Լոլիկի մթերման գինը չի բավարարում գյուղացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ վերամշակող ընկերությունները դեռեւս օգոստոսի 1-ից սկսել են լոլիկի մթերումը: Այս բանջարեղենը, սակայն, մթերվում է բավականին ցածր գնով` 35-ից 40 դրամով: Այդ պատճառով գյուղացիները հուսահատված են, քանի որ նման գնով լոլիկը վաճառելու դեպքում նրանք չեն կարողանում ծածկել անգամ բանջարեղենի մշակման ինքնարժեքի ծախսերը:

«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ լոլիկի մեծաքանակ մթերումներ իրականացնում են համեմատաբար խոշոր հետեւյալ ընկերությունները՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն (,Արտֆուդե), «ՄԱՊ» ՓԲԸ-ն, «Երեւանի «Արարատե սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն, «Եվրոթերմ» ՓԲԸ-ն եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն:

ԳՆ-ից հայտնեցին նաեւ, որ վերամշակող ընկերությունները լոլիկը տոմատի մածուկի արտադրության նպատակով մթերում են 1կգ-ը 40 դրամով, իսկ տոմատային այլ պահածոների համար՝ 1կգ-ը 80-125 դրամով:

«Եվրոթերմ» ընկերության ներկայացուցիչ Գուրգենը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ 1 կիլոգրամ լոլիկը իրենց ընկերությունը գյուղացուց մթերում է 35 դրամով: Նշված ընկերությունը լոլիկը մթերում է միայն տոմատի մածուկի համար: «Մենք դեռ չենք սկսել լոլիկի մեծ քանակությամբ մթերումը: Ընթացքում ենք: Բայց մեր հաշվարկներով՝ այս տարի պետք է որ ավելի մեծ քանակությամբ լոլիկ մթերվի»,- փոխանցեց «Եվրոթերմի» ներկայացուցիչը:

«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի մթերման հարցերով պատասխանատու Դավիթ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց ընկերությունը լոլիկի 1 կիլոգրամը 40 դրամով է մթերում. «Մենք ընդունում ենք նաեւ 70 դրամով մանր եւ 120 դրամով մանրապտուղ լոլիկ, որոնք նախատեսված են մարինադների համար»:
«Ժողովուրդ»-ը «Արտֆուդ»-ի ներկայացուցչից հետաքրքրվեց՝ գյուղացիներին ինչ տարբերակով՝ ապառի՞կ, թե՞ կանխիկ են վճարում լոլիկի համար: Հարցին ի պատասխան՝ Դ. Ավետիսյանն ասաց. «Մենք գյուղացիներին ունենք մեծ քանակությամբ կանխավճարներ տրամադրած դեռեւս փետրվար ամսից, որի դիմաց իրենք վաճառում են լոլիկը: Իսկ 70 եւ 120 դրամանոց մանր եւ մանրապտուղ լոլիկի համար կանխիկ վճարում ենք»:

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մինչեւ նախարար նշանակվելը, ղեկավարում էր ,Արտաշատի պահածոների գործարանե ընկերությունը, որը հանրությանը հայտնի է ,Արտֆուդե ապրանքանիշով: Այս ընկերության անունը կապվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ, իսկ ընկերության գործադիր տնօրենն է Վաչիկ Կարապետյանը, նույն ինքը՝ գյուղնախարարի որդին:

«Ժողովուրդ»-ը փորձեց գյուղապետերից հետաքրքրվել, թե այս օրերին գյուղացիները մթերման հետ կապված ինչ խնդիրների են հանդիպում: ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակիչներն իրենց լոլիկը վաճառում են ե՛ւ տեղական շուկայում, ե՛ւ ,Մապե ընկերությանը, ե՛ւ Էջմիածնի պահածոների գործարանին: «Այս օրերին լոլիկի մեծ պահանջարկ կա, բայց մեր գյուղացիները չեն կարողանում իրենց կատարած ծախսը հանել, խեղճ մարդիկ եկամուտ չեն ստանում: Մթերման գինը շատ ցածր է: Եթե նորմալ քանակությամբ բերք հավաքեին, ապա լոլիկի մշակությունը շահեկան կլիներ»,- նշեց գյուղապետը` հավելելով, որ Սարդարապատի բնակիչները դժգոհում են, քանի որ գյուղում արդեն երկու տարի է, ինչ առկա է ճրագախոտ տեսակի հիվանդությունը, որի հետեւանքով լոլիկի եւ սմբուկի բերքատվությունը նվազում է:

«Դրա դեմ բուժման պայքար չեն կարողանում մշակել: Դա մեծ վնաս է տալիս մեզ: Չկա բուժման միջոց: Նախորդ տարի դիմեցինք գյուղատնտեսության նախարարություն, համապատասխան մասնագետներ եկան, փորձեցին բուժումներ անել, բայց միեւնույն է՝ անբուժելի է այդ հիվանդությունը: Արդեն երկու տարի է, ինչ այս հիվանդությունը մեր գյուղում կա: Թե որտեղից եկավ ու ընկավ մեզ մոտ, այդպես էլ չիմացանք: Օրինակ՝ նույն հողատարածքի վրա պղպեղ էլ կա աճած, որը սմբուկի կամ լոլիկի հարեւանությամբ է, բայց այդ հիվանդությունը դրանց չի կպնում: Մեր գյուղի ամբողջ տարածքը վարակված է. ջրի, քամու միջոցով էլ է տարածվում այդ հիվանդությունը: Այս տեսակի հիվանդությունը իր վատ ազդեցությունն է թողնում սմբուկի եւ լոլիկի բերքատվության վրա»,- նկատեց գյուղապետը:

Եթե Սարդարապատում գյուղացիները դժգոհում են ճրագախոտ տեսակի հիվանդությունից, ապա Արեւիկի բնակիչները բողոքում են շոգից: Այս գյուղի բնակիչները, բացի լոլիկը իրացնելու խնդրից, ունեն նաեւ այլ դժվարություններ: Բանն այն է, որ շոգ եղանակի պատճառով Արեւիկի բնակիչները քիչ քանակությամբ են լոլիկ հավաքում: ,Նույնիսկ հողատարածքները ջրելն էլ չի օգնում: Իսկ առանց ջրի բույսն էլ չի աշխատում: Ջրում ենք, անմիջապես չորանում է, բույսը չի հագենում, դաշտերը չորանում են, դրա համար էլ քիչ բերքատվություն են ունենում մարդիկե,- նկատեց Արեւիկի գյուղապետ Իշխան Ծատուրյանը` շեշտելով, որ գյուղացիներն այս տարի քիչ քանակությամբ են լոլիկ հավաքում եւ այն ստիպված են լինում իրացնել տեղական շուկայում:

Եվ մինչ կիզիչ օգոստոսյան արեւի տակ խեղճ գյուղացիները փորձում են հավաքել իրենց՝ ամիսների տանջանքի արդյունքը եւ այն ստիպված ,ջրի գնովե հանձնում մթերող ընկերություններին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հայկական հեռուստաընկերություններով բոցաշունչ ելույթներ ունենալ եւ հայտարարել, որ գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ լավ է: Ի դեպ, բոլորվին վերջերս ՀՀ գլխավոր գյուղատնտես Սերգո Կարապետյանը ,Արմենիաե հեռուստաընկերության եթերից ինքնագոհ հայտարարեց, թե այս տարի իր ղեկավարած ոլորտում ոչ թե աճ, այլ շատ մեծ աճ է գրանցվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս