ՀՀ ԳՆ-ն այն գերատեսչությունն է, որի հետ առնչվում են գրեթե բոլոր ՀՀ քաղաքացիները ու ամեն անգամ կառույցի հետ «գործ» ունենալիս հասկանում են, որ սույն նախարարությունն ուղղակի զբաղված է «նկարչությամբ»: Ցանկացած գյուղացու հետ զրուցելիս պարզ է դառնում, որ նա խնդիրներ ունի իր բերքի իրացման ու մնացած հարցերում, սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարում է՝ ամեն ինչ «հրաշալի» է, աննախադեպ բերք են ունեցել, իսկ գյուղացիներն էլ գոհ են:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանն այն նախարարների թվին է դասվում, որը կարողանում է շատ արհեստավարժ ձեւով խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց. Կարապետյանի «լեզուն» որեւէ լրագրող չի հասկանում, քանի որ իրեն ուղղված ցանկացած հարցից հետո նախարարը վրդովվում է ու արագ հեռանում: Ընդ որում, այնպես արագ, որ որեւէ լրագրողի չի հաջողվում հասնել ու պարզել, թե ինչն է նրան վրդովվեցրել:
Առաջին հայացքից ու նախարարության պաշտոնական հաղորդագրություններից կարելի է կարծել, որ ՀՀ-ում աշխատում է միայն գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը. մարզեր է այցելում, լուսանկարվում տարբեր պտուղ-բանջարեղենների «հետ» ու շատ լուրջ դեմքով տպավորություն ստեղծում, թե խորամուխ է լինում մարզերի բնակիչների խնդիրներին: Բայց այս տարիների ընթացքում պարզվել է, որ նախարարը դա անում է միայն իր փիառի համար, քանի որ նրա ասածները մնում են թղթի վրա, իսկ լուսանկարները «ընդգրկվում» են նրա ֆոտոալբոմում որպես հուշ:
Ասվածին օրինակ հիշեցնենք հուլիսի 1-ին Շիրակի մարզ կատարած այցը, երբ նախարարը մեկնել էր՝ դիտարկելու սերմնաբուծության եւ սերմնարտադրության, օրգանիկ այգիների հիմնման պետական ծրագրերի արդյունքները:
Հենց այդ այցի ժամանակ էլ նա հայտարարել էր, թե այս տարի ցորենի ցանքատարածություններից բարձր երաշխավորված բերք է սպասվում: Եկավ բերքահավաքի ժամանակը, եւ գյուղացին կրկին հայտնվեց խնդրի առաջ. բերքը չեն գնում այն գնով, որը սահմանվել էր նախապես:
Սակայն դա ամենեւին չի խանգարում, որ գյուղնախարարությունում, հետեւելով իրենց ղեկավարի օրինակին, անընդմեջ հայտարարեն, որ իրենք գյուղացու կողքին են ու ցանկացած հարցում կաջակցեն: Թերեւս այստեղ արդեն հասկացել են, որ անկախ իրենց հայտարարություններից` գյուղացին հույսը դնում է ինքն իր վրա ու իր գործունեությունը ծավալում է այնպես, որ որեւէ կապ չունենա նշված գերատեսչության հետ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ