Հունվարի 23-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) Դիլիջան քաղաքում հաշվառված, սակայն փաստացի Երեւանում բնակվող, 1969թ. ծնված Դերենիկ Նավիկի Մարգարյանին դատապարտեց 100 հազար դրամ տուգանքի: Դ. Մարգարյանն ունի միջնակարգ կրթություն, ամուսնալուծված է, նախկինում եղել է դատված: Նա 2012թ. նոյեմբերին որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ 2007թ.-ից սկսած` չարամտորեն խուսափել է իր անչափահաս երեխաների՝ 1993թ. եւ 1996թ. ծնված տղաների համար դատարանի վճռով ապրուստի միջոց՝ ամսական յուրաքանչյուր երեխայի համար սահմանված 20 հազար դրամ ալիմենտը վճարելուց: Ի դեպ, տղաներից մեկը կրում է Դերենիկի հոր անունը՝ Նավիկ: Մինչեւ դատաքննությունը սկսելը Դ. Մարգարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ խնդրել անցկացնել արագացված դատաքննություն: Նշենք, որ ՀՀ քր. օր.-ի 173-րդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ 100 հազարից մինչեւ 200 հազար դրամի չափով:
Տավուշ