Որքան էլ պաշտոնական վիճակագիրները ջանում են, չեն կարողանում թաքցնել տնտեսության ծանր վիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա յոթ ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսական աճ է արձանագրվել, այն էլ ոչ ավել, ոչ պակաս, 4,2 տոկոսով: Նման թիվ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ԱՎԾ-ն ոչ թե կատարել, այլ անգամ գերակատարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` տնտեսական աճ արձանագրելու վերաբերյալ հրահանգը, որը, ինչպես հայտնի է, նա հնչեցրել էր ՀՀ Կառավարության այս տարվա մայիսի 21 նիստում:

Որքան էլ պաշտոնական վիճակագիրները ջանում են «պլպլացրած» թվեր հրապարակել, միեւնույն է, չեն կարողանում թաքցնել Հայաստանի տնտեսությունում առկա ծանր կացությունը: Ինչպես նախորդ ամիսներին, հուլիսի ամփոփ արդյունքներով եւս առեւտրի շրջանառությունը նվազել է 4,7 տոկոսով: Հայտնի է, որ գյուղմթերքի առեւտրի ակտիվացման շնորհիվ ամռան ամիսներին եւ հատկապես հուլիսին առեւտրաշրջանառության ծավալները էապես մեծանում են: Սակայն, ինչպես տեսնում ենք, այս հանգամանքը միեւնույն է՝ բավարար չի եղել իրավիճակը շտկելու համար: Այսինքն՝ սպառողների դրամական միջոցները հուլիսին եւս շարունակել են նվազել, ինչպես մինչ այդ:

Պաշտոնական տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալները յոթ ամիսների արդյունքներով աճել են 4,1 տոկոսով: Սակայն այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները ներկայացված են դրանց գումարային արտահայտությամբ: Այսինքն՝ գնաճը եւս այս դեպքում նպաստել է, որ պաշտոնական վիճակագիրները աճ «նկարեն»: Ի դեպ, նույն պաշտոնական տվյալներով այս տարվա յոթ ամիսներին գնաճը կազմել է 5 տոկոս: Այլ կերպ ասած՝ եթե գնաճը հանենք, ապա կստացվի, որ արդյունաբերության աճ ոչ միայն չի եղել, դեռ մի բան էլ անկում է եղել: Այսինքն՝ այս տարի անցած տարվանից մոտ 1 տոկոսով քիչ ապրանք է արտադրվել, բայց քանի որ այն ավելի թանկ գնով է հաշվարկվել, դրա գումարային արժեքն ավելի մեծ է ստացվել:

Յոթ ամիսների արդյունքներով Հայաստանից արտահանվել է 809 միլիոն 300 հազար դոլարի ապրանք, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 4,4 տոկոսով: Ի դեպ, արտահանման անկման ծավալների թիվը փոքրացել է մեկ ապրանքի` պղնձի խտանյութի արտահանման ծավալների կտրուկ` մոտ 30 տոկոս աճի շնորհիվ: Իհարկե, հրապարակված տվյալներում առանձին ապրանքատեսակների արտահանման տվյալները նշված չեն, սակայն դեռեւս այս տարվա սկզբից նկատելի է, որ պղնձի խտանյութի արտահանման ծավալները հանքատերերը զգալի ավելացրել են:
Ինչ վերաբերում է ներմուծման ծավալներին, դրանք, անցած տարվա յոթ ամիսների համեմատ, նվազել են 30,7 տոկոսով:

Ուշագրավ է, որ պաշտոնական վիճակագիրները շինարարության ոլորտում ամբողջ թվով աճ չեն կարողացել գրել եւ բավարարվել են 0,4 տոկոսանոց աճ գրելով: Տվյալ դեպքում խանգարող հանգամանքը, թերեւս, եղել է այն, որ անշարժ գույքի գները Հայաստանում շարունակում են իջնել: Իհարկե, պաշտոնական տվյալներում անշարժ գույքի գների նվազման մասին ոչինչ չի նշվում: Ավելին՝ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ վերջին ամիսներին հրապարակված բոլոր պաշտոնական վիճակագրություններում ներկայացվում է, թե իբր շուկայում գնային փոփոխություն տեղի չի ունեցել:

Ի դեպ, ՀՀ Կառավարության` անցած շաբաթ տեղի ունեցած նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել էր հանրությանը փոխանցել վիճակագրական տվյալների դրական ազդակները: Իհարկե, դրական ազդակ «հաղորդելն» ամեն դեպքում լավ է: Բայց տվյալ դեպքում ուշագրավ կլիներ իմանալ, թե, ասենք, այն սպառողին, որ անցած տարվա համեմատ 5 տոկոսով աղքատացել է եւ քիչ է առեւտուր անում, Կառավարության անդամներն ինչպես են «ազդակներով» հարստացնելու:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս