“X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատական արշավ է սկսել “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: Հունվարի 25-ին նրա կողմից Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել թվով 2-րդ հայցադիմումը: Այս անգամ եւս օլիգարխն իբր իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար պահանջում է 3 մլն դրամ (եւս 200 հազար՝ փաստաբանների աշխատանքի համար): Փաստորեն, Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով “Ժողովուրդ” օրաթերթից պահանջում է 6 մլն 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ խոսքն այն օլիգարխի մասին է, որն իրեն անցանկալի հարց տալու համար “Ժողովուրդ”-ի թղթակցին անվանել էր “պրաստիտուտկա”՝ պահանջելով դա եւս հրապարակել: Արդյունքում “Ժողովուրդ” օրաթերթը Խաչատրյանի հրապարակային ներողությանը կես ամիս սպասելուց հետո դեկտեմբերի 28-ին հայց ներկայացրեց` գործարարից պահանջելով ներողություն խնդրել: Եւ ահա, “Ժողովուրդի” հայցադիմումից 12 օր անց միայն հասկանալով, որ ինքը եւս վիրավորվել է, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել՝ ներողությունից խուսափելու համար:
“Ժողովուրդ” օրաթերթը հայտնում է, որ մինչեւ վերջ կպայքարի իր արժանապատվությունը արդեն 6 մլն դրամ գնահատող Խաչիկ Խաչատրյանի “դիմակը պատռելու” համար: Կարծում ենք՝ բոլորին էլ հասկանալի է, որ այդ պարոնը խնդիր է դրել խոչընդոտել օրաթերթի բնականոն գործունեությունը: Բայց հատուկ Խաչատրյանի եւ նրա հովանավորների համար ընդգծենք, որ “Ժողովուրդ” օրաթերթը կշարունակի տպագրվել անխափան՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: