Ստամբուլի հայկական Թուզլա ճամբարը (Քամփ Արմեն), որը կառուցվել է Արևմտյան Հայաստանի տարբեր անկյուններից Կ.Պոլիս բերված հայ որբերի կողմից, արդեն շուրջ 107 օր է, ինչ իր շուրջն է համախմբել Թուրքիայի հայ երիտասարդությանը:
Այդ հողում իրենց հայությունը պահպանած հայ մանուկների (այդ թվում` Հրանտ Դինքի) կողմից մեզ թողնված ժառանգություն հանդիսացող Քամփ Արմենի պահպանման համար պայքար մղող հայ երիտասասրդներն այսօր, ինչպես երբեք, համայն հայության աջակցության կարիքն ունեն:
Ստամբուլի Թուզլա հայկական ճամբարի փրկության համար երեք ամսից ավելի պայքար մղող ակտիվիստներն այսօր ունեն ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ աշխարհի հայության ուշադրության և օգնության կարիքը: Ներկայում մանկատուն-ճամբարը կործանումից պաշտպանող հայ երիտասարդները ահազանգում են. իրենց սուղ միջոցներով երկար չեն կարող դիմադրել:
Նախ համառոտ պատմական ակնարկ ներկայացնենք նրանց համար, ովքեր դեռ չեն ծանոթացել Քամփ Արմենի պատմությանը:
1950-ական թվականներին Ստամբուլի Ս. Հովհաննես Գեդիկփաշա բողոքական եկեղեցու ներքնահարկը ծառայում էր որպես գիշերօթիկ դպրոց Արևմտյան Հայաստանից Կ.Պոլիս բերված հայ մանուկների համար, որոնք այստեղ էին տեղափոխվել մկրտվելու և հայեցի կրություն ստանալու նպատակով: Սակայն ամռան ամիսներին իրենց գյուղերը վերադարձող փոքրիկները հասցնում էին մոռանալ Կ.Պոլսում սովորած հայերենը, իսկ որոշ որբ մանուկներ գնալու տեղ չունեին: Ահա այս ժամանակ եկեղեցական միությունը կարողացավ գնել (1962 թ.) Թուզլայում գտնվող այն հողատարածքը, որը հետագայում այդ նույն հայ մանուկների ձեռքով վերածվեց Արմեն ճամբարի, որն իրենք կառուցել և փայփայել էին առանց որևէ պետական աջակցության: Ձեռք ձեռքի տված, քարը քարին դնելով, հայ որբերը ստեղծեցին աշխարհում իրենց համար լուսավոր այն անկունը, որը շատերի համար դարձավ ճամբար, դպրոց, տուն և ամեն ինչ: Այստեղ հարյուրավոր մանուկներ սերտեցին իրենց մայրենին, կազմեցին նոր հայկական ընտանիքներ: (Այս ճամբարում են նաև ծանոթացել Հրանտ Դինքն ու իր կին Ռաքելը):
1987թ. պետությունը կարողացավ դադարեցնել ճամբարի գործունեությունն ու խլել տարածքը հայկական միութունից` «հայ ազգայնականներ» պատրաստելու մեղադրանքով:
Հարյուրավոր հայ մանուկների համար օթևան դարձած, միևնույն ժամանակ դեպի հայություն դուռ բացած ճամբարը, որը հետագայում հայ համայնքից առգրավվեց թուրքական պետության կողմից, այսօր կործանման եզրին է:
28 տարի անց ճամբարը ավերելով` տեղում ամառանոցային առանձնատներ կառուցելու որոշումը նոր անհանգստություններ բերեց հայ համայնքին:
Հայ երիտասարդների մի խումբ սույն թվականի մայիսի 6-ի առավոտյան, ճամբարի ավերման մասին լուրն առնելուն պես, դեպի Քամփ Արմեն ուղևորվեց` կանխելու նոր եղեռնագործությունը:
Թուրք աշխատակիցը, որը մինչ այդ չէր լսել Քամփ Արմենի պատմությունը, կանգնեցրեց մեքենան և հայտարարեց. «Չե’մ անի, ես էլ երեխաներ ունեմ»:
Ճամբար հասնելով` նրա ավերումը կանխած հայերը հայտնեցին, որ չեն հեռանա ճամբարից մինչև նրանց պահանջը չկատարվի, այն է` վերադարձնել տարածքը հայ համայնքին:
Քամփ Արմենի դիմադրության 100-րդ օրը թուրք ազգայնականների կողմից հարձակում էր իրականացվել ճամբարում հերթապահող հայ երիտասարդների վրա, ինչի հետևանքով երկուսը վիրավորվել էին:
Այսօր, 107 օր շարունակ ճամբարում հերթապահություն իրականացնող հայ երիտասարդները ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել ամբողջ աշխարհով և հայտնում, որ այլևս չեն կարող միայնակ պայքարել.
«Առաջինն ինչ մեզ անհրաժեշտ է, հոգևոր աջակցությունն է: Երկրորդը` նյութական: Թուզլա ճամբարի դիմադրության առաջին օրվանից այստեղ եմ: Սնունդն ու ջուրը մեր գրպանի գումարով ենք հայթայթում: Առջևում ձմեռ է. պետք կլինեն ծածկոցներ և վերմակներ:
Քամփ Արմենն ինձ համար Ցեղասպանությունից մեր օրեր ձգվող մի կամուրջ է և հարյուր տարի ընդմիջումից հետո մեր առաջին դիմադրությունն այս երկրում» (Սարին Քորքմազ):
«Դիմադրության առաջին օրվանից այստեղ եմ: Քամփ Արմենը ամեն բան փոխել է իմ կյանքում: Ճամբարը դարձել է մեր տունը, իսկ դիմադրողները մեր ընտանիքը: Միասին, ձեռք ձեռքի տված` նոր կյանք սկսեցինք կառուցել այս վաղուց լքված պատերի ներսում: Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Ուզում ենք, որ մեզ միանան բոլորը, բոլորս միասին պայքարենք հայ որբերի ժառանգության համար, Հրանտի հիշատակի համար» (Արև Միրաքյան):
Ճամբարին օգնելու համար բացված են հատուկ հաշվեհամարներ.
EUR: TR72 0001 5001 5804 8013 2114 21
USD: TR02 0001 5001 5804 8013 2114 20
GBP: TR61 0001 5001 5804 8012 8028 61
SWIFT Code: TVBATR2AXXX