ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԻՍԵԼՈՒ ՓՈԽԽՈՍՆԱԿԻ ՊԱՇՏՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը մոտենում է իր հանգուցալուծմանը: Հապճեպորեն հրապարակելով «Նախագիծը» եւ նոյեմբերին այն հանրաքվեի դնելով՝ իշխանությունը ցանկանում է մինչեւ այս տարվա վերջ լուծել 2018թ-ին Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հարցը: Հսկայական քննադատության արժանացած այդ նախագծի՝ Ազգային ժողովին վերաբերող հերթական հոդվածը սահմանում է, որ կուսակցությունները պիտի նախապես հայտարարեն կառավարության ղեկավարի իրենց թեկնածուի անունը: Փաստաթղթի վիճահարույց մեկ այլ հոդված էլ վերաբերում է ԱԺ փոխխոսնակի ընտրությանը:

Այսպես՝ «Նախագծի» 89-րդ հոդվածի 5-րդ կետում առաջարկվող տարբերակով «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն եւ Կառավարության ծրագրի հիմնադրույթներ»: Ըստ էության, Կառավարության ծրագրի հիմնադրույթների ներկայացումը նույնն է, ինչ նախագահական ընտրությունների թեկնածուների նախընտրական ծրագրերի հրապարակումը: Այսինքն՝ որքան էլ որեւէ կուսակցության հրապարակած հիմնադրույթները լինեն գրավիչ եւ հաճելի, դրանք մնալու են թղթի վրա այնպես, ինչպես քանիցս տեսել ենք նախագահական ընտրություններից հետո: Հարկ է հիշել, որ Սերժ Սարգսյանը 2008թ. նախընտրական իր ծրագրում հայտարարում էր, որ կենսաթոշակառուների համար ապահովելու է արժանավայել կյանք: Այդ ծրագրի հրապարակումից անցել է ավելի քան 7 տարի, մինչդեռ ցանկացած թոշակառու կփաստի, որ իր կենսամակարդակում որեւէ իրական բարձրացում չի եղել, իսկ արժանավայել կյանքի մասին ընդհանրապես ամոթ կլինի հիշատակելը: Ավելին՝ Սարգսյանը 2008թ-ին ամբիոններից բարձրագոչ հայտարարություններ էր անում, թե յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք տուն եւ մեքենա գնելու հնարավորություն է ունենալու: Կարելի է ասել, որ Սարգսյանը կատարել է այս խոստումը՝ մարդկանց ստիպելով հայտնվել մի իրավիճակում, երբ ողջ ունեցվածքը վաճառում են Հայաստանից փախչելու համար, ինչի շնորհիվ էլ Հայաստանում մնացողների՝ տուն եւ ավտոմեքենա գնելու հնարավորությունները, լոկ առաջարկի բազմազանությամբ պայմանավորված, ավելի են մեծացել:
Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ կուսակցության՝ վարչապետի սեփական թեկնածության հրապարակման պահանջին, ապա այստեղ ծագում են մի շարք հարցեր: Նախ նկատենք, որ ցանկացած ընտրացուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող գործիչն ինքնին համարվում է տվյալ ուժի վարչապետի թեկնածուն: Բացի այս՝ նման պահանջով կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը զրկվում է իր ներքին ինքնուրույնությունից, քանզի կարող է պատահել, որ դրա ներսում կան մեկից ավել գործիչներ, որոնք հավակնում են այդ պաշտոնին, եւ որեւէ մեկին ընտրելու որոշումը կուսակցությունը գուցե ցանկանում է թողնել ընտրությունների արդյունքներից հետո ընկած ժամանակահատվածին: Ի վերջո, վարչապետի թեկնածության հրապարկման պարտադրանքով խեղդվում են կուսակցության ներսում ժողովրդավարական գործընթացները: Վերջապես, եթե իշխանությունը պատրաստվում է ներդնել ռեյտինգային քվեարկության ինստիտուտը, այդ պարագայում լիովին անհեթեթ է դառնում վարչապետի թեկնածության հրապարակումը, քանզի ԱԺ-ում կարող են հայտնվել կուսակցական ցուցակի այնպիսի գործիչներ, որոնք կարող են լինել Կառավարության ղեկավարի այլընտրանքային թեկնածու: Ընդգծենք, որ այսպիսի անհեթեթ մեխանիզմների ներդրումը ժողովրդավարական համակարգի պարագայում անխուսափելիորեն կհանգեցնի անարխիայի: Սակայն, երբ երկիրը հեռու է իրական ժողովրդավարության սկզբունքներից, եւ իշխանական ողջ համակարգը գտնվում է մի հոգու ձեռքում, սահմանադրական նման լուծումները պարզապես գտածո են, որ ապահովում են այդ մեկի անխափան ազդեցությունը թե՛ սեփական կուսակցության, թե՛ պետական համակարգի նկատմամբ: Ի դեպ, հավելենք, որ, օրինակ, Գերմանիայում նման բան չկա, եւ կուսակցությունները կաշկանդված չեն վարչապետի անուն հրապարակելով, ինչը պայմանավորված է գերազանցապես այն հանգամանքով, որ կուսակցությունները հաճախ ստիպված են կոալիցիա կազմել ու վարչապետ ընտրել բանավեճերի ու փոխզիջումների արդյունքում: Իսկ մեզ մոտ, եթե կա «կայուն մեծամասնություն», որն էլ ունի Սարգսյանի նման «անայլընտրանք» առաջնորդ, ժողովրդավարություն խաղալն ավելորդ շքեղություն կլինի:
ԱԺ նախագահի ու տեղակալների ընտրությունը կարգավորող 104-րդ հոդվածը շեշտում է, որ փոխխոսնակներից մեկը պիտի լինի ընդդիմադիր պատգամավոր: Արտաքուստ բարի ու դրական հույզեր առաջացնող այս պահանջը իրականում մեծագույն ծաղրանք է ընդդիմության նկատմամբ, ինչը ապացուցվում է այս նախագծի տրամաբանությամբ: Ըստ այդմ, ԱԺ-ի ընտրությունների երկրորդ փուլի մեխանիզմը ներդնելով՝ իշխանական է լինելու միայն մեկ խմբակցություն, իսկ մնացածը՝ ընդդիմադիր, որոնք միմյանց հետ կատաղի կռվի մեջ են մտնելու փոխխոսնակի աթոռը ստանալու համար: Ավելին՝ ԱԺ-ում իշխող ուժը ունենալու է բացարձակ, անհաղթահարելի մեծամասնություն, որի ոչ մի որոշմանը ընդդիմությունը չի կարողանալու դիմադրել, հետեւաբար ի՞նչ կարող է անել ԱԺ նիստերը երբեմն վարելու մանդատ ունեցող ԱԺ փոխնախագահը: Իշխանությանը, սակայն, նման լուծումը լիովին բավարարում է, ինչով հերթական լարվածությունն են սերմանում ընդդիմադիր խմբակցությունների միջեւ, ինչպես նաեւ արտաքին շրջանակներին ցուցադրում, որ մեզ մոտ ընդդիմությանը փոխխոսնակի պաշտոն է հատկացված: Հատկանշական է, որ այսօրինակ լուծումները բնորոշ են թույլ զարգացած ժողովրդավարություններին, որտեղ ընտրությունները չեն կազմակերպվում հավուր պատշաճի, իսկ խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն ներդաշնակ աշխատանքներ չեն անցկացվում: Ուստի ընդդիմությանը վերահսկողական իրական լծակներ տալու փոխարեն իշխանությունն առաջնորդվում է իմիտացիոն գործողություններով: Ըստ ամենայնի, այդ պաշտոնը կհատկացվի ՀՅԴ-ին՝ ի նշան ՀՀԿ-ի հետ «կառուցողական» ու «հայրենանվեր» համագործակցության:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԻՋԵՎԱՆՈՒՄ ՄԱՏՉ-ՌԵՎԱՆՇ ԿԼԻՆԻ՞
Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ արդեն իսկ առաջադրվել են Իջեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի կողմից առաջադրված ՀՀԿ-ական Վարդան Ղալումյանը, ինքնառաջադրված, Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը եւ «ՆիկԱրմ ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արմեն Խաչատրյանը:
Վերջինս, սակայն, նախօրեին դուրս է եկել ընտրապայքարից: Նա օգոստոսի 15-ին դիմել է թիվ 41 ԸԸՀ, որպեսզի իր թեկնածությունը չգրանցեն: Ա. Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել իր ցանկությամբ, անցած 4 տարում Իջեւանում շատ գործեր են արվել, սակայն խնդիրներ կան լուծելու, եւ ինքը մտադիր էր քաղաքապետ ընտրվելով՝ դրանք լուծել:
Սակայն Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի առաջադրվելուց հետո իրավիճակը փոխվեց, եւ քանի որ իր եւ Վարդան Ղալումյանի ընտրազանգվածը նույնն է, իր առաջադրումը «ջուր կլցներ Վարուժան Ներսիսյանի ջրաղացին»: Ա. Խաչատրյանը հայտնեց, որ իր մուծած 500 հազար դրամ ընտրական գրավը վերադարձվելու է: Նա ասաց, որ սեպտեմբերի 13-ի ընտրություններում ինքը սատարելու է Վարդան Ղալումյանին: Ակնհայտ է, որ Ա. Խաչատրյանը թեկնածու էր առաջադրվել, որպեսզի Վարդան Ղալումյանը չմնար առանց մրցակցի եւ համայնքի ղեկավարի ընտրությունները կայացած համարվեին: Սակայն Վ. Ներսիսյանի առաջադրվելուց հետո թեկնածուներից 3-րդը դարձավ ավելորդ:
Վ. Ներսիսյանը հայտարարել է, որ ինքը գնալու է մինչեւ վերջ, չի պատրաստվում իր թեկնածությունը հանել, եթե նույնիսկ ստիպված լինի կորցնել իր պաշտոնը: Տեղեկացնենք, որ Վարդան Ղալումյանը, ով 2011թ. նոյեմբերի 13-ին Իջեւանի քաղաքապետ դարձավ ԲՀԿ-ի շատ գործուն աջակցությամբ, այս տարվա փետրվարին՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո, դուրս է եկել ԲՀԿ-ից: Նա հունիսի կեսին դիմել եւ անդամագրվել է ՀՀԿ-ին: Նշենք, որ նախկինում՝ ԲՀԿ-ին անդամագրվելուց առաջ, Վարդան Ղալումյանը եղել է ՀՀԿ անդամ:
Ուշագրավ է, որ 2011թ. նոյեմբերի 13-ին՝ համայնքի ղեկավարի նախորդ ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ի թեկնածուն Վարուժան Ներսիսյանն էր: Վարդան Ղալումյանը հայտարարել է, թե եթե Վ. Ներսիսյանը չհանի իր թեկնածությունը, սեպտեմբերի 13-ին խայտառակ պարտություն է կրելու, անգամ 1000 ձայն չի ստանալու: Սակայն հիշենք, որ 2011թ. նոյեմբերին իր մրցակցի՝ Վարդան Ղալումյանի ընտրվելու հնարավորության մասին նույնքան թերահավատ էր Վարուժան Ներսիսյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԼԱՎ ԿԼԻՆԵՐ՝ ԾԱՌԱՅԵՐ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի ընթացքում բազեականները ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվել են՝ ի վերջո, ծառայե՞լ է Աշոտյանը բանակում, թե՞ ոչ: Ի պատասխան՝ ԿԳ նախարարն ասաց. «Չեմ ծառայել բանակում, բայց կոչումով զինվորական փոխգնդապետ եմ: Ասեմ, որ ավելի լավ էր ծառայեի: Թեեւ չեմ ծառայել բացառապես օրենքով, քանի որ բժշկականում գործում էր ամբիոն, որտեղ ռազմական բժիշկներ էին պատրաստում: Երբ չորրորդ կուրսը ավարտեցինք, հանձնեցինք պետական քննություն եւ ստացանք բուժծառայության լեյտենանտի կոչում: Այն ժամանակ առանձին ռազմաբժշկական ֆակուլտետը նոր էր բացվել, եւ այդ տարիներին ռազմական բժիշկների կարիք կար»:

 

 

ԿՈՂՈՊՈՒՏ ՊԱՐՍԻԿԻՑ
Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում, կողոպուտի դեպք է եղել նախկին կինո «Երեւանի» մոտակայքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կողոպուտի մասնակիցն ակտիվիստ Մխիթար Մխիթարյանն է: Վերջինս, ինչպես հայտնի է, ակտիվ մասնակցություն ուներ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի, ինչպես նաեւ՝ Դավիթ Սանասարյանի եւ Անդրեաս Ղուկասյանի համատեղ «ջանքերով» ստեղծված «Ոտքի՛, Հայաստա՛ն» նախաձեռնության կազմակերպած ակցիաներին:
Ի դեպ, ինչպես մեզ հայտնի դարձավ՝ երիտասարդ ակտիվիստը կողոպտել է պարսիկ զբոսաշրջիկի՝ նրա պարանոցից ձգել-պոկելով ոսկյա շղթա: Մեր տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ Մխիթար Մխիթարյանը տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: Նա հարցաքննվում է:
Armlur.am-ը փորձեց «Ոտքի՛, Հայաստա՛ն» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանից պարզել, թե ի՞նչ դիրքորոշում ունի Մխիթար Մխիթարյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ, սակայն Սանասարյանն ասաց, թե նրան չի ճանաչում:




Լրահոս