«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունները հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեր տեղեկություններով, իրավապահներն սկսել են ուսումնասիրել Բուռնաշի` իրեն դիտավորյալ սնանկացնելու մասին հայտարարությունները: Այդ ամենի հետեւում պատգամավորը տեսնում է Գագիկ Ծառուկյանին եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Այժմ պատգամավորն իր սնանկացման մեջ նրանց է մեղադրում, միեւնույն ժամանակ շեշտում, թե ՀՀ նախագահին չի դիմել: Մեր տեղեկություններով, երբ Բուռնաշն այդ թեմայով փորձել է զրուցել Գագիկ Խաչատրյանի հետ, վերջինս ասել է՝ դիմիր առաջինին, այսինքն՝ նախագահին: Այժմ իրավապահներն սկսել են ուսումնասիրել նրա հայտարարությունները, սակայն դրանց ընթացք կտրվի այն ժամանակ, երբ պատգամավորը հաղորդում ներկայացնի հանցագործության մասին:
Սակայն Աղաբաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ չի պատրաստվում դիմել իրավապահներին, քանի որ վստահ չէ, որ իրեն նման տեղեկություններ փոխանցած անձինք նախաքննության մարմինների մոտ կհաստատեն իրենց ասածը:
Մյուս կողմից, մեր տեղեկություններով, իրավապահները քննարկում են նաեւ «կեղծ սնանկացման» վարկածը: Սակայն բոլորը հետեւում են՝ արդյոք ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կնոջ եղբայրը դուրս կգա՞ իշխանությունների դեմ՝ հանուն իր բիզնեսը փրկելու, թե՞ ոչ, կտեսնենք առաջիկայում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: