Ով է դատավոր Մնացական Մարտիրոսյանը և ինչու է «ջրից միշտ չոր դուրս գալիս»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ օգոստոսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով: Սակայն որոշ Ժամանակ անց օմբուդսմենի դիմումը մերժվեց: «Ժողովուրդ»-ին հանժնաժողովի որոշումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես են օրենքը խախտելով Կարեն Անդրեսայանի դիմումը մերժել:

Նշենք, որ օմբուդսմենը դատավորին պատժելու համար հիմք էր ընդունել Արթուր Այվազյանի` հայտնի Մանախի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը:

Փաստաբանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանից խնդրել էր իր պաշտպանյալի մասով վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով մերժվել էր փոխել Արթուր Այվազյանի ռեժիմը: Բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր պաշտպանի բողոքը: Ինչպես նկատում ենք՝ Հայկ Ալումյանը ձեռքերը ծալած չէր նստել եւ առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քրեական դատարանում, ինչի արդյունքում հուլիսին դատարանը մասնակիորեն բավարարել էր Ալումյանի վերաքննիչ բողոքը՝ փոխելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Եվ, ահա, օմբուդսմենը համարել է, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից եւ թույլ տվել ՀՀ քրեական դատավարության դրույթների ակնհայտ եւ կոպիտ խախտումներ:

Ահա, այս հիմքով Կարեն Անդրեասյանը դիմել էր դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Եվ, ահա, հրապարակումից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ հանձնաժողովը որոշում է կայացրել Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցել, քանի որ ուսումնասիրելով ներկայացված հաղորդումը եւ ամփոփելով պարզված հանգամանքները` գտել է, որ դատավորի կողմից թույլ չեն տրվել նյութական եւ դատավարական նորմերի էական, անվիճելի եւ անհերքելի խախտումներ:

Ո՞վ է դատավոր Մացոն

Նկատենք, որ Մնացական Մարտիրոսյանը պատահական դատավոր չէ: Վերջինս հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերներ կատարող, ավելի կոնկրետ՝ քաղաքական պատվերների դատավոր: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ մարտի 1-ից հետո «7»-ի գործի քննությամբ ու ակնհայտ շինծու դատավճիռների հրապարակմամբ: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ: Որպես քաղաքական դաշտի հովանավորյալը, ըստ էության, Մնացական Մարտիրոսյանին պատժելը, կասկածելի էր թվում: Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց հասկանալ, թե ինչ հանգամանքներում հանձնաժողովի անդամ դատավորները որոշում կայացրին:

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը

Ինչպես գիտենք՝ 2015 հուլիսի 25-ին դատավորների ընդհանուր ժողովը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ էին ընտրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյանին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանին, Կենտրոն դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանին եւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանին:

Ուշագրավ է, որ Մնացական Մարտիրոսյանը հանդիսանում է հենց նույն հանձնաժողովի անդամ, եւ ենթադրվում էր, որ դժվար թե այդ հանձնաժողովը նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեր: Ինչեւէ:

«Ժողովուրդ»-ը էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ դատավորներից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վախն էր, որ չկարողացան պատժել Մնացական Մարտիրոսյանին, թե այլ խնդիր կար:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյան

-Պարո՛ն Թորոսյան, վախեցա՞ք պատժել Մնացական Մարտիրոսյանին:

-Ես արձակուրդում եմ եղել եւ տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը:

-Իսկ եթե հանձնաժողովի անդամները բացակայում են, հնարավո՞ր է նիստ հրավիրել եւ որոշում կայացնել:

-7 հոգի են, եթե 4-ն էլ լինեն, բավարար է:

-Լավ, իսկ որպես հանձնաժողովի անդամ՝ ի՞նչ եք կարծում՝ Ձեր մյուս գործընկերները ինչո՞ւ պետք է վախենային պատժել Մնացական Մարտիրոսյանին:

-Չէ, եթե անդամներից մեկի հարցն է, ապա նա չի մասնակցում: Ես զբաղված եմ, այլ բան չեմ կարող ասել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն էլ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:

Իսկ, ահա, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանից տեղեկացանք, որ դատավոր Գագիկ Ավետիսյանն արձակուրդում է եւ աշխատանքի կվերադառնա օգոստոսի 21-ին:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանը եւս արձակուրդում է, եւ, ըստ էության, նշված դատավորները, ինչպես Սամվել Թորոսյանը, չեն մասնակցել հանձնաժողովի նիստին:

Հաշվի առնելով, որ Մնացական Մարտիրոսյանն էլ նույն հանձնաժողովի անդամ է եւ հիմք ընդունելով դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կանոնակարգը՝ ըստ որի՝ հանձնաժողովի անդամի կողմից դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի կատարման վերաբերյալ հարցի քննարկմանը հանձնաժողովի տվյալ անդամը չի մասնակցում, ապա ստացվում է, որ դատավորներից 4-ը չեն մասնակցել Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը: Մինչդեռ հենց Սամվել Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովի անդամների 4-ի ներկայության դեպքում կարող էր որոշում կայացվել:

Ուսումնասիրեցինք նաեւ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կանոնակարգը, որտեղ հստակ գրված է, որ հանձնաժողովի որոշումն ընդունվում է, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների մեծամասնությունը: Բայց, ինչպես պարզվեց, 7 դատավորներից 4-ը չի մասնակցել ժողովին, ու հետաքրքիր է՝ օրինական ի՞նչ հիմքով են դատավորներն իրենց գործընկերոջը պաշտպանող որոշում կայացրել:

Այս որոշումն էլ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համար կարող է լրացուցիչ դիմում ներկայացնելու հիմք հանդիսանալ:

Քնար Մանուկյան




Լրահոս