Ոստիկանությունը բացահայտել է Սարի թաղում օրերս կատարված սպանությունը:
Հունվարի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Սերգեյ Գալստյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց անհայտ անձը հրազենից կրակել եւ սպանել էր Ս. Գալստյանին:
Հունվարի 29-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել էր հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 5-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել Էրեբունու բաժնի կողմից հունվարի 31-ից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի, 112 հոդվծաի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1965 թ. ծնված Էդիկ Հակոբյանը: Նա կամավոր ներկայացրել է սպանության գործիք ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 9 մմ տրամաչափի 4 փամփուշտով եւ 1 կրակված պարկուճով` հայտարարելով, որ այդ ատրճանակով է կատարել սպանությունը:
Էդիկ Հակոբյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: