ՀՀ Սյունիքի մարզի Առաջաձոր համայնքի բնակիչներն առանձնապես հետաքրքրված չեն նոր սահմանադրության նախագծով: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Առաջաձորի դաշնակցական գյուղապետ Դավիթ Մովսեսյանի հետ:
-Պարո՛ն Մովսեսյան, նոր Սահմանադրության նախագծի շուրջ ի՞նչ տեսակետ ունեք:
-Իմ կուսակցական պատկանելիությունը «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ն է, եւ ես սահմանադրական բարեփոխումների կողմնակից եմ: Ճիշտն ասած՝ ամբողջությամբ չեմ հասցրել ուսումնասիրել, ընթացքում որոշ հարցեր են առաջացել իմ մոտ, բայց ընդհանուր նախագիծն իմ կողմից ընդունելի է: Այսօրվա մեր Սահմանադրությունն էլ վատը չէ, ինչն էլ որ փոփոխեն կամ չփոփոխեն, այնուամենայնիվ, մեր հանրապետության մեջ Սահմանադրություն պետք է կիրառվի:
-Դուք Ձեր տեսակետը կուսակցության ներսում հայտնե՞լ եք, քննարկե՞լ եք:
-Առայժմ՝ ոչ: Նման քննարկումներ անպայման կլինեն: Երբ պահը գա, ամեն ինչն էլ կլինի: Մինչ այդ մեր կուսակցությունն էլ հաշվի կնստի, կբացատրի, մի խոսքի կգանք:
-Պարո՛ն Մովսեսյան, գյուղացիներն ի՞նչ են մտածում այս մասին:
-Այսօր գյուղում մնացել են ընդամենը 70-80 տարեկան մարդիկ, իսկ նրանք ապրում են միայն իրենց թոշակով ու մտածում են օրվա մի կտոր հացը վաստակելու մասին: Այսօր գյուղացին սահմանադրական փոփոխություններին բացարձակ տեղյակ չէ: Մեկը կարող է այո ասել, մյուսը՝ ոչ, բայց առանց գիտակցելու, թե ճիշտը որն է, սխալը՝ որը:
-Այնուամենայնիվ, չե՞ք նախատեսում գյուղացիների հետ այս թեմայի շուրջ ժողով անցկացնել:
-Այս կարգի քննարկումներ գյուղում չեն լինելու: Ոչ մի ժողով էլ չենք անցկացնելու: Ինձ հարցնեն, ես իմ կարծիքը հայտնեմ, կդառնա, որ ագիտացիա եմ անում: Եթե իրենք հարցեր կունենան, ինձ հետ առանձին կքննարկեն: Իսկ ժողով անցկացնել չի նախատեսվում: Ես չեմ խառնվելու ու ոչ մեկի վրա ճնշում չեմ գործադրելու:
-Իսկ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն ուսումնասիրելիս կոնկրետ ո՞ր կետերն եք ընդունում:
-Գուցե՞ դեռ փոփոխության այն ենթարկվի: Բայց եթե այսօր նախագահի ինստիտուտը ճիշտ գործի, ապա ամեն ինչ լավ կլինի: Սահմանադրության որոշ կետեր, եթե հիմա օգտագործվեր, լավ կլիներ: Մեզ պետք չէր Սահմանադրությունը հենց այս պահին փոխել, քանի որ ավելի կարեւոր գործեր ունենք մեր պետության մեջ, որոնք լուծման կարիք ունեն:
-Իսկ Ձեր կուսակցությունում առաջիկայում այս թեմայի շուրջ ե՞րբ կլինի քննարկում:
-Գերագույն մարմինը կորոշի: Այս պահին հստակ չէ: Առաջիկայում հաստատ քննարկում կանցկացվի: Շատ հնարավոր է, որ մեր կուսակցությունը դաշտն ազատ թողնի, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքն ազատ արտահայտի:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ