ՕԼԻԳԱՐԽԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«X-գրուպ» ընկերության սեփականատեր, ժամկետանց ձու վաճառող Խաչիկ Խաչատրյանը հանդես է եկել «ցնցող» հայտարարությամբ, որտեղ իրեն ներկայացնում է որպես ազատ մամուլի կարկառուն պաշտպան: «Լինելով ազատ մամուլի զարգացման ջատագով, հասկանալով, որ վերջինիս զարգացման հաջողություններով է պայմանավորված ազատ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մենք չենք հետապնդում «Ժողովուրդ»-ին «լռեցնելու»՝ մեզ վերագրվող նպատակը»,-ասված է հայտարարությունում:
Առավել «հուզիչ» է հայտարարության վերջին մասը, որտեղ Խ. Խաչատրյան կոչվող «հոյակապ» եւ «պարկեշտ» անձնավորությունը հանդես է գալիս Մայր Թերեզայի դերում. «Ինչ վերաբերում է 3 մլն դրամ տուգանքի պահանջին, որը, ի դեպ, սահմանված է օրենքով, ապա մեր ընկերությունը հայտարարում է. այդ գումարը ստանալուն պես այն կրկնապատկելու ենք եւ ուղղելու Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտին»: (Կոնկրետ հասցեատիրոջ մասին չի հայտնել):
Ահա այսպես. նախկին տրոլեյբուսի վարորդը (ըստ lurer.com-ի) «Ժողովուրդ»-ի հաշվին բարեգործություն է ուզում անել կամ, ինչպես ասում են, հարսի հաշվին` փեսային լավություն: Եւ դեռ հույս էլ ունի, որ պիտի հաղթի: Ուզում ենք հիշեցնել տխրահռչակ գործարարին, որ մարդկանց մոտ ուռուցքները առաջանում են նաեւ անորակ ու ժամկետանց, կասկածելի մանրէներ պարունակող սննդից, այդ թվում՝ նրա իրացրած ժամկետանց ձվերից: Ուստի ուռուցքաբանության ոլորտով հետաքրքրվելու փոխարեն լավ կլինի՝ ժամկետանց ձու չվաճառի ու դրանով ուռուցք ունեցող մանուկների թիվը չավելացնի:
Հիշեցնենք, որ ի տարբերություն իր վարքով շարքային խուլիգան հիշեցնող, լրագրողուհուն «պրաստիտուտկա» անվանող Ձվերի Խաչիկի՝ «Ժողովուրդ» օրաթերթը նրա դեմ ներկայացրած դատական հայցով իր աշխատակցին հայհոյելու եւ վիրավորելու համար ընդամենը ներողություն է պահանջում, քանի որ պատիվն ու արժանապատվությունը փողով չի գնահատում: Իսկ Խաչիկի արժանապատվությունը 3 մլն դրամ արժե:
Ամենազավեշտալին, սակայն, Խաչատրյանի հայտարարության վերջին նախադասությունն է, որից, համոզված ենք, նույնիսկ հայտարարության տեքստը գրողը ոչինչ չի հասկացել. «Կարծում ենք, այդ հումանիտար քայլը մեկ անգամ եւս կմիավորի տնտեսական ոլորտի եւ մամուլի ասպարեզի գործիչների ձգտումը հնարավորին չափ նպաստելու ժողովրդի բարօրությանը»: Փաստորեն, թերթից գումար գանձելը սույն օլիգարխը համարում է «հումանիստական քայլ»` ուղղված ժողովրդի բարօրությանը:
«Խոսքի ազատության բաղկացուցիչ եւ կարեւորագույն մասը պատասխանատվության բարձր զգացումն է գրված յուրաքանչյուր բառի համար»,-ասում է Խ. Խաչատրյանը՝ հավանաբար որպես խոսքի ազատություն նկատի ունենալով աղջիկներին «պրաստիտուտկա» եւ նման խոսքեր ասելու իր «իրավունքը»: Չնայած իրավացի է Խաչատրյանը՝ պատասխանատվություն է պետք կրել յուրաքանչյուր բառի համար, եւ «պրաստիտուտկա» բառի համար նախկին տրոլեյբուսի վարորդը, ի վերջո, պետք է պատասխան տա օրենքի շրջանակներում: Իսկ «Ժողովուրդ»-ն էլ իր գրածի համար պատասխան կտա` ապացուցելով, որ «ԵԹՖ»-ն ժամկետանց ձու է իրացրել:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ը չի նահանջելու, լինելու է հետեւողական, ապացուցելու է իր արդարացիությունը եւ հետամուտ է լինելու, որպեսզի ապացուցվեն ու ջրի երես հանվեն Խ. Խաչատրյանի ապօրինի եւ հակաբարոյական քայլերը: Հընթացս կապացուցվի դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից բացահայտ կողմնակալ եւ անարդար որոշում կայացնելու փաստը:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս