«Հետո էլ ասում են՝ արտահանմանը զարկ ենք տալիս». ո՞վ պետք է փոխհատուցի ձկնարտադրող ընկերության 1 մլն 500 հազար դրամ վնասը, և ի՞նչ «խաղ է խաղում» Ռուսաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Ռուսաստանի Սոչիի օդանավակայանում «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները հայտնաբերել և ոչնչացրել են 200 կգ թառափ, որը ՌԴ է ներմուծվել Հայաստանի տարածքից: Գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության համաձայն, ապրանքն ուղարկել է Սոչիի ընկերություններից մեկը, սակայն վերջինս Ռուսաստանի տարածքում մատակարարումներ կատարելու իրավունք չի ունեցել:

Քանի որ սննդամթերի սույն խմբաքանակը հակասել է Եվրասիական տնտեսական միության պահանջներին, որոշում է ընդունվել այն ոչնչացնել: «Ռոսսելխոզնադզոր»-ից պարզաբանել են, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո, սանիտարական վերահսկողություն պահանջող ապրանքների ներմուծումը Ռուսաստան կարող են իրականացվել միայն այն ձեռնարկություններից, որոնք ներառված են «Ռոսսելխոզնադզոր»-ի ցուցակում և Հայաստանի համապաստասխան ռեգիստրում:

Armlur.am-ը պարզեց, որ Հայաստանից արտադրանքը Ռուսաստան է արտահանել «Արարատ Ֆորել» ընկերությունը, որը, ինչպես տեղեկացանք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռեեստրից, ունի համապատասխան թույլտվությունը՝ ձկնամթերք արտահանելու համար:

Փաստորեն, ռուսական լրատվամիջոցները ոչ միայն չեն գրել նշված ընկերության անունը, թերևս հասկանալի պատճառներով, այլև վստահեցնում են, թե ընկերությունը արտահանելու թույլտվություն չունի:

11939457_968144089909158_1118441296_o

Armlur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Արարատ ֆորել» ընկերության տնօրենի՝ Արամ Մանուկյանի հետ, որ հայտնեց, որ իր ձեռքի տակ կան բոլոր փաստաթղթերն ու պայմանագրերը, որոնցով կա համապատասխան թույլտվությունը՝ ձկնամթերք արտահանելու համար. «Ես թույլտվություն ունեցել եմ, ուղարկել եմ , հետո պարզվել է՝ ինձ խաբել են: Ես օրենք չեմ խախտել, ԵՏՄ-ի կանոնները պահպանվել են: Ապրանքը գնաց-հասավ էնտեղ, հետո էնտեղից ասացին՝ Դուք չկաք ռեեստրի մեջ: Հետո ապրանքս փչացրեցին ու վառեցին»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, ինքը համաձայնել է վառելու տարբերակին, քանի որ արտադրանքը ամբողջությամբ փչացել էր՝ ձկներին ջրում չպահելու արդյունքում: Արամ Մանուկյանը հայտնեց, որ այս ձախողման հետևանքով 1 մլն 500 հազար դրամի վնաս են կրել. «Նոր էինք սկսել մեր գործունեությունը, նոր էինք գրանցվել ռեեստրի մեջ: Սա առաջին անգամվա փորձն էր: Երկու տարի առաջ էլ մի անգամ ցանկացա արտահանել, հանեցին ռեեստրից, հիմա վերականգնել են, սակայն… Պայմանագրեր կան, ամեն ինչ կա»:

Ընկերությունն այժմ որևէ մեկից վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորություն չունի, իսկ թե ով պետք է պատասխանատվություն կրի ստեղծված իրավիճակի համար, պարզ կդառնա առաջիկայում:

Իսկ Արամ Մանուկյանը հայտնեց, որ ռուսական լատվամիջոցներում տարածված ողջ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում բացի այն հատվածից, որ ձկների ոչնչացումը տեղի է ունեցել իր համաձայնությամբ. «Հետո էլ ասում են՝ արտահանմանը զարկ ենք տալիս, ուշադրություն ենք դարձնելու ոլորտին. իսկ որտե՞ղ է այդ ուշադրությունը, չենք տեսնում: Մենք այլևս չենք արտահանելու»:




Լրահոս