ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանական ճակատը մտահոգված է, քանի որ երկու տարվա ընդմիջումից հետո «Թաթսթոուն» ՍՊԸ-ն նորից մտադիր է շահագործել ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրը: Նշենք, որ այն գտնվում է Լիճքից ընդամենը 500 մետր հեռավարության վրա:

Հայաստանի բնապահպանական ճակատից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Թաթսթոուն» ընկերությունը բնապահպանության նախարարություն է ներկայացրել հանքավայրի շահագործման նոր նախագիծ, որի նախնական գնահատման հայտի` շրջակա միջավայրի վրա ազդեցության շուրջ հանրային առաջին քննարկումները տեղի են ունեցել օգոստոսի 14-ին՝ Լիճքի գյուղապետարանում:
Հիշեցնենք, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն Լիճքի հանքավայրի շահագործման համար դեռեւս 2013 թվականի հունվարի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից ստացել էր դրական եզրակացություն: Սակայն մեկ տարվա ընթացքում հանքի շահագործման նախագիծը չիրականացնելու պատճառով այն կորցրել էր ուժը: Ըստ «Թաթսթոուն»-ի` հանքավայրը չի շահագործվել, քանի որ վերագնահատել են պաշարները:
Այնուամենայնիվ, բնապահպանության նախարարություն ներկայացրած նոր հայտով նախատեսվող հանքավայրի տարածքում կարմիր գրքում գրանցված տեսակներ չեն հայտնաբերվել, թեպետ հայտում նկարագրված են Մեղրու տարածաշրջանի հարուստ կենսաբազմազանությունը եւ կարմիր գրքում գրանցված տեսակները: Մեղրու տարածաշրջանի բնության պահպանությունն իրականացվում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի մեջ մտնող «Արեւիկ» ազգային պարկի միջոցով: Իսկ հայտում նշված է, որ նախատեսվող գործունեության տարածքը հնարավոր առնչություն կարող է ունենալ միայն «Արեւիկ» ազգային պարկի պահպանման գոտու հետ:
Հանքավայրի ազդակիր համայնքներն են Լիճքը եւ Տաշտունը: Մինչդեռ հայտում չի խոսվում մարդկանց եւ շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի մասին: Բացի այս՝ նշված չէ, թե հանքավայրի շահագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ «Արեւիկ» ազգային պարկի, Լիճք եւ Տաշտուն գյուղերի վրա: Նշված չէ նաեւ, թե հանքավայրը որքան հեռավորության վրա է գտնվում այս գյուղերից եւ «Արեւիկ» ազգային պարկից: Անգամ նշված չէ, թե տարեկան որքան անօրգանական փոշի կարտանետվի մթնոլորտ, որքան ջուր կօգտագործվի, եւ որտեղից այն կվերցվի, ինչ ազդեցություն կունենա հանքավայրը Մեղրի գետի, տեղի կենդանական եւ բուսական աշխարհի վրա, ինչ հետեւանքներ կունենան հանքավայրի պայթեցումները, այն դեպքում, երբ երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը հանքավայրի տարածքում կազմում է 8-9 բալ: Բացի այս՝ բնապահպանները մտահոգված են, քանի որ ընկերությունը հայտում չի նշել, թե հանքավայրի շահագործման արդյունքում որքան աշխատատեղ կստեղծվի, եւ ինչ սոցիալական ծրագրեր կիրականացվեն:
Նկատենք, որ այս հանքավայրի տարածքում է նաեւ Մեղրի քաղաքի եւ այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին: Իսկ հանքավայրի շահագործումը կարող է լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի եւ խմելու ջրամատակարարման համակարգի վրա:
Նշենք, որ այս պահին Լիճք գյուղն ունի 115 բնակիչ, մինչդեռ տարիներ առաջ գյուղում ապրում էր 500 հոգի: Գյուղապետ Հովհաննես Միրզոյանի խոսքերով՝ մարդիկ գյուղից հեռանում են աշխատատեղ չունենալու պատճառով: Իսկ հանքավայրի շահագործմանն էլ համաձայնում են միայն աշխատանք ունենալու համար:
Հայտնի է, որ բազմաթիվ հանքարդյունաբերողներ, առիթից օգտվելով, սոցիալապես ծանր պայմաններում ապրող գյուղացիներին խոստումներ են տալիս՝ բարձր աշխատավարձ, երկարամյա աշխատանք եւ այլն: «Ժողովուրդ»-ը Լիճքի գյուղապետ Միրզոյանից տեղեկացավ, որ գյուղապետարանում օգոստոսի 14-ին կայացած հանրային քննարկումների ընթացքում գյուղացիներից եւ ոչ ոք բողոք չի ներկայացրել: «Լուռ էին: Ոչ մի բողոք: Ներկա էր նաեւ մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Միայն ընկերության ներկայացուցիչները բնակիչներին խոստացան, որ գյուղամիջյան փողոցները կասֆալտապատեն, գյուղի փողոցներում լուսավորություն կապահովեն: Նաեւ աշխատատեղ կստեղծեն, ջրամբար կկառուցեն: Իսկ մարդիկ աշխատատեղի անուն են լսում, դրա համար էլ ստիպված լռում են: Բայց եթե փողոցում մեկին կանգնեցնես ու հարցնես՝ ինքը ցանկանում է, որ հանքավայրը շահագործեն, միանգամից բացասական պատասխան կտա, իսկ հանրային քննարկումների ժամանակ լռում են»,- նկատեց Լիճքի գյուղապետ Միրզոյանը` համոզմունք հայտնելով, որ եթե անգամ գյուղացիները որոշեն պայքարել, միեւնույն է, նրանց ոչ ոք չի լսի:
«Ժողովուրդ»-ը Լիճքի գյուղապետ Հովհաննես Միրզոյանից տեղեկացավ նաեւ, որ հանքավայրի շահագործման սկզբնական փուլում նախատեսվում է օգտագործել միայն խառը եւ սուֆիդային հանքաքարերը, որոնք ավտոինքնաթափերով տեղափոխվելու են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա` պղնձի խտանյութ արտադրելու համար:
«Պոչամբար, ֆաբրիկա չի լինելու իսկ հումքն էլ տեղափոխելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ եւ այն մշակելու են: Չեմ հավատում, որ հանքավայրի շահագործումը ապագա կունենա: Այն շատ կարճ ժամանակ անց կփակվի, որովհետեւ հնարավոր չէ հումքը 25 կիլոմետր տեղափոխել ոչ սարքին ու քարքարոտ ճանապարհով եւ այդպես եկամուտ ապահովել»,- նշեց գյուղապետը:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Թաթսթոուն» ընկերության հետ, սակայն դա մեզ այդպես էլ չհաջողվեց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, կազմակերպված եւ տոնական տրամադրությամբ դիմավորելու անհրաժեշտությունը:

«Առաջին դասարանցիների համար այն դպրոցի հետ առաջին շփման օրն է, որը պետք է լինի կյանքի ամենավառ եւ հիշարժան պահերից մեկը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին, մարզպետարաններին եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ նոր ուսումնական տարվան պատշաճ նախապատրաստվելու համար: ՀՀ Կառավարությունը սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ է ներառել Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնքը: Քանի որ այս համայնքն ունի մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ, այնտեղ տնտեսական գործունեությունը նույնպես կիրականացվի արտոնյալ պայմաններով:
ՀՀ Կառավարության նիստի օրակարգի հարցերից 10-ը վերաբերում էին համայնքային խնդիրների լուծմանը: Համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացվել Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Վայոց Ձորի մարզերի դպրոցների եւ մարզասրահների, քաղաքային այգիների եւ փողոցների նորոգմանն ու բարեկարգմանը: Հաջորդ որոշումներով գումար է հատկացվել Հ-73-Մ-4-Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի եւ կամրջի, ինչպես նաեւ տնտեսված գումարի վերաբաշխման միջոցով՝ Արտաշատ քաղաքի կենտրոնական մուտքի հիմնանորոգման նպատակով: Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնց համաձայն ավարտված շինարարության ընդունող հանձնաժողովը ձեւավորում եւ ղեկավարում է կառուցապատողը, բացառությամբ վտանգավոր եւ տեխնիկապես բարդ կամ երկու եւ ավել պետությունների շահերին առնչվող ՀՀ օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների:
Ըստ այդմ, տեղական ինքնակառավարման մարմիններն ազատվում են լրացուցիչ ծավալուն աշխատանքից. վերջիններիս մնում է օրենսդրությամբ իրենց վերապահված, ավարտված շինարարական օբյեկտի վերջնական փաստագրումը: Այս գործընթացն ապակենտրոնացվում է եւ դառնում ավելի թափանցիկ ու մատչելի, քանի որ դրանով զբաղվելու է հենց շինարարական օբյեկտի ամենաշահագրգիռ կողմը` կառուցապատողը: Վարչապետի դիտարկմամբ՝ այս որոշման շնորհիվ հեշտանում է շինարարության գործընթացը եւ զերծ մնում արհեստական խոչընդոտներից:

 

 
ԱՅԳԻՆ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ
Թբիլիսիի կենդանաբանական այգին, որի մեծ մասը փլուզվել էր հունիսի կեսերին տեղի ունեցած աղետի արդյունքում, սեպտեմբերին կվերսկսի աշխատանքները: Կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեի խոսքով` կաշխատի այն հատվածը, որը փրկվել է ջրհեղեղից, եւ որի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ներկա պահին դեռեւս շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Նա նաեւ հավելել է, որ պլանավորվում է կենդանաբանական այգին համալրել մի քանի նոր կենդանիներով, այդ թվում՝ կապիկներով: Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 14-ի գիշերը ուժգին ջրհեղեղ էր տեղի ունեցել, որի արդյունքում կենդանաբանական այգու 600 կենդանիների կեսից ավելիին չէր հաջողվել փրկվել: Որոշ կենդանիներ հայտնվել էին փողոցներում, այդ թվում՝ վայրի գազաններ, որոնց մի մասին ստիպված էին եղել սպանել:

 

ԼՈՒՐԵՐՆ ԻՐԱԿԱՆ ՉԵՆ
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սուտ են տեղեկությունները, թե Հայաստանում երեխաների են առեւանգում եւ խոշտանգում: «Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առեւանգվում ու խոշտանգվում: Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կեղծիքը տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերին»,- ասվում է գրառման մեջ:

 

200 ՄԼՆ ԴՐԱՄ
Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող Կառավարության նոր մասնաշենքն էլեկտրական ցանցերին միացնելու համար ՀՀ Կառավարությունը 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացնի 200 մլն դրամ: Հավելենք, որ Կառավարության այս մասնաշենքում գործելու են ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների եւ արտաքին գործերի նախարարությունները:

 

ԱԶԱՏ ԿՏԵՂԱՇԱՐԺԵՆ
Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին որոշման նախագիծը»: Այն ներկայացրեց կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ում խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ: Նշենք, որ այս նախագիծը նախապես ընդունվել է ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների եւ խորհրդարանների կողմից:




Լրահոս