Հուլիսի 30-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2011-ից սկսած Հայաստանում ամենուրեք տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավտոմեքենաների թույլ տված խախտումներն արձանագրել են, սակայն տույժի ենթարկելու վարչական ակտը օրինախախտներին չի առաքվել:
Այս տարվա սկզբին, երբ նախագահի վերահսկողական ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում ստուգումներ է անցկացրել, պարզել է այդ ամենն ու զեկուցել Սերժ Սարգսյանին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին հայրենի պետական պաշտոնյաները ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումից նամակներ են ստանում առ այն, որ 2014 թվականին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտել են ու չեն վճարել:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արմեն Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է ՃՈ-ն հիմա միայն որոշել «պատժել» պաշտոնյաներին:
-Պարո՛ն Հակոբյան, ինչո՞ւ են բարձրաստիճան պաշտոնյաները նոր տեղեկանում, որ ճանապարհային երթեւեկության կանոններ են խախտել մոտ մեկ տարի առաջ, ինչո՞ւ եք որոշել հիմա «պատժել»:
-Կոնկրետ, խնդրում եմ՝ գրավոր գրեք, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը, որ ժամանակահատվածի խախտում է, ու երբ են ստացել, ես կասեմ՝ Ձեր գրավոր հարցերին կպատասխանեն:
-Օրինակ՝ 2014 թվականի խախտումների վերաբերյալ գրեթե բոլոր պաշտոնյաները գրություն են ստացել, գործը «հասել» է ԴԱՀԿ-ը, ինչո՞ւ էր ՃՈ-ն մինչեւ այժմ աչք փակում այդ խախտումների վրա:
-Եթե խախտում եղավ, որոշակի ժամանակահատված հետո մարդը ծանուցում է ստանում այդ խախտման մասին, դա ավտոմատ համակարգ է, իսկ պաշտոնյաների խնդիրը կարող է կապված լինել հարցմանը ուշ պատասխանելու հետ, այսինքն՝ պաշտոնյաների մեքենաները որոշակի մարդու է, չէ՞, կցված, վարորդն է ստանում, պաշտոնյան չի ստանում, կարող է՝ դրա պատճառով ուշ է եղել: Գրավոր գրե՛ք Ձեր հարցերը, կասեմ՝ Ձեզ կպատասխանեն:
-Բայց այդ ուշացումը տարիներով է եղել, թե՞ պայմանավորվածություն է եղել ուղղակի ՀՀ պաշտոնյաներին չտուգանել:
-Բոլորի մեքենաները, բոլորի վարորդները օրենքի առաջ հավասար են, իրականում նման բան չկա: Մեղքը նրանցն է եղել, եթե, իհարկե, նման բան եղել է:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ