Երևանում ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջև 2015-2017թ.թ. համագործակցության միջոցառումների ծրագիր
ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների հարկային մարմինների միջև համագործակցությունը սկիզբ է դրվել երկու կառույցների ստեղծման առաջին իսկ օրվանից: Համագործակցության շրջանակում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատանքային խմբերի միջև: Օրերս աշխատանքային այցով Երևանում էր ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի և ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանի կողմից ստորագրվել է 2015-17թ.թ. համագործակցության միջոցառումների ծրագիր: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է երկու հարկային մարմինների միջև տեղեկատվության, առաջավոր փորձի փոխանակության, ուսուցման կազմակերպման, համատեղ հսկողական միջոցառումների և հարկային վարչարարության մյուս կարևոր ուղղություններով աշխատանքների իրականացում:
ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանը կարևորելով երկու կառույցների սերտ համագործակցությունը, նշել է, որ հարկային օրենսդրության և վարչարարական փորձի ուսումնասիրության և փոխառության նպատակով նախատեսվում է շարունակել մասնագետների և աշխատանքային խմբերի փոխադարձ այցելությունները: Եռամյա գործակցության ծրագրով նախատեսվում է նաև ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հնարավորությունների զարգացում, իրավախախտումների բացահայտում և կանխարգելում, ԼՂՀ հարկային դաշտի վերաբերյալ տեղեկատվական նյութերի հրապարակմանը օժանդակում: Արցախի ՖՆ անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախատեսվում է մասնագետների ներգրավումը ՀՀ ՖՆ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին: Ամփոփելով և արդյունավետ գնահատելով 2012-14թ.թ. եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն, ընդգծվել է, որ հաջողվել է կյանքի կոչել նախատեսված բոլոր միջոցառումները:
Մասնավորապես երկու կառույցների աշխատանքային խմբերի, մասնագետների փոխադարձ այցելություններ են կազմակերպվել, որոնց ընթացքում քննարկվել են հարկային վարչարարության կատարելագործման, հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման, հսկողությանն ուղղված հարցեր: ՀՀ ՖՆ մասնագետների կողմից ծրագրի շրջանակում միաժամանակ պարբերաբար մեթոդաբանական օժանդակություն է ցուցաբերվել դատաիրավական, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:
ՀՀ ֆինանսների նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին