է 5,5 ամիս ժամանակ: Արթուր Այվազյանին երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ:
ԱՄԵՆԱՏԱՐԵՑԸ
«Փրայմ Քրայմ» գործակալության փոխանցմամբ` Երեւանում կյանքի 87-րդ տարում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Կառլեն Թովմասյանը, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Գիժ Կառլեն։