«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՅԴՔԱՆ ԱՆՏԵՍԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հյուրն է դերասան ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նա ավարտել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի ստուդիան (Գրիգոր Մկրտչյանի ուսանողն է եղել), ապա  Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Վարել է «Երեկոն «Շանթ»-ում» հաղորդումը, նկարահանվել է «Վերվարածները բուհում», «Վերվարածները ընտանիքում» եւ այլ սերիալներում, հիմա էլ ներգրավված է «Տաքսի Նեմա» հումորային նախագծում:    
-Դերասան դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:
-Փափազյանն ասել է` դերասանին պիտի հերն ու մերը ծնեն, Թատերականը չի դարձնի դերասան, միայն սիստեմատիկ կրթություն կտա: Մեր գործը Աստծո տված պարգեւ է:
 -Սերիալների մասին ի՞նչ կասեք, արդյո՞ք դրանք դրական ազդեցություն են թողնում:
-Սերիալները դրական կերպով կազդեին հեռուստադիտողի վրա, եթե նկարահանվեին բացառապես դերասանները, ոչ թե տարբեր մասնագիտության տեր մարդիկ: Դերասանի համար տառապանք է ոչ պրոֆեսիոնալի հետ նույն նկարահանման հրապարակում աշխատելը: Ուղիղ 1 տարի չաշխատեցի` ասելով, եթե ինձ հետ կլինի պրոֆեսիոնալ դերասան, կնկարվեմ: Ի՞նչ շահեցի…
-Երկար տարիներ Գյումրու թատրոնում եք աշխատել: Ինչո՞ւ որոշեցիք Երեւանում ապրել ու աշխատել: Գյումրին չունի՞ լավ դերասանների կարիք:
-Էլի մի ցավոտ հարց: Գյումրու թատրոնը միշտ եւ բոլոր ժամանակներում Երեւանին մատակարարել է լավագույն դերասաններ ու ռեժիսորներ, անուններ չտամ: Ֆիլմերը նկարում էին միայն Երեւանում, հեռուստաներկայացումները` նույնպես: Հավատացե՛ք, մարզային բոլոր թատրոններում էլ կան լավ դերասաններ, որոնք հնարավորություն չունեն երեւալու: Այո՛, Գյումրու թատրոնին, ինչպես եւ բոլոր թատրոններին, պետք են լավ դերասաններ, երբեք չեմ մտածել, որ ես Գյումրու թատրոնինը չեմ:
Իմ տղան այսօր սովորում է մշակույթի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնում: Ուզում է ռեժիսոր-դերասան դառնալ: Դեմ գնալով մտքիս, խղճիս, հոգուս, սրտիս, ինքս ինձ վերջապես՝ միշտ ասում եմ՝ տղա՛ ջան, պետք չէ, դա մասնագիտություն չէ: Հետո հիշում եմ Նաումովի ասածը. «Դերասան… դա մասնագիտություն չէ, դիագնոզ է, հիվանդություն»: Չեմ կարողանում որդուս համոզել, որ ուրիշ մասնագիտություն ընտրի: Չեմ էլ մեղադրում, ախր թատրոնում է մեծացել, կողքիս է եղել: Իմ երջանկահիշատակ հայրը, որը լավ արհեստավոր էր, համաձայն չէր, որ ես դերասան դառնայի, բայց… Իմ հայրը թատրոնի մարդ չէր, թատրոնի ներսին անտեղյակ: Ես, լինելով թատրոնի ու հեռուստատեսության մարդ, գիտեմ՝ ինչ դժվարություններ կան,  ու չեմ ուզում իմ երեխան այդ դժվարությունները տեսնի:
-Եթե չեմ սխալվում, մի որոշ ժամանակ էլ Ամերիկայում եք ապրել:
-3 տարի ապրել եմ Լոս Անջելեսում, գնացինք հյուրախաղերի ու մնացինք: Գյումրու թատրոնը կարծես միանգամից որբացավ. 7 դերասան գնաց ու մնաց:
-ԱՄՆ-ում դերասանությա՞մբ էիք զբաղվում:
-Եթե որեւիցե մեկն ասի, որ ինքն այնտեղ դերասանությամբ է զբաղվել, չհավատաք: Չկա այդպիսի բան, տանկով վրայովդ կանցնեն, Հոլիվուդում դերասանությո՞ւն… Խոսքս այսօրվա սերիալների մասին չէ, խոսքս ամերիկյան ֆիլմերին է վերաբերում:
-Այդ դեպքում ԱՄՆ-ում ինչո՞վ եք զբաղվել:
-Տարբեր բաներով, տուն պահելու խնդիր էր: Եթե ընտանիքս կողքիս լիներ, չգիտեմ՝ հետ կգայի, թե ոչ: Ընկերներիցս դեռ կան այնտեղ: Սկզբում ներկայացումներ խաղացինք, հետո սկսեցինք  հումորային համարներով ներկայանալ…
-Ինչպիսի՞ քաղաքացի եք Դուք:  20 տարի է՝ Երեւանում եք ապրում, սա նաեւ Ձեր քաղաքն է դարձել:
-Երեւանը բոլորիս տունն է, ուրիշ տուն չունենք: Անտարբեր քաղաքացի ինձ չեմ համարում, բայց, անկեղծ ասած, հասարակական նախաձեռնություններով այդքան էլ չեմ հետաքրքրվում: Ինձ ավելի հետաքրքիր է` վաղը ես իմ էրեխու ուսման վարձը ու հացը հանապազօրյա ինչպես պետք է վաստակեմ:
Չի կարելի արվեստի մարդկանց այդքան անտեսել: Մենք ձեր գործը հարգում ենք, դուք էլ մեր գործը հարգեք: Ինձ կանչում են թատրոն, չասեմ՝ որ թատրոնը: Հարցնում եմ՝ ինչքա՞ն աշխատավարձ եք տալու, ասում են՝ դե 47 000 դրամ է, քեզ 60 000 կտանք: Ես 90 000 դրամ միայն տան վարձ եմ տալիս: Ինչքա՞ն կարելի է արվեստի, մշակույթի մարդուն ուշադրություն չդարձնել, չնկատել, անտեսել:
-Նախագահական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:
-Պարտադիր: Ես իմ ձայնի ուժին հավատամ, թե չհավատամ` իմ պարտքն եմ կատարելու: Ում որ ուզում եմ, գոնե այդ անվան դիմաց իրավունք ունեմ «պտիչկա» դնելու: Ընտանիքիս անդամներին էլ երբեք չեմ ասում՝ ում ընտրեն, ով ում՝ կուզի, կընտրի: Բոլորս պետք է գնանք ընտրություններին, հարցն այն չէ՝ արդար կլինի, թե ոչ, հարցը սեփական պարտքը կատարելն է:  
-Ձեր ընտանիքից ի՞նչ կպատմեք:
-Դստրիկս 20 տարեկան եղավ, տղաս` 18: Ես բավական ուշ եմ ամուսնացել, 30 տարեկան էի: Իմ ժամանակով 30 տարեկան չամուսնացած տղեն, օ՜… ողբ էր ցեղով մեկ: Բոլորն աղջիկ էին ման գալիս, բայց ես ինքս գտա: Կինս երաժիշտ է, իհարկե, իր գործով չի զբաղվում, ինձանից էլ 10 տարի փոքր է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս