Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցածն այն խոցերից է, որը երբեք թույլ չի տա Հայաստանի զարգացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ղեկավարությունը պարբերաբար բողոքում է, թե ինչու են լրագրողները եւ հատուկենտ ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում, որ ներկա կառավարման համակարգի պայմաններում Հայաստանի տնտեսությունը զարգացման հեռանկար չունի եւ լավագույն դեպքում այն կարող է ինքնապահպանվել, ոչ ավելին: Պարբերաբար մենք ականատես ենք լինում, թե ինչպես են ՀՀ իշխանություններն ամենաբաձր մակարդակով հակադարձում բոլոր քննադատներին, եւ քիչ է մնում՝ բոլորին «շամանության» մեջ մեղադրեն:

Սերժ Սարգսյանը, օրինակ, քննադատներին մեղադրում է երկրում «գաղջ մթնոլորտ» տարածելու մեջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննադատություններն ընկալում է որպես իր անձնական թշնամիների կողմից հյուսված դավադրություն եւ այսպես շարունակ: Իշխանական վերնախավը պարբերաբար կրկնում է, որ Հայաստանում բիզնես ծավալելու ոչ մի խոչընդոտ չկա, եւ որ ցանկացած ոք կարող է ներդրում կատարել եւ իր գործը սկսել: Ավելին՝ պաշտոնական քարոզչությունը պնդում է, թե իբր Հայաստանում բիզնեսը պաշտպանված է:

Սակայն իրական կյանքի ամեն մի միջադեպ հօդս է ցնդեցնում իշխանական քարոզչության ստեղծած ,քողերըե, եւ մարդիկ անմիջապես վերադառնում են իրականություն: «Էյր Արմենիա»- տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցածը հենց նման` մարդկանց դեպի իրականություն վերադարձնող դեպքերից է: Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»-ն օգոստոսի 14-ին պաշտոնապես հայտարարեց ընկերության բալանսում 68 միլիոն 600 հազար դոլարի ներդրման մասին: Մեկ օր անց ընկերության տնօրենի կինն ահազանգեց լրագրողներին, որ ՀՀ ֆուտբոլր ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, նույն Նեմեց Ռուբոյի հրահանգով ծեծել եւ զենքի սպառնալիքով Արսեն Ավետիսյանին տարել են ՀՖՖ գրասենյակ եւ պահել են այնտեղ:

Իսկ ինչ հետեւեց այդ լուրին, ոչինչ: Փառք Աստծո, որ այս անգամ զոհեր չեղան, եւ Արսեն Ավետիսյանը Հայրապետյանի պատանդից ազատվեց մարմնական վնասվածքներով: Տեղի ունեցածը հենց այն խոցի դրսեւորումներից է, որն արգելակում է եւ երբեք թույլ չի տա, որ Հայաստանը զարգանա: Իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են գործարարներին ծեծելու դեպքեր: Նույնիսկ զարգացած երկրներում են լինում դեպքեր, երբ գործարար հարաբերություններին խառնվում է քրեական աշխարհը` պարտք ետ ստանալու կամ ձեռնարկությունը տիրոջից խլելու նպատակով: Սակայն, երբ միջադեպը հրապարակայնացվում է, Հայաստանի պես արձագանք լինում է միայն ուղնուծուծով կոռումպացված եւ քրեական աշխարհի վրա հենվող կառավարման համակարգ ունեցող երկրներում:

Բայց Հայաստանում դեպքի մասին ահազանգից հետո իրավապահները սովորաբար սկսում են գլուխ կոտրել, թե ինչպես պատասխանատվությունից ազատեն գործարարին ծեծած եւ պատանդ վերցրած քրեական աշխարհի ներկայացուցիչներին, քանի որ նրանք իշխանությունների հենարանն են: Նման երկրում ներդրումներն էլ գնալով կնվազեն, տեղի գործարարներն էլ առաջին իսկ լավ առաջարկի դեպքում կարտագաղթեն: Նման պետությունները կարող են ապագա ունենալ միայն կառավարման համակարգը փոխելու եւ օրենքի հիման վրա գործող իշխանություն ունենալու դեպքում:

Ի դեպ, երբ ասում ենք, որ տեղի ունեցած դեպքը Հայաստանի զարգացումը խոչընդոտող խոցի դրսեւորումներից է, նկատի չունենք, որ այդ «հրեշը» միայն Ռուբեն Հայրապետյանն է: Հայաստանում առնվազն 40 ընտանիքներ կան, որոնց անդամները նույնքան օրենքից վեր են: Նույն իշխանության ղեկավարների ընտանիքները եւս օրենքից վեր են եւ ումից ինչ ուզում, խլում են, ում երբ ուզում, «սամասուդ» են անում եւ այսպես շարունակ: Ուստի, երբ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ մնացած ղեկավար կազմը շատ է նեղվում, որ իրենցից մարդիկ միայն վատի ակնկալիք ունեն, ապա թող հեռու տեղերում այդ ամենի պատասխանը չփնտրեն եւ ընդամենը հայելու մեջ նայեն ու վերհիշեն, թե վերջին, ասենք, մեկ ամսում իրենք քանի ապօրինություն եւ հանցագործություն են արտոնել:

Հ.Գ. Ի դեպ, Հայաստանում, հատկապես իշխանության ներկայացուցիչների շրջանում, այսպիսի մի ընկալում կա, որ բոլոր այն պնդումները, թե պատժվելու են, ռոմանտիկայի շարքից են եւ իրական կյանքի հետ կապ չունեն: Սակայն հետաքրքիրն այն է, որ պատմության ողջ ընթացքը ցույց է տվել, որ մարդիկ, եթե անգամ օրենքի առաջ պատասխանատվությունից կարողացել են խուսափել, ապա միեւնույն է՝ վերջնահաշվարկում ուրիշից խլված ունեցվածքը իրենց ու իրենց ընտանիքին երբեք երջանկություն չի բերել: Կարող եք վերցնել Հայաստան կամ ցանկացած այլ երկրի պատմությունը եւ ուսումնասիրել ուրիշին ունեզրկելով հարստացած մարդկանց մասին 40-50 տարվա կտրվածքով, վերջնահաշվարկում մնացել են միայն վատ հիշողություններ, իսկ նրանց ունեցվածքը եւ ժառանգները պատմության հորձանուտում «վերացել» են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս