Սահմանադրական բարեփոխումների հիմնական դրդապատճառը եղել է ընդդիմությունը. Խոսրով Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն հետաքրքրությունը, որ կա ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլ հանրության շրջանակներում Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ գնահատում եմ միանգամայն բնական և շատ տրամաբանական, որովհետև խոսքը գնում է հանրային կյանքի կազմակերպման կարևորագույն, առանցքային, իրավական, քաղաքական փաստաթղթի մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, շատերը Սահմանադրության նախագծի քննարկումներին անդրադառնում են բացառապես կառավարման համակարգի համատեքստում: «Սա օբյեկտիվ է, որովհետև Սահմանադրության նոր նախագիծն առաջարկում է ֆունդամենտալ փոփոխություն կառավարման համակարգում և դա չէր կարող չարժանանալ հանրության ուշադրությանը»,- նշեց նա, հավելելով, որ այս բարեփոխումների հիմնական դրդապատճառը եղել է հենց ընդդիմությունը:

Պատգամավորի գնահատմամբ, յուրաքանչյուր օրենք, այդ թվում Սահմանադրությունն ընդամենը թուղթ է և կարող է ունենալ երաշխիք միայն այն դեպքում, երբ նրանում ամրագրված թեզը, նորմը իրականություն է դառնում: «Շատ էական է թե ինչպիսի քաղաքական կամք ենք դրսևորում այդ նորմերն իրականացնելու համար: Բայց եթե նորմը գրված չլինի, քաղաքական կամքը բավարար չի լինի»,-հավելեց նա:

Հարությունյանը անդրադառնալով հանրության կողմից նախագծին անտեղյակ լինելուն, ասաց. «Մենք հիմա այս փաստաթղթի սաղմնավորման փուլում ենք, որտեղ, որպես կանոն, վիճում են մասնագետները: Սա այն փուլն է, որտեղ պետք է մասնագետները խոսեն: Դրա համար միգուցե հանրության լայն շրջանակները տեղյակ չեն, միայն հետաքրքրվածներն են կարողանում տեղեկություն կորզել»:




Լրահոս